
Մենք ճշտեցինք՝ Ձեր ընտրատարածքում՝ թիվ 11-ում ԲՀԿ պատգամավոր Գրիգորի Մարգարյանն (Բելաջիոյի Գրիշ) անցավ, որին սատարում էր նաեւ ՀՀԿ-ն: Նրա՞ կողմից է բաժանվել ընտրակաշառքը՝ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Իհարկե: Եթե ինքն է հաղթել, ուրեմն իր կողմից է»: Մենք հետաքրքրվեցինք՝ ապացույցներ կա՞ն, որ նա ընտրակաշառք է բաժանել՝ տիկին Բիշարյանը պատասխանեց. «Ես ասում եմ այն, ինչ իմ ընտրազանգվածն է ասել: Իմ ընտրազանգվածը քիչ չի եղել՝ մոտ 13 հազար: Նրանք ասել են, որ հակառակորդների կողմից գումար է բաժանվել, դրա համար մենք պարտվեցինք: Ես պարտավոր եմ իմ ընտրողներին հավատալ, իմ շտաբի աշխատողներին, իմ բակի, իմ շենքի բնակիչներին, որոնք համատարած տեսնում էին, թե ինչ էր կատարվում»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն «Ա1+»-ին ասել էր, որ մեծամասնական ընտրատարածքների դեմ խոսում են հեղինակություն չունեցող մարդիկ: Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Նման թաղային հեղինակությունները կարող են համարձակորեն պաշտպանել մեծամասնական ընտրակարգը, որովհետեւ իրենք չեն կարող հայտնվել քաղաքական ուժի համամասնական ցուցակում՝ իրենց թաղային հեղինակություն լինելով հանդերձ: Դրա համար իրենց ձեռք է տալիս մեծամասնական ընտրակարգը»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ կուսակցություներին պատիվ չի՞ բերում Մհեր Սեդրակյանի պես անձանց մտցնել համամասնական ցուցակ՝ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Այո: Ես վստահ եմ, որ որեւէ քաղաքական ուժ այդ թաղային հեղինակություններին չի վերցնում ցուցակ: Դրա համար իրենք պաշտպանում են մեծամասնական ընտրակարգը, որ թաղային հեղինակություններով, ճնշումներով, մենք գիտենք, թե Էրեբունի համայնքում ինչպիսի ընտրություններ տեղի ունեցան՝ ճնշումներով, լցոնումներով ընտրվում են որպես մեծամասնական թեկնածուներ: Դրա համար նրանք պաշտպանում են, կոնկրետ նա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































