
Պաշտոնական Երևանը շարունակում է մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ ԲՀԿ-ն էլ շարունակում է մանևրել իր դարակազմիկ որոշման համատեքստում՝ շարունակելով հետաձգել այդ որոշումը: Սակայն այս ամենն արդեն ոչ միայն անլրջություն է, այլ նաև ողբերգական անլրջություն, որովհետև երկրի, հասարակության, ժողովրդի, պետության խնդիրները արդեն աչք են ծակում, արտագաղթը հասնում է ահագնացող չափերի, ահագնանում են նաև արտաքին ստրատեգիական մարտահրավերները, և այս պայմաններում թվում էր, որ պետության մեջ որևէ կարողունակ գործիչ կամ ուժ պետք է առաջինը հայտարարեր ընտրությանը մասնակցելու հստակ դիրքորոշման և օրակարգի, կամ էլ հակառակը` ընտրությունը բոյկոտելու և պետության կենսական խնդիրների համար որևէ հանգուցալուծման այլընտրանքային տարբերակ կամ մեխանիզմ հռչակելու մասին:
Սակայն Հայաստանում այսպես կոչված՝ թոփ գործիչները շարունակում են մուկնուկատու խաղալ պետության և ժողովրդի հետ, իսկ իրար հետ պարզապես շարունակում են իշխանության կարկանդակի շուրջ առևտուրը՝ դա ներկայացնելով որպես աննախադեպ քաղաքական կոնսուլտացիաներ, որպես ինչ-որ նոր քաղաքական մշակույթ: Իրականում այստեղ ոչ մի նոր մշակույթ չկա, կա ընդամենը նոր շղարշ, պետության և հասարակության հանդեպ ծաղրի նոր տարբերակ, որն իրականացվում է լուրջ դեմքով: Մյունհաուզենի ասած՝ այն նույն լուրջ դեմքով, որով աշխարհում կատարվում են բոլոր դժբախտությունները:
«Ժամանակ»


















































