
Ըստ փաստաբանի, ազատամարտիկը չի կարող ներկայանալ դատական նիստերի, քանի որ սոված է, վատ է զգում իրեն, արդեն երկրորդ տարին է` նրան զրկել են թոշակից, և այս ամենի հետ մեկտեղ էլ հիվանդ է ու կալանք է դրված նրան հասանելիք դեղերի վրա:
« Նրան թոշակ չեն տրամադրում`նշում են, որ դու 2-րդ խմբի հաշմանդամ չես, այս պատճառով մարդը հյուծվել է, ցանկանում է անվճար բուժօգնություն ստանալ, բայց չի կարողանում, իսկ վճարովի ինքը հնարավորություն չունի, այդ պատճառով էլ երեկ չկարողացավ դատական նիստին ներկայանալ: Դատարանը պահանջեց, որպեսզի համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնենք այն մասին, որ ինքը վատառողջ է, ես էլ ասել եմ Հովհաննես Բաղդասարյանին` դիմի բոլոր բժշկական հիմնարկներին, որտեղ քեզ անվճար կընդունեն, գնա բուժվի: Եթե չեն ընդունի` թող գրավոր պատասխան տան, որ անվճար բուժօգնություն չեն տրամադրում: Մենք էլ պատասխանը բերենք-ներկայացնենք դատարանին: Նա եղել է Երևանի «Սթրես» կենտրոնում, այնտեղից հայտնել են, որ մեր մոտ միայն հաշմանդամության կարգ ունեցողները կարող են անվճար բուժօգնություն ստանալ, դուք չեք կարող»:
Ըստ փաստաբանի, ազատամարտիկը այժմ պառկած է տանը: «Մարդը այնքան վատ կենցաղային պայմաններում է ապրում, այնքան սոված է ապրում, որ նշում է, թե ավելի ձեռնտու կլիներ գտնվել քրեակատարողական հիմնարկում, քան թե լինել ազատության մեջ, քանի որ ազատության մեջ նրան զրկել են ապրելու տարրական պայմաններից»,- ասում է Թամարա Յայլոյանը:
Կարդացեք նաև
Նախորդ դատական նիստի ընթացքում հիվանդ ազատամարտիկը, ասելով, որ իրեն շատ վատ է զգում, դատախազ Հարություն Հարությունյանին խնդրում էր միջնորդել, որպեսզի իրեն ընդունեն հիվանդանոց, գնա մի քիչ բուժվի` նոր սկսեն դատել:

Թամարա Յայոլյանը նաև նշեց, որ խախտվել է Հովհաննես Բաղդասարյանի անմեղության կանխավարկածը, նա պետք է համարվի 2-րդ կարգի հաշմանդամ: «Մեղադրական եզրակացության մեջ ևս նշված է, որ նա 2-րդ խմբի հաշմանդամ է, սակայն ուր որ դիմում է, ասում են՝ դուք հաշմանդամ չեք, ձեր հաշմանդամության կարգը կասեցվել է»:
Փաստաբանի ներկայացմամբ, դատի ընթացքում նույնիսկ դատաձեռագրական փորձաքննություն չեն նշանակել: «Բերում, ցույց են տալիս բժշկին, ասում են հարգելի բժիշկ, սա ձեր ստորագրությո՞ւնն է, նա էլ պատասախանում է` իմը չէ, բերում ցույց են տալիս Տիտանյանի որդուն, հարցնում են` սա ձեր հոր ստորագրությո՞ւնն է, ասում է `չէ, այդ ո՞ր օրվանից անձի սուբյեկտիվ կարծիքը փոխարինվում է փորձագետի եզրակացությամբ: Բժիշկը եկել է դատարան ասում է` էպիկրիզը անգրագետ է գրված, սրանից պետք է հետևություն անել, որ սա կեղծ փաստաթուղթ է: Ես էլ ասում եմ` այդ էպիկրիզը ներկայացվել է ռազմական կենտրոնական բժշկական հանձնաժողովին, և էդ հանձնաժողովի նախագահն որ կարդաց կամ հանձնաժողովի մյուս բժիշկները ներկայացման պահին չհասկացա՞ն, որ անգրագետ է: Եթե բժշկական տերմինոլոգիա օգտագործված չէ, չէի՞ն կարող ժամանակին զանգահարել այդ բժշկին ու ասել` ձեր ստորագրությամբ փաստաթուղթ են բերել, որը բժշկության հետ կապ չունեցող բան է, այդ պահին այդ մարդն էլ կասեր` կներեք, ես չեմ ստորագրել, նման էպիկրիզ չեմ տվել ու ամեն հարց կվերջանար: Բայց եթե ընդունել են, գտել են, որ այդ գրածը ճիշտ է, ուրեմն թող հետ գնան այն մարդկանց, ովքեր այդ բոլոր փաստաթղթերը վերցրել են ու այդ անգրագիտությունը չեն տեսել: Թող նրանց մասնագիտական –բժշկական գիտելիքների վերաբերյալ մի հատ քննություն կատարեն ու պարզեն` իրականում նրանք գիտելիք ունեի՞ն, թե իրականում չեն ուզում տեսնել` իրականում ճիշտ է գրված, բայց այսօր ուզում են ներկայացնել, որ սխալ է գրված», -հարցնում է փաստաբանը:
Նշենք, որ տարբեր հուշամեդալներով պարգևատրված ու չորս տարի շարունակ`1993-1994 թվականները ԼՂՀ-ում կռված ազատամարտիկը գեներալ Մանվելի զորախմբից եղել, նա նաև Սերժ Սարգսյանի կուսակիցն է` ՀՀԿ-ական, և այսօր դատարանում վիճարկվում է պատերազմի դաշտում նրա կոնտուզիա ստանալ-չստանալու հարցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































