
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում՝ Սեւ ծովի ափից երկու մետր հեռավորության վրա, 64-ամյա կնոջ մարմին էր հայտնաբերվել, նաեւ՝ նրա անձնական իրերը։ Հայտնի է, որ մահացածը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի մայրն է՝ Նաթելա Գալստյանը։
Այժմ հարազատները տեղյակ են կատարվածից, եւ ողջ գյուղը խոսում է այդ մասին։ Համագյուղացիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ Նաթելան վերջին մի քանի տարիներին հոգեկան խնդիրներ է ունեցել։ «Նրա եղբայրների ընտանիքները՝ Նաիրիի երկու մորեղբայրները, այժմ ապրում են գյուղում։ Նրանք ոչ ոքի հետ չեն շփվում։ Շատ փակ մարդիկ են։ Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո այդպես խառնվեցին, ու նույնիսկ հարազատներով իրար հետ չեն խոսում։ Իսկ Նաթելն էլ երկար տարիներ գյուղում չի եղել։ Ահագին ժամանակ է՝ ապրում էր Ուկրաինայում»,- պատմեցին մի քանի գյուղացիներ։
Տեղեկացանք, որ մահացածի եղբայրներից Վրույրը հրաժարվել է հետաքրքրվել իր մահացած քրոջով։ «Ասաց, որ ինքն ընդհանրապես գործ չունի Նաթելի հետ։ Իսկ մյուս եղբայրը՝ Վազգենը, որի հետ միաժամանակ ապրում է նաեւ նրանց ծեր մայրը, այնքան աղքատ է, որ չի կարող համապատասխան գումար տրամադրել աճյունի տեղափոխման համար։ Մայրն ամեն օր լացում է ու պահանջում, թե գնացե՛ք, իմ էրեխուն բերե՛ք։ Բայց ֆինանսական միջոցները չեն բավարարում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նա մեզ տեղեկացրեց նաեւ, որ Նաիրին մի եղբայր ունի, որը գտնվում է հենց Եվպատորիայում։ Իսկ Նաթելայի ամուսնու կողմից ոչ մի արձագանք չկա։ Նշենք, որ Հունանյանի ծնողները երկար տարիներ է, ինչ ամուսնալուծված են։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Ժողովուրդ»


















































