Վրացի գրքամոլն ասում է՝ մեղավոր չեմ, եւ որ ինքը գործարքի դիմաց վճարել է

Գրադարանում պահպանություն իրականացնող ոստիկանը՝ Դավիթ Ղամբարյանը (պաշտպան՝ Էդիկ Աղաջանյան), մեղադրվել էր նշված խմբին օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի կողմի (մեղադրող՝ Ա.Նադոյան), նա բացել էր գրադարանի դուռը, որպեսզի Վաժան ծանոթանա այնտեղ եղած գրքերին:
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Վաժան,Կարեն Հովհաննիսյանը, Վարդան Եղիազարյանը պետք է մտնեին գրադարան, բայց բերման են ենթարկվել ոստիկանների կողմից:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի, մեղադրական եզրակացությունն անորոշ ձեւակերպումներ ուներ, եւ պարզ չէ, թե «առանձնապես խոշոր չափերի գողության փորձ» ասելով, արդյոք, ճշտվել է, թե գողացվելիք գույքի գումարը որքան է կազմել, ինչ գրքեր պիտի հափշտակվեին, հաշվառվա՞ծ էին այդ գրքերը, ինչպիսին էր դրա պատմամշակութային արժեքը:
Նա ասաց, որ իր պաշտպանյալն ունի 3 անչափահաս երեխա, նախկինում արատավորված չի եղել, 1 տարի է՝ գտնվում է կալանքի տակ, եւ դիմելով դատարանին միջնորդեց, որ եթե ազատազրկման ձեւով պատիժը նշանակվի, դատարանն այն պայմանականորեն չկիրառի:
Վաժա Ազիարաշվիլին գրավոր դիմել էր դատարան՝ երկրորդ պաշտպան ունենալու խնդրանքով: Դատավորը հարցրեց, թե, արդյոք, նա պնդո՞ւմ է իր խնդրանքը: Վրացի ամբաստանյալն ասաց, որ չի ուզում, որից հետո նրա պաշտպան Արտավազդ Փարսադանյանը հանդես եկավ պաշտպանական ճառով: Ի դեպ, վրացի ամբաստանյալն ապահովված է բարձրակարգ թարգմանով: Պաշտպանն ասաց, թե դատաքննության ժամանակ չգտնվեցին բավարար ապացույցներ, եւ մեղադրողը հետեւաբար, իր տպավորությամբ, պետք է հրաժարվեր մեղադրանքից:
Նա ասաց, որ Վաժան գողության կասկածանքով է բերման ենթարկվել ոստիկանությունում, որպես վկա հարցաքննել են, մարմնին առկա են եղել բռնության հետքեր:
Պաշտպանը միջնորդեց, որպեսզի արդարացվի Վաժան, եւ նրան վերադարձվի Հասմիկ Դուրգարյանի մոտ ի պահ տված նրա 9000 դոլարը, որը, ըստ նախաքննության մարմնի, գործարքի արդյունք է:
ԵՊՀ 61-ամյա աշխատակից Հասմիկ Դուրգարյանի պաշտպան Բորյա Չիլինգարյանն ասաց, որ Վաժայի կողմից ի պահ տված գումարը կապ չունի գրքերի հետ: Հ. Չիլինգարյանին հարցաքննել են 5 անգամ, կատարվել է առերեսում Վաժայի հետ:Այս պաշտպանի ճառում էլ արծարծվեց այն միտքը, թե գույքի իրական չափը հայտնի չէ, եւ որ երբեք գույքագրում չի կատարվել գրադարանում:
Ավելին, ըստ մեղադրական կողմի, խոսք է գնում 5 միլիոնից ավելի վնասի մասին, մինչդեռ, այս նույն գործով, տուժող կողմը քաղաքացիական հայց է ներկայացրել 13 միլիոնից ավելի դրամ վնասի պահանջով:
Պաշտպանը դատարան էր ներկայացրել շնորհակալագրեր, մասնավորապես Արցախի պետական համալսրանից, Քաշաթաղի շրջանից, տիկին Հասմիկի բարեգործությունների հետ կապված:
Նա միջնորդեց ազատազրկման ձեւով պատիժ սահմանելու դեպքում, այն պայմանականորեն իր պաշտպանյալի նկատմամբ չկիրառել:
Ամբաստանյալ Վարդան Եղիազարյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ նախաքննության ժամանակ իր պաշտպանյալը պաշտպան չի ունեցել: Սկզբում հարցաքննել են որպես վկա, ապա կասկածյալ, մեղադրյալ:
Նա գտնում էր, որ ոչ թե գողության փորձի հատկանիշներով պետք է որակվեր եւ մեղադրանք առաջադրվեր, այլ՝ գողության նախապատրաստելու:
Իսկ ամբաստանյալ Երվանդ Ղամբարյանի պաշտպան Ռազմիկ Թովմասյանն էլ ասաց, որ մարմնական վնասվածքներ են հասցրել իր պաշտպանյալին ոստիկանության բաժնում, ստիպել են, որ գրի, թե Վաժան իրեն 20 000 դոլար գումար է տվել:
Նա պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին:
Հաջորդ դատական նիստին կլսվի Վաժայի վարորդ Կարեն Հովհաննիսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի պաշտպանական ճառը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































