
Այս ամենի արդյունքում Հայաստանում այսօր կան մի խումբ մարդիկ, որոնք, իշխանությունը վերցրած, յուրացրած, ընտրությունները կեղծելով, արդեն երկու տասնամյակի չափ ոչ թե կառավարում են, այլ բռնանում են երկրի վրա և մսխում նրա ներուժը: Հայաստանը դատարկվում է, ամեն ինչ կենտրոնացել է Երևանում, տարեկան մոտ 100 հազար մարդ հեռանում է Հայաստանից արտագնա աշխատանքի, իսկ, ընդհանրապես, երկու տասնամյակի ընթացքում Հայաստանից հեռացել է 1 միլիոնից ավելի մարդ` և դեռ շարունակում են հեռանալ: Տնտեսությունը պատկանում է մի քանի ընտանիքի, իսկ ովքեր փորձում են տնտեսական գործունեություն ծավալել նրանց համաձայնությունից դուրս` ենթարկվում են հալածանքների, սպառնալիքների, անհավասար մրցակցության: Աղքատությունն աճում է, դեմոգրաֆիական խնդիրը շարունակում է ծանր մնալ ոչ միայն արտագաղթի, այլ նաև պարզապես հանրային առողջության ու սոցիալական ծանրության հետևանքով։ Ինչպես երբեք՝ բարձր է երիտասարդ ընտանիքների ամլությունը: Իսկ ովքեր կարող են երեխա ունենալ, չեն ունենում սոցիալական ծանր իրադրության պայմանների պատճառով` բավարարվելով ընդամենը մեկով:
Կարելի է թվարկել մեծ ու փոքր, ռազմավարական նշանակության խնդիրների շարքը, բայց երևի թե ավելորդ է: Ընթերցողն ինքն իր մաշկի վրա է զգում այդ ամենը ամեն քայլափոխի:
Այս իրավիճակում Հայաստանում պետք է լիներ իրական համաժողովրդական շարժում ընդդեմ իշխող համակարգի, իրական քաղաքական պայքար, գործընթացներ, հասարակությանը` ընտրողին ուղղված իրական առաջարկներ, գաղափարներ, մեխանիզմներ, որոնք թույլ կտային վստահության մթնոլորտում մոբիլիզացնել հնարավորինս շատ մարդկանց և համակարգին պարտադրել հեռացում:
Կարդացեք նաև
Սակայն դրա փոխարեն հասարակությունը մինչև այսօրկերակրվում է կեղծ պաթոսով, երբ, ասենք, 60 հոգին կարող են մեծ հաջողություն հռչակել, որ իրենց միջից հնարավոր է եղել 40 ստորագրություն հավաքել: Կամ երբ մեծ հաջողություն կարող է համարվել այն, որ իշխանությունն ընդամենը մի խոստումով կարող է հետաձգել իր համար անցանկալի և տհաճ հարցերը: Կամ, ներքաղաքական մանր առևտուրը կարող է ներկայացվել հասարակությանը՝ որպես «քաղաքական մեծ խորհրդակցություններ»: Կամ, տարիներ շարունակ թիվ 1 օլիգարխը կարող է հռչակվել դեմոկրատիայի թիվ 1 հույս:
Այս արհեստական, տրաֆարետային, իսկ ներքուստ դատարկ գործընթացը խոստումնալից է միայն ավելի քան 20 տարի իշխող տնտեսա-քաղաքական համակարգի, ուրիշ ոչ մեկի համար: Եվ ուրիշ ոչ մի անգամ նախընտրական գործընթացները այդքան արհեստական, կեղծ, պաթետիկ չեն եղել, որքան այժմ` երբ պետք է, որ ամեն ինչ հակառակը լիներ և այժմ պետք է, ինչպես երբևէ, իրական և լուրջ քաղաքականություն առաջարկվեր ժողովրդին և հակադրվեր իշխող վարչակազմին:
«Ժամանակ»


















































