Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է՝ Մհեր Մկրտչյանին էլ ձիու վրա չնստեցրին

Դեկտեմբեր 09,2012 11:54

«Առավոտը» հրապարակել է երկու արվեստագետների տեսակետ քաղաքում վերջին շրջանում տեղադրվող արձանների մասին:

Արվեստագետ Ստեփան Վերանյանն այդ արձանները «խայտառակ երեւույթ», անճաշակություն է անվանել: Իսկ արվեստագետ Սահակ Պողոսյանն էլ նշել է. «Արդեն զզվել եմ այդ արձաններից: Ուրախալի է, որ ժողովրդի զզվածության աստիճանը այնքան է բարձրացել, որ իր վերաբերմունքն է ցույց տալիս: Խոսքը ոչ միայն վերջին, այլեւ նախորդ ժամանակների դրված եւ այսօրվա այն արձանների մասին է, որոնք ոչ պրոֆեսիոնալ են, սարսափելի անճաշակ: Դրանք չեն ծառայում ոչ էսթետիկայի, ոչ էլ նույնիսկ էթիկայի կանոններին, ու ազդում են մի քիչ ճաշակ ունեցող քաղաքացու բարոյական նկարագրի վրա»: Քանդակագործը, իր իսկ բնութագրմամբ, բարբարոս բան է ասել. «Ես կողմ եմ, որ մարդիկ ջարդեն այդ արձանները, ու կուզենայի, որ ջարդելը լիներ վանդալիստական ակտ: Մարդը դեմ է ու ջարդում է»:

Մենք իհարկե սովոր ենք, որ մեր արձանները պետք է անպայման պատվանդանի վրա լինեն եւ ահարկու չափերի՝ Զուրաբ Ծերեթելիի սահմանած չափորոշիչների հանգույն:

Սովոր ենք արդեն, որ այդ հսկաներն անպայման պետք է ձիու վրա նստած լինեն, ոմանք նույնիսկ միաժամանակ երկու ձիերի: Պատկերացնո՞ւմ եք, Մհեր Մկրտչյանին կամ Տիգրան Պետրոսյանին էլ այդպես պատկերեին:

Բայց թույլ տվեք իմ համեստ կարծիքն արտահայտել՝ ինձ դուր են գալիս այդ արձանները: Ինձ դուր է գալիս, որ նրանք մարդաբոյ են, ու այնպիսին, ինչպիսին եղել են կյանքում:

Ինձ դուր է գալիս, որ  «Տղամարդիկ» ֆիլմի արձանախմբի հետ բոլորը գրկախառնված լուսանկարվում են, իսկ նարդի խաղացողի արձանի հետ՝ նարդի խաղում:

Այ, ինչն ինձ դուր չի գալիս՝ այդ նյութն է, որից վերջին շրջանում պատրաստվում, ծեփվում են այդ արձանները: Եվ այդ նյութի հետեւանքով է, որ ոչ այնքան թեթեւ հպումներից՝ դրանք անընդհատ կոտրվում են՝ առիթ տալով, որ մեր համաքաղաքացիների մասին տպավորություն ստեղծվի, թե նրանք արձաններ ջարդող վանդալներ, բարբարոսներ են:

Լուսանկարը՝ https://haygedzor.blogspot.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31