
Դատարանը վերջին խոսքի իրավունք տվեց բոլոր ամբաստանյալներին: Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլին իր թարգմանի միջոցով ասաց, որ ինքը ոչ մի գողություն չի կատարել եւ վճարել է գրքերի համար: «Եթե գողություն անեի, չէի կարող գալ Հայաստան: Եթե իմ նկատմամբ գրավ կիրառվեր, հնարավոր չէր լինի սահմանը հատել: Իմ ձերբակալման ժամանակ իմ տղան մահացավ, հիմա, այս պահին իմ կինն է մահանում նույն հիվանդությունից՝ սարկոմա: Երդվում եմ իմ տղայի գերեզմանով, որ ես մեղավոր չեմ, ես հրեշտակ չեմ, ես մեղավոր եմ, որ գնել եմ գողացված գրքեր»,- ասաց վրացի ամբաստանյալը:
Իր վերջին խոսքում նա նաեւ ասաց, որ անհնար էր 150 գիրք գողանալը, դա ամբողջ երթուղային տաքսին կլցներ: Նա պահանջում էր ոստիկանապետին, որպեսզի գա ասի, թե ինչու են իր նկատմամբ այս գործը պլանավորել: Ապա դիմելով դատախազին, ասաց. «Եթե 20 հազար դոլար տամ մեղադրողին, ասեմ ինձ տուն թող, մեղավո՞ր կլինեմ»:
Նա ցույց տալով դահլիճում նստած ԵՊՀ գրադարանի երկարամյա աշխատող, 61-ամյա Հասմիկ Դուրգարյանին, ասաց. «Պետք է ձերբակալել գրադարանի տնօրենին եւ նրա տեղակալին, թե ինչու է թանկարժեք գրքերը ոչնչանում, փտում: Երբ մտա գրադարան, լացս գալիս էր: Այդ կնոջը պիտի պարգեւատրել մեդալով: Հազարավոր գրքեր կան համալսարանում, որին եթե կրակ կպցնես՝ չեն այրվի: Մինչդեռ այս կինը հազարից ավելի գիրք է փրկել: Այդ գրքերի հիվանդությունը թոքախտից ուժեղ է»:
Կարդացեք նաև
Ամբաստանյալի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը դատարանից խնդրեց ժամանակ, որպեսզի վերադարձնեն Վաժա Արզիարաշվիլու գնած գրքերը:
Հասմիկ Դուրգարյանը դատարանին ներկայացրեց իր վատառողջ լինելու մասին բժշկական քաղվածքները եւ խնդրեց մեղմ պատիժ:
Հիշեցնենք, որ մեղադրող Ա. Նադոյանը նրա համար պահանջել է ազատազրկման հետ կապ ունեցող պատիժ: Ազգային գրադարանի ոստիկան Աբգար Հովսեփյանի պաշպանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրգործ են հարուցել միայն այն բանի համար, որ նա մեկ ժամ շուտ տուն է գնացել՝ կապված առողջության հետ: «Վայ այն ոստիկանությանը, եթե այդ մեկ ժամի համար հեղինակազրկվել է» (մեղադրանքում գրվել է, որ հեղինակազրկել է պետական մարմնին): Պաշտպանն ասաց, որ 20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում այդ ոստիկանը որեւէ տույժի չի ենթարկվել, ունի 6 անձից բաղկացած բազմանդամ ընտանիք եւ դատարանին դիմելով կոչ արեց, որ իր գործողություններով չնպաստի, որ մի բազմանդամ ընտանիք էլ լքի Հայաստանը:
Վաժա Արզիարաշվիլու վարորդի՝ Կարեն Հովհաննիսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը գտնում էր, որ Կարեն Հովհաննիսյանի գործողություններում հանցակազմ չկա եւ իր պաշտպանյալը, որն անգամ ռուսերեն չգիտի, չէր կարող գնալ ռուսալեզու հնատիպ գրքերի գողության: «Գողության հանցակազմը կասկածի տակ է դրված: Ես համադրում եմ մյուս ամբաստանյալների ցուցմունքները եւ հանգում եմ այն եզրակացության, որ ենթադրվող հանցագործությունը չի եղել»,- ասաց Ս. Սաֆարյանը: Մեղադրողը վարորդի համար պահանջել է 5 տարի ազատազրկում:
Պաշտպանին մնում էր խոստովանել, որ ոչինչ չի հասկանում պատժաչափից՝ ինչ ցանկանում են, այն պահանջում են մեղադրողները: Նա պահանջեց ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:
Մինչեւ խորհրդակցական սենյակ գնալը, դատավորը դեկտեմբերի 26-ին (հանցագործության օրը) կհայտարարի՝ Վաժան իր խոստացած գրքերը վերադարձրե՞ց, թե՞ ոչ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































