
Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրը գրավոր զեկուցագիր է ներկայացրել եւ բացատրություն տվել, որ նախապատրաստվող նյութերով իր տված գրավոր ցուցումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի Մասիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Սիմոնյանը մտել է իր աշխատասենյակ, վիճաբանել, գլխով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Գ.Սիմոնյանը բացատրություն է տվել, թե քննիչին տրված ցուցումի հետ կապված պարզաբանումներ անելու հարցով մտել է մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրի աշխատասենյակ, որտեղ տեղի է ունեցել քաշքշոց եւ դատախազը, բռնության գործադրմամբ, իրեն դուրս է հանել աշխատասենյակից։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված ծառայողական պարտականությունները կատարելու հետ)՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 12.12.2012թ. հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Միաժամանակ պարզաբանում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք եւ ճիշտ չի վերաշարադրել օրաթերթի լրագրողի հարցը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարին, ու տրված պատասխանը։ Որպես օրինակ՝ մատնանշենք, որ մամուլի քարտուղարն ուղղակի ճշտել է լրագրողի տեղեկատվությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե մարզի դատախազի տեղակալի, այլ քննչական բաժնի պետի եւ մարզի դատախազության դատախազի միջեւ՝ կապված վերջինիս կողմից տրված գրավոր ցուցումի հետ` առանց անուն հրապարակելու։
ՀՀ դատախազություն


















































