Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. «Այդ բոլոր մեղադրանքները անհեթեթություն են, մի քիչ էլ զառանցանք»

Դեկտեմբեր 15,2012 17:37

«Բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, ես որեւիցէ հանցանք թույլ չեմ տվել, որ ինձ որեւիցէ մեկը մեղադրի: Դրանք դատարկ խոսակցություններ են, կյանքը ցույց կտա` կտեսնեք: Ես մաքուր եմ` հաստատ: Այդ բոլոր մեղադրանքները անհեթեթություն են, մի քիչ էլ զառանցանք»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Պարոն Սարգսյանը շտապում էր եւ այլ հարցերի չցանկացավ պատասխանել:

Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը բենզինի յուրացման գործով դատավարության ընթացքում ասել էր, որ այդ գործը պայմանավորված է իր և ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի փոխհարաբերություններով, որոնք սկսել են լարվել դեռ 2011 թվականի ապրիլից: Իսկ լարվածությունը, ինչպես նշել էր Մարգար Օհանյանը, պայմանավորված է եղել որոշակի կադրային նշանակումների հարցում եղած անհամաձայնություններով: «2008 թվականին ընդունելով ՃՈ պետի պաշտոնը, ՃՈ արտաբյուջեն եղել է 1 մլրդ 700 մլն դրամ, իմ ղեկավարած ժամանակաշրջանում այն հասել է 4 մլրդ 850 մլն դրամի: 2 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 200-ով, դրանց արդյունքում զոհվածների քանակը 100-ով է նվազել, վիրավորներինը` 300-ով: Ես եթե թույլ տայի ՃՈ-ում բենիզնի յուրացում կատարվեր, ապա հավատացած եղեք, այդպիսի արդյունքներ երբեք չէին լինի, դա հաստատել են դատարանում ցուցմունք տված բոլոր վկաները 100 տոկոսով, որ ՃՈ աշխատանքները 1 րոպեով անգամ չեն խաթարվել բենզինի կտրոնների կամ այլ պատճառներով: Ես ցանկանում եմ ինձ պարզաբանվի, թե որն է եղել իմ պաշտոնական դիրքի չարաշահումը, այն էլ` 308 հոդվածի 2-րդ մասի ծանր հետևանքներ առաջացնելը. կրկնում եմ՝ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, այս ամենը մտացածին է: Իմ նկատմամբ ուղիղ հաշվեհարդար է: Իմ կողմից օրենքով արգելված արարք չի կատարվել»,- ասել էր Մարգար Օհանյանը` փետրվարի 21-ի դատավարության ժամանակ:

Նաեւ վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիքի և անփութության մեջ, հերթական դատական նիստի ավարտին հայտարարել է, որ ճիշտ կլինի, եթե վերանորոգումների համար մարզպետարանին 2007թ. հատկացված 400 միլիոն դրամը ևս մանրադիտակային ստուգման ենթարկվի, քանի որ, ըստ նրա, գումարի համեմատ չնչին աշխատանք է կատարվել: «Ալիկ Սարգսյանը գրպանել է և դրել «Նոր Արտաշատ» ռեստորանի վրա»,- ասել է Հովակիմյանը՝ հավելելով, որ աշխատում է իրականությունը «ջրի երես» հանելու ուղղությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31