«Մենք համարում ենք, որ այս քրեական գործն ինքնին ապօրինի է, եւ Ավետիքի կալանքը լիովին անհամաչափ է ստեղծված իրավիճակում»,- «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Ավետիք Չալաբյանի կինը՝ «ՀայաՔվե»-ի խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը։
Նիստից առաջ «ՀայաՔվե»-ի անդամները բողոքի ցույց անցկացրեցին՝ «Ազատություն Ավետիք Չալաբյանին» վանկարկումներով։
«Ավետիքն արդեն երկու ամիս է՝ գտնվում է անազատության մեջ, մենք բոլորս պահանջում ենք նրան ազատ արձակել»,- ասաց Անահիտ Ադամյանը։
Նա ծիծաղելի համարեց իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե «Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան»
Կարդացեք նաև
«Մենք այս պահին ունենք հարյուրավոր քաղբանտարկյալներ եւ քաղհալածյալներ։ Իսկ Ավետիքը դասական քաղբանտարկյալ է, որովհետեւ ե՛ւ իր քրեական գործն է ամբողջությամբ հնարված, ե՛ւ կալանքը հենց քաղաքական շարժառիթով է»,- ասաց Ադամյանը։
Չալաբյանի կինը նաեւ հավելեց, ու հունիսի 24-ից ամուսնուն չի տեսել, այսօր առաջին անգամ է տեսնելու դատարանում։
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































