
Տուժող Նարեկ Զարգարյանի ծնողները` Ժորա Զարգարյանը և Կամելա Սաֆարյանը գտնում են, որ քրեական գործի քննությունն ի սկզբանե թերի և ոչ օբյեկտիվ է կատարվել: Նրանք կտրականապես համաձայն չեն նախաքննության մարմնի տեսակետի հետ՝ իրենց հետևողական բողոքների արդյունքում դեպքից վեց ամիս անց միայն Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը: Որակումն, ըստ տուժող կողմի, սխալ է. Ա. Հարությունյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն և 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը /փախցնելը/` առանց հափշտակելու նպատակի:
Ինչպես տուժողի ծնողները հայտնեցին «Փաստինֆո»-ի թղթակցին, իրենց որդին «սպանվել է Ալվինա Հարությունյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով», իսկ իրավասու պաշտոնատար անձինք, ըստ տուժող կողմի, ճիշտ իրավական գնահատական չեն տալիս Ա. Հարությունյանի արարքին՝ նպաստելով, որ նա ազատվի առավել խիստ պատիժ նախատեսող հանցագործությունների համար պատասխանատվությունից:
Ժորա Զարգարյանը և Կամելա Սաֆարյանը 28.11.2012թ. դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Դիմում-բողոքում տուժողի ծնողները երկրի ղեկավարին տեղեկացնում են, որ Ալվինա Հարությունյանը իրենց որդու կամքին հակառակ փախցրել է նրա ավտոմեքենան և տեսնելով, որ իրենց որդին կառչել է ավտոմեքենայի աջ կողնակից, գոռոցներով, ավտոմեքենային հարվածելով, պահանջելով, որ Ալվինա Հարությունյանը կանգնեցնի այն, սակայն վերջինս դիտավորյալ ավտոմեքենան չի կանգնեցրել, ընդհակառակը` հարբած վիճակում այն վարելով մոտ 100-120կմ/ժ արագությամբ մոտ 2 կմ տարածություն է անցել, այնքան, մինչև տուժողը թուլացել և այլևս չի կարողացել իրեն պահել ավտոմեքենայի վրա ու վայր ընկնելով` մահացել է /քրեական գործում, ըստ տուժող կողմի, կան համապատասխան ապացույցներ/:


















































