Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի նախագահ դառնալը ի՞ նչ օգուտ կտա գործարարներին

Դեկտեմբեր 24,2012 15:12

Aravot.am-ը այս հարցը ուղղեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, Հայաստանում օճառի արտադրությամբ զբաղվող գործարար Վահան Խաչատրյանին: «Ես կարծում եմ, որ մեր ներկայիս այրերը իրենք էլ են պրոֆեսիոնալ, այստեղ հարցն այն է, որ այդ մարդկանց, չասեմ բարոյական կերպարը, ասեմ մեխանիզմը, համակարգը, որի մեջ իրենք աշխատում են, թույլ չի տալիս, որ իրենք իրենց գործերին պրոֆեսիոնալ առումով նայեն: Այսինքն խնդիրը ոչ թե պրոֆեսիոնալիզմի մեջ է, այլ այն համակարգի, որտեղ որ մարդը, եթե մտավ, պրոֆեսիոնալ արժանիքները դրվում են 7-8-րդ պլանի վրա, առաջին հերթին պետք է ծառայի համակարգին: Իսկ համակարգը արատավոր է, և այստեղ կապ չունի, թե ինքը ինչ աստիճանի արհեստավարժ է իր գործի մեջ »,-ասաց ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Այսինքն հույս չունենա՞նք, որ պրոֆեսիոնալ անհատը կարող է օգուտ բերել երկրին, մեր այս հարցին ի պատասխան Վահան Խաչատրյանը շարունակեց. «Այո, իրենք պետք է անեն այն, ինչը ձեռնտու է համակարգին, իսկ համակարգին ձեռնտու է , որ իրենք վերընտրվեն գումար բաժանելով, իշխանական ռեսուրսը, լծակները օգտագործելով, ժողովրդին անտեսելով: Սուտ է , որ բյուջեն սուղ է, չկա, ցանկության դեպքում կարելի է լուրջ բյուջե ունենալ, ցանկության դեպքում, եթե վերացվի կոռուպցիան, լուրջ ֆինանսական հոսքեր կլինեն բյուջեի մեջ: Խնդիրն այն է , որ մեր իշխանական վերնախավին ձեռնտու չէ ունենալ ոչ կոռումպացված երկիր, իրենց ձեռնտու է ունենալ կոռումպացված երկիր, որովհետև կոռումպացված երկրում իրենք ավելի հեշտ են վերարտադրվում, և այդ մարդկանց պրոֆեսիոնալիզմը ուղղվում է ոչ թե ժողովրդի շահերը սպասարկելուն, այլ իշխանական վերնախավին սպասարկելուն: Թե չէ ես տեսնում եմ շատ ինտելեկտուալ, շատ լուրջ պրոֆեսիոնալներ, ցավոք, այդ պոտենցիալը, ինտեկլեկտը օգտագործվում է շատ վատ նպատակների համար»:

Ստացվում է, որ ով էլ իր թեկնածությունը առաջադրի անիմա՞ստ է: Ըստ գործարարի, ներկայիս համակարգը փոխելու համար ոչ միայն լուրջ ուժ է պետք, այլ լուրջ գաղափար: «Իշխանությունները ունեն լուրջ կապիտալ վերարտարդրվելու, լուրջ ռեսուրս, իսկ կապիտալը ներկայիս Հայաստանում շատ հարցեր է լուծում, հիմա որպեսզի դրա դեմն առնվի, ոչ միայն անհրաժեշտ է համարժեք կապիտալ, կամ մի քիչ զիջող կապիտալ, այլ լուրջ գաղափար, ինչը կարծում եմ, որ մեր քաղաքական էլիտան չի առաջարկում: Գաղափար չի առաջարկում, դրա պատճառով էլ մեր ազգաբնակչությունը ընտրություն է կատարում 10 000 ու ենթադրենք 12 000 դրամի միջև, այլ ընտրություն չի կատարում 10 000 դրամի ու գաղափարի մեջ: Եթե քաղաքական էլիտան առաջարկի գաղափար, ինքը չի գնա ընտրակաշառք վերցնելու կամ այն մարդը, որը տունը նստած է, ընդհանրապես չի գնում ընտրությունների, ինտելեկտուալ մարդ է, կգնա գաղափարի համար կքվեարկի:Ցավոք, մեր քաղաքական էլիտան շատ վատ վիճակում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31