Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի անգամ թուրքերի հետ բանակցել եմ, բոլոր քարտեզներով Տիգրանաշենը մերն է։ Կարո՞ղ եք ցույց տալ որևէ թուղթ, որով Տիգրանաշենը մերը չէ»․ Հրանտ Բագրատյան

Սեպտեմբեր 30,2026 16:33 Share

«Կապիտուլյանտական կացության մեջ ենք, ամեն անգամ գյուղ ենք տալիս, հող ենք տալիս, ուրախանում դրանով։ Գյուղեր ունենք, որոնք ասում են՝ մենք էլ ենք ադրբեջանական եղել, մեր տներն էլ առեք, թողեք, գնանք այստեղից։ Այո, այդպիսի երևույթներ կան»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում մտահոգություն հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա վստահեցրեց՝ ժամանակին բանակցել է Տիգրանաշենի համար, որն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել. «Ես այն մարդն եմ, որ մի քանի անգամ թուրքերի հետ բանակցել է՝ այդ թվում Տիգրանաշենի համար։ Այն բոլոր քարտեզներով մերն է։ Այո, այնտեղ ադրբեջանցիներ ապրում էին, բայց դա մերն է, և կա Ադրբեջանի ստորագրությունը դրա տակ։ Կարո՞ղ եք ցույց տալ որևէ թուղթ, որով Տիգրանաշենը մերը չէ։ Ես ձեզ ցույց եմ տալիս թուղթ, որով Տիգրանաշենը մերն է։ Ադրբեջանցին էլ դրա տակ ստորագրել է։ Ես նրանց ապացուցել եմ, որ իրենք ոչ մի էքսկլավ չունեն։ Իսկ ահա Արծվաշենը այդ թղթով անկլավ չէ, մերն է։ Այն ճանապարհն էլ է մերը․ թերակղզի է, անկլավ չէ։

ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները սահմանազատվել, սահմանագծվել են 1938 և 1988 թվականներին։ Այդ ընթացքում 38-1950-ին ադրբեջանցիները եկել են, հայկական չորս գյուղերում բնակվել։ Հեյդար Ալիևն ասում էր՝ եկեք, սահմանագծենք, այս գյուղերը վերցնենք Հայաստանի ձեռքից։ Բայց չի կարողանում դա անել։ Այդ ժամանակ մեծ դերակատարություն են ունեցել Վլադիմիր Մովսիսյանը, Կարեն Դեմիրճյանը։ Այո, Քյարքի է, բայց դա չի նշանակում, որ հայկական չէ, ինչի Հայաստանում Քյարքի լինել չի կարո՞ղ։ Պետք է ադրբեջանցիներին ցույց տալ, ասել՝ ստորագրել եք, սա է սահմանը։ Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է ասել՝ որոշ հատվածներում փոփոխություններ են եղել։ 1466 սահմանապահ սյուն խփված է, այդ սյուների կոորդինատները հրապարակեք»։

Ատոմակայանի հետ կապված խոսակցությունների առիթով էլ ասաց․ «ՀՀ-ում հնարավոր չէ ունենալ ոչ ռուսական ատոմակայան, որովհետև ատոմակայանը պետք է սարքի այն երկիրը, որը մեզ վառելիք է տալիս, իսկ մեզ վառելիք կարող է տալ միայն Ռուսաստանը։ Վառելիքը միայն օդով կարող ես բերել Հայաստան, իսկ օրինակ՝ ամերիկյան վառելիքը պետք է գնացքով հասնի ՀՀ, իսկ Թուրքիան կթողնի՞»։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ամենայն հավանականությամբ Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի, իսկ ՀՀ իշխանությունները մի քանի հազարով կբարձրացնեն թոշակը և կասեն, որ այդպիսով փոխհատուցում են։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930