Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» հանրային պաշտպան չտվեցին

Հունվար 14,2013 17:04

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  նշանակվել էր անցյալ տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին բռնությունների ենթարկած, Վահեին մահ պատճառած Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով այս տարվա անդրանիկ դատական նիստը:

Դատարան չէին նեկայացել ինչպես 4 տուժողները, այնպես էլ նրանց 3 ներկայացուցիչներն ու 2 մեղադրողները:

Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դիմել են հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանությունը ստանձնելու համար գրասենյակը նոր պաշտպան տրամադրի:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, ամբաստանյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպանը՝ հանրային գրասենյակի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը հայտնել էր, որ մեկնում է արձակուրդ, որն ավարտվում է այս տարվա հունվարի 30-ին:

Դատարանը, որպեսզի չհետաձգվեն դատական նիստերը, դիմել էր հանրային պաշտպանի գրասենյակին: Սակայն գրասենյակը չէր արձագանքել դատարանին:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան՝ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը դատարանին հայտնեց, որ երկու հանրային պաշտպան չի լինում եւ որ գրասենյակը չի արձագանքել, քանի որ հանրային պաշտպանները գերծանրաբեռնված են:

Այս պայմաններում անհնար էր շարունակել դատական նիստը, հետեւաբար այն հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 1-ին:

Ի դեպ, պաշտպան Միհրան Պողոսյանը դիմեց դատավորին, հարցնելով, թե սանկցիա կիրառվելո՞ւ է դատական նիստին չներկայացած տուժող կողմի նկատմամբ: Սակայն դատավորը չպատասխանեց. պատասխանը հավանաբար լինի հերթական դատական նիստին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031