Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օրենքը պետք է գործի եւ պետք է լինի կույր բոլորի առաջ, չպիտի նայի՝ իշխանավոր է, թե իշխանավոր չէ. Արթուր Մանուկյան. «Հրապարակ»

Ապրիլ 28,2022 10:50

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը 1993 թ. ծնված Սոնա Մնացականյանն էր՝ Արարատի մարզի Բերքանուշ գյուղից։ Սոնա Մնացականյանը Support Our Heroes – Armenia կազմակերպության հիմնադիր անդամ կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր, բայց պատահարից անմիջապես հետո երիտասարդ կնոջ անունը կապեցին ցուցարարների հետ, թե նա ցույցի մասնակիցներից էր, փողոցն էլ անթույլատրելի տեղից է անցել։ Սակայն հետո պարզ դարձավ, որ կինը ցույցի մասնակից չի եղել եւ փողոցն էլ հետիոտնի համար թույլատրելի տեղից է անցնելիս եղել: Եվ եթե վարչապետի ավտոշարասյունն ավելի ցածր արագությամբ անցնելիս լիներ, կամ` վրաերթից անմիջապես հետո կանգնեին եւ օգնություն ցույց տային հղի կնոջը, գուցե հնարավոր լիներ փրկել նրա կյանքը` ժամանակին հիվանդանոց հասցնելով:

Եթե նման դեպք տեղի ունենար տարիներ առաջ, մեր քաղաքացիական հասարակությունը պիկետներ, ցույցեր ու հայտարարություններ կաներ՝ պահանջելով պատժել մեղավորին, իսկ հիմա լուռ է։ Քաղհասարակության ակունքներում կանգնած, ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամ Արթուր Մանուկյանին մենք մի քանի հարց ուղղեցինք այս ողբերգական դեպքի առիթով։

Դուք հույս ունեք, որ օրենքը կպատժի՞ Փաշինյանի ավտոշարասյան այդ ոստիկանին։

– Ես ոչ թե հույս ունեմ, այլ եթե չլինի, ինքս կպահանջեմ, որ ցանկացած հանցագործ պատժվի ամենախիստ ձեւով․․․ երբ ես պատգամավոր չեմ եղել, արել եմ շատ մանր-մունր ճանապարհային խախտումներ, բայց իմ պատգամավոր լինելու ժամանակ ոչ մի խախտում չեմ արել․․․․

Ես հիշում եմ՝ 10 տարի առաջ, երբ Դուք պատգամավոր չէիք, ու սպանեցին Վահե Ավետյանին, Դուք քաղաքացիական հասարակության հետ «Հարսնաքարի» մոտ, անձրեւի տակ կանգնած՝ պահանջում էիք արդարադատություն եւ պատիժ Ռուբեն Հայրապետյանին։ Հիմա՞ էլ նույնկերպ կպահանջեք պատժել մեղավորին։

– Այն ժամանակ ես գիտեի, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ կար անպատժելիության ահռելի մեծ մթնոլորտ եւ իրավիճակ։ Եվ ես պահանջել եմ, որ օրենքը գործի բոլորի հանդեպ հավասար եւ ծայրահեղ կերպով խիստ՝ իշխանավորների նկատմամբ։ Նույն տեքստը հիմա ես կրկնում եմ․․․

Այսինքն, նույն ձեւով պահանջում եք պատժել մեղավորին, եթե անգամ դա Նիկոլ Փաշինյա՞նն է։      

– ․․․Ով ուզում է լինի, եթե անգամ դա լինեմ ես, իմ մտերիմ հարազատը, ով ուզում է լինի, անկախ իմ վերաբերմունքից, օրենքը պետք է գործի եւ պետք է լինի կույր բոլորի առաջ, չպիտի նայի՝ իշխանավոր է, թե իշխանավոր չէ․․․ Պետք է հետաքննություն արվի, պարզվեն բոլոր հանգամանքները, եւ օրենքը կիրառվի իր խստագույն դրույթով, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել հասարակական տեսանկյունից շատ զգայուն պարագայում՝ վարչապետի շարասյունն է եւ այլն․․․ սա զգայուն թեմա է, եւ օրենքը պետք է խստանա ստեղ, մեղմացուցիչ հանգամանքներն էդքան էլ չպետք է մեղմանան, եթե դրանք կան։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930