Լրահոս
Օրվա լրահոսը

Դեդ Հասանի իշխանության ավարտը

Հունվար 17,2013 12:26

Գողական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Դեդ Հասանի սպանությունը ոմանք կանխատեսել էին հենց 2013թ.-ին։ Դեռ ամիսներ առաջ ակտիվորեն քննարկվում էին հնարավոր սպանության տարբերակները, ոմանք շրջանառության մեջ էին դնում այն ենթադրությունները, թե նրան սպանելու են ոստիկանության կողմից վարձված մարդասպանները, թե հատկապես օրենքի մարդիկ են կազմակերպելու նրա չեզոքացումը։ Սակայն գողական աշխարհում շատ ավելի խոսվում էր այն մասին, որ նրան սպանելու է օրենքով գող Լենքորանսկին՝ Հասանի ամենաոխերիմ թշնամին։ Վերջինս դեռեւս անցած տարվա փետրվարին Ռոստովում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ իր զենքի վրա երդվել էր, որ շարքից հանելու է Դեդ Հասանին՝ այսպիսով ձգտելով կանգնել իաշորագույն հանցագործ խմբավորման գլխին, որը շատ վաղուց իրեն է ենթարկել Հյուսիսային Կովկասը, Ռուսաստանի հարավային երկրամասերը եւ Մոսկվան…

Եվ ահա հունվարի 16-ին Մոսկվայի Պովարսկայա փողոցի ռեստորաններից մեկից դուրս գալիս Դեդ Հասանը գնդակահարվել է, իսկ մարդասպանը՝ փախել։ 1937թ. Թիֆլիսում ծնված Ասլան Ուսոյանը, որին Դեդ Հասան էին կոչել որպես գողական աշխարհի պապիկ ու խորհրդատու, իր հանցագործ կենսագրությունը սկսել է շատ վաղ՝ ընդամենը 19 տարեկան հասակում դատապարտվելով 1 տարի 6 ամսվա ազատազրկման։ Մանկուց, ինչպես ժամանակին վկայել են թիֆլիսյան նրա ընկերները, նպատակ ունենալով ընդգրկվել գողական աշխարհի մեջ, նա դիմադրություն է ցույց տվել միլիցիայի աշխատողներին՝ այսպես յուրովի հերոսանալով։ Առաջին դատապարտման ժամանակ արդեն Ուսոյանի թիկունքին կանգնել են որոշ պաշտոնյաներ եւ ամեն ինչ արել, որպեսզի նա ժամկետից շուտ դուրս գա… Հենց այս ժամանակ արդեն խոսակցություններ են տարածվել, որ նա համագործակցում է միլիցիայի հետ, սակայն հետագայում ոմանք ամեն ինչ արեցին, որպեսզի Դեդ Հասանի վրայից հանվի «ծախողի» անունը։

1959թ. Դեդ Հասանը նորից է կանգնել դատարանի առջեւ՝ այս անգամ Թիֆլիսի Ստալինյան շրջանային դատարանը նրան կողոպուտի համար դատապարտել է 5 տարվա ազատազրկման, սակայն քիչ անց նա դարձյալ վաղաժամկետ ազատվել է։ Ուշագրավն այն է, որ այս անգամ եւս նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատման սկզբունքը, ինչն այն տարիներին համարվում էր համակարգի հոգածության բարձր դրսեւորումը։

Կարճ ժամանակ անց Ուսոյանը նորից է հայտնվել բանտում՝ դատապարտվելով երեք տարվա ազատազրկման՝ «սպեկուլյացիայի» համար։ Հենց այս ազատազրկման ժամանակ էլ նրան օրենքով գող են օծել։ Իսկ որոշ ժամանակ անց նա նորից բանտից դուրս է եկել պայմանական վաղաժամկետի կիրառմամբ…

Օրենքով գող Դեդ Հասանն արդեն 1970-ականներից հանցավոր աշխարհում համարվում էր ամենահեղինակավոր դեմքերից մեկը եւ լուծում այնպիսի «ռազբորկաներ», որոնք հիմնականում վերաբերում էին մեծամասշտաբ գողություններին, խմբավորումների միջեւ առաջացած հակասություններին։ Վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որ հանցավոր աշխարհի «թագակիրների» երկու խոշոր խմբավորումների միջեւ հակասությունները սրվել են. Դեդ Հասանի մարդիկ առգրավել էին «գողական քսիֆը», որը հաստատում էր Տարիել Օնիանիի գողական լիազորությունները, իսկ Տարիելը համարվում էր Դեդ Հասանի ոխերիմ հակառակորդներից մեկը։ Այդ թուղթը ստորագրողներից մեկը օրենքով գող 48-ամյա Բախա-Բախան էր Սուխումիից, որին իրավապահները ձերբակալել եւ Ռուսաստանից արտաքսել էին Աբխազիա։ Նա Դեդ Հասանին հակառակ քայլ էր արել հօգուտ Տարիել Օնիանիի, որի հանցախմբի մեջ էր ներգրավված։

Նշենք, որ Դեդ Հասանին առնչվող փաստերը բազմաթիվ են։ Իվանկովի՝ հանրահայտ Յապոնչիկի մահից հետո ամենահեղինակավոր օրենքով գողն ու որոշումներ կայացնողը Դեդ Հասանն էր. նա նախատեսում էր օրենքով գողերի հավաքն անցկացնել Հայաստանում։ Ներքին աղբյուրները հաղորդում են, որ հավաքը կայացել է, սակայն ՀՀ-ից դուրս՝ Դեդ Հասանին պատկանող թբիլիսյան կանաչ շրջաններից մեկում։ Ասում են, որ գողական հավաքից առաջ Դեդ Հասանի հակառակորդ թիմից Մերաբ Ջանգվելաձեն վերջնագիր է ներկայացրել՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել բոլորի հետ, ովքեր Հասանի կողմից կմասնակցեին «թագադրմանը»։

Վերջին շրջանում Դեդ Հասանի դեմ մի քանի մահափորձ էր իրականացվել։ ՌԴ-ի ուժային կառույցները չէին կասկածում, որ դրանք կապված էին տնտեսական շահերի հետ, մասնավորապես Դեդ Հասանի եւ մեկ այլ հեղինակության՝ վրացի օրենքով գող Տարիել Օնիանիի (Տարո) կոնֆլիկտի հետ։ Բանն այն է, որ Չերկիզովյան շուկան փակելուց հետո 66,5 հեկտար զբաղեցնող այդ տարածքում նախատեսվում էր կառուցել բնակելի համալիր։ Շինարարության մեջ տարբեր ներդրողների մի մասին երաշխիքներ էր տվել Դեդ Հասանը, մեկ այլ մասին՝ Տարոն։ Արդյունքում՝ հողերը ստացել էին նրանք, ում երաշխիքներ էր տվել Հասանը։ Ըստ իրավապահների՝ հենց սա էլ մահափորձի պատճառ էր դարձել։

Նշենք, որ Դեդ Հասանին երկար ժամանակ հովանավորում էր Մոսկվայի քաղաքապեւո Յուրի Լուժկովը, ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք համատեղ սեփականություններ ունեին, ուստի չէր բացառվում, որ Լուժկովի պաշտոնանկությունից հետո թուլացած լինեին Ուսոյանի դիրքերը։ Սակայն շրջանառվում էին նաեւ լուրեր այն մասին, որ լինելով օրենքով գող՝ Ուսոյանը սերտ կապեր ուներ իշխանության վերին օղակների հետ, ինչը չէր կարող գողական աշխարհի բուռն քննարկման առարկա չդառնալ։ Ուրեմն նրա դեմ որսը վաղուց էր սկսված։ Եվ այն մեկնարկել էր՝ Ուսոյանի կողմնակիցներին մեկը մյուսի հետեւից վերացնելով։ Հայտնի գործարար Ջեբրաիլովի սպանությունն անմիջական կապ ուներ Ուսոյանի հետ, քանի որ նա համարվում էր Դեդ Հասանի կլանի «քարտուղարը»։ 2011թ. ամռանը Մոսկվայում հրաձգության էր ենթարկվել ՆԳՆ-ի փոխգնդապետ Թամազ Վազիրովիչ Բրոյին՝ Թամազիկ մականվամբ։ Ենթադրվում է, որ այդ սպան ՆԳՆ-ի եւ Դեդ Հասանի միջեւ գլխավոր կապող օղակն էր։ Դրանից երկու ամիս առաջ Մոսկվայում սպանվել էր Դեդ Հասանի թիկնապահ  51-ամյա Անդրեյ Սելվյանը (Սելվի): 2010թ. նոյեմբերին Սոչիի Կենտրոնական թաղամասում սպանվել էր քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանը (Կարաս), որը նույնպես ընդգրկված էր Ուսոյանի կլանում։ 2010-ի սեպտեմբերին էլ Կրասնոդարում սպանվել էր գործարար 50-ամյա Թիմուր Սադոյանը։ Երբ նա մոտեցել էր տանն իր Jaguar մեքենայով, մարդասպանը նրա ուղղությամբ 7 գնդակ էր արձակել։

Դեդ Հասանի սպանությունը յուրատեսակ շարժում է առաջ բերել նաեւ հայաստանյան կրիմինալ շրջանակներում։ Նա սերտ կապեր ուներ այստեղ, ուստի չի բացառվում, որ Հասանի հակառակորդները ձգտեն շարքից հանել նաեւ նրա հայաստանյան «կոլեգաներին»՝ այսպիսով վերջ տալով

դեդհասանյան «իշխանությանը»…

Նարեկ ԼԵՎՈՆՅԱՆ 

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031