Լրահոս
Օրվա լրահոսը

Բարիում բացվեց հայկական խաչքար. Բարիի քաղաքապետարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը

Հունվար 19,2013 18:20

2013 թ. հունվարի 11-ին Իտալիայի հարավային նշանավոր նավահանգիստ Բարիում (Իտալիա) հանդիսավորապես տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման և օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել էր 11 տարիներ առաջ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Պրն. Աշոտ Գրիգորյանի կողմից: Բազմաթիվ պատճառներով խաչքարի բացումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո այս տարի Բարիի քաղաքապետարանի, ինչպես նաև Բարիի նշանավոր հայերից Պրն. Ռուբեն Թիմուրյանի ջանքերով, վերջապես, կանգնեցվեց Բարիի ամենակարևոր հրապարակներից մեկում` նավահանգստի գլխավոր ափի մոտ: Կարևորագույն այս հանդիսությանը հրավիրված էին Իտալիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը, Հռոմի Հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Գառնիկ աբեղա Մխիթարյանը, Իտալիայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից Պրն. Բորիս Սահակյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ Պրն. Պայքար Սվազլյանը, խաչքարի հեղինակ Պրն. Աշոտ Գրիգորյանը, անվանի ճարտարապետ Պրն. Արմեն Զարյանի որդին` Տիար Արա Զարյանը, Բարի քաղաքի աշխարհական և հոգևորական ողջ վերնախավն ու հյուրեր Իտալիայում գործող տարբեր հայկական ասոցիացիաներից:

Հետաքրքական է, որ Խաչքարը տեղադրվեց հենց այն ափին, որտեղից Հայոց ցեղասպանության օրերին բազմահազար հայեր ներթափանցել են Իտալիա:

Խաչքարի օրհնության կարգը կատարեցին Իտալիայի Հայոց հոգևոր հովիվն ու Հռոմի Հայոց հոգևոր հովիվը: Այնուհետև բոլոր ներկաները եղան Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիոյի հյուրը: Իտալիայի հայոց հոգևոր հովվության կողմից Հայր Թովմա Խաչատրյանը գնահատանքի պարգևներ շնորհվեցին Բարիի քաղաքապետին, խաչքարագործին, ինչպես նաև Ռուբեն Թիմուրյանին: Քաղաքապետն իր հերթին Բարիի քաղաքապետարանի բարձրագույն պարգևներ շնորհեց Իտալիայում Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հոգևոր այրերին, ինչպես նաև մյուս իտալահայ կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Բոլորի համար անակնկալ էր Բարիի քաղաքապետի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող համապատասխան փաստաթղթղի հանձնումը Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչին, ըստ որի, Բարի քաղաքը համալրեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը:

Բարի համայնքում հայերի պատմական ներկայության մասին, ըստ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի, կան 11 վկայություն, որոնց մեջ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին /IX դ./ ու Սուրբ Գևորգ վանական համալիրը /XI դ./: Առաջինը Վատիկանի կողմից վարձակալության պայմանագրով օգտագործման է հանձնված ռումինական եկեղեցուն, իսկ երկորդը` Սուրբ Գևորգ վանքը, գտնվում է անմխիթար վիճակում: Բարիի քաղաքի համայնքը ներկայումս ճգնաժամի մեջ է. շատ հայեր մոռանալով իրենց լեզուն ձուլվել են, շատերը ձուլման ճանապարհին են: Նրանց բոլորի թիվը այս պահի դրությամբ չի անցնում 3 տասնյակը:

Իտալիայի Հայոց հոգևոր հովվությունը դեռևս հոկտեմբեր ամսից , չնայած հսկայական հեռավորությանը /հովվության կենտրոնը Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցին է/, իր մշտական ուշադրության ներքո է պահում փառավոր պատմություն ունեցող և այսօր նորից հառնող այս փոքր համայնքը: Այս տարվա փետրվար ամսից Իտալիայի Հայոց հոգևոր հովվությունը Բարիի հայոց համայնքի համար պետք է կազմակերպի հայերենի արագացված դասընթաց:

 

Իտալիայի Հայոց հովվության քարտուղարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031