Լրահոս
Օրվա լրահոսը

Գալֆայան հավաքածուի արձանագիր առարկաները՝ պատկերազարդ հրատարակությամբ

Փետրվար 02,2013 14:03

argam Ճանաչված հայագետ, նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների 2010թ. մրցանակակիր Արգամ Այվազյանը մասնագետների եւ ընթերցող հասարակայնության սեղանին է դրել հերթական, բայց իր նախորդ գործերից տարբերվող պատկերազարդ մի հատորյակ՝ «Մշակութային արժէքների Գալֆաեան Հաւաքածոյի արձանագիր իրերը» վերնագրով (Երեւան, հեղինակային հրատ., 2013), հայերեն եւ անգլերեն լեզուներով (թարգմանիչ՝ Հակոբ Ծուլիկյան)։ Գրքում ընդգրկվել են կիրառական արվեստի առարկաների վրա եղած, առաջին անգամ հրատարակվող 180-ից ավելի արձանագրություններ՝ լուսանկարներով, գրչանկարներով, վերծանությամբ, ինչպես նաեւ տեքստերի անգլերեն տառադարձությամբ ու թարգմանությամբ։ Այս վերջին սկզբունքը մեզանում կարծես առաջին անգամ է կիրառվում։ Գրքում լուսանկարների ու վերատպությունների թիվը գերազանցում է 730-ը, որով արձանագրությունների ժողովածուն նաեւ պատկերագրքի արժեք է ստանում։ Հրատարակությունն իրականացվել է Գալֆայան ընտանիքի եւ այլ մշակութասեր անձանց (Ռոբերտ Ղեւոնդյան, Հարութ Բրոնոզյան) աջակցությամբ եւ հեղինակի ներդրմամբ։

Հավաքածուն եւ այն ստեղծած Գալֆայան ընտանիքի անդամները գտնվում են Հունաստանում։ 2010թ. այդ երկրի կառավարության աջակցությամբ հավաքածուն ցուցադրվել է Թեսալոնիկի Բյուզանդական արվեստի թանգարանում, իսկ Աթենքում հրատարակվել է ցուցահանդեսի կատալոգը (հայերեն եւ անգլերեն)։ Այս աշխատանքներին գործուն մասնակցություն է ունեցել Արգամ Այվազյանը։

Գալֆայան գերդաստանը սերում է Կեսարիայի Թալաս (Տալաս) բնակավայրից։ 19-րդ դարում այս տոհմի ներկայացուցիչները Օսմանյան կայսրությունում ճանաչում ունեցող ճարտարապետներ ու փաստաբաններ են եղել, հետագայում, ողջ արեւմտահայության նման, մեծ կորուստներ են կրել ցեղասպանության տարիներին։ Գրքի հեղինակն այս պատվավոր տոհմին արժանին մատուցելով` առաջաբանի երկու բաժնում, «Ռուբեն եւ Արսեն Գալֆայանների գերդաստանը եւ կիրառական արվեստի իրերի նրանց հավաքածոն» եւ «Տիար Կարապետ Գալֆայանի կենսագրական դիմանկարը», հանգամանորեն ներկայացնում է նրանց պատմությունը, անդրադառնում գերդաստանի աչքի ընկած ներկայացուցիչներին։ Ինչ վերաբերում է բուն հավաքածուին, ապա Ռուբեն եւ Արսեն Գալֆայանները, որոնք Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ են եղել, հավաքածուի ստեղծմանը սկսել են 1981 թվականից, տարբեր աճուրդներից ու այլ աղբյուրներից ձեռք բերելով իրենց անհրաժեշտ նյութերը։

Հավաքածուն ժամանակագրական տեսանկյունից ընդգրկում է 16-19-րդ դարերը, իսկ աշխարհագրական առումով՝ առարկաները գլխավորապես ծագում են Արեւմտյան Հայաստանից եւ հարակից շրջաններից։ Զգացվում է, որ հավաքորդները որոշակի սկզբունքներ են ունեցել, առարկաները ձեռք բերելուց առաջ նկատի ունենալով ոչ միայն դրանց գեղարվեստական արժեքը, այլեւ փաստագրական նշանակությունը, դրանք գնահատելով որպես ցեղասպանության ենթարկված արեւմտահայության պատմամշակութային հիշատակներ։ Գրքի հավելվածում տեղ են գտել նաեւ 16-րդ դարի երեք ձեռագրի, ինչպես եւ 17-րդ դարի մի տպագիր, բայց մանրանկարազարդված գրքի անտիպ հիշատակարանները։

Արգամ Այվազյանը գրքի առաջաբանում իրավացիորեն գրում է. «թէ՛ պատմական եւ թէ՛ մշակութային տեսանկյունից կիրառական արվեստի իրերի ու առարկաների Գալֆայան հավաքածուն հայ ժողովրդի տաղանդաշատ նախնյաց 16-19-րդ դդ. մետաղագործ, ոսկերիչ ու արծաթագործ, հախճապագործ եւ այլ բնագավառների վարպետների ու արվեստագետների ստեղծած բազմահազար ստեղծագործություններից անհատական նախաձեռնությամբ փրկված մի արժեքավոր պատմամշակութային հարստություն է»։

Հարկ է նշել, որ արձանագրություն ունեցող առարկաների կատալոգների հրատարակությունն ինչպես թանգարանագիտական, այնպես էլ աղբյուրագիտական կարեւոր գործ է։ Դեռեւս 1964թ. Հայաստանի պատմության պետական թանգարանը հրատարակել է «Հատկանշական ցուցակ թանգարանային առարկաների» առաջին պրակը, որը խորագրված է՝ «Հայերեն արձանագրութամբ առարկաներ»։ Սակայն մեր մյուս թանգարանների ու հատկապես վանական հավաքածուների հազարավոր արձանագիր իրերն ու առարկաները դեռեւս սպասում են իրենց հրատարակիչներին։ Կարելի է ասել, որ Գալֆայան մասնավոր հավաքածուն, ի շնորհիվ Ա. Այվազյանի մանրակրկիտ ուսումնասիրության, բախտավոր է, որ արդեն իսկ ունի իր արձանագրությունների եւ հայագիտության համար կարեւոր ու ներկայանալի հրատարակությունը։

ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

պատմական գիտությունների դոկտոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728