Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարվա լռություն

Փետրվար 16,2013 10:15

Երկուշաբթի օրը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահի` թվով վեցերորդ ընտրությունները: Իշխանությունը խոստանում է, որ դրանք աննախադեպ են լինելու` որպես ամենաարդար, ամենաազատ ու ամենաթափանցիկ ընտրություններ: Անկախ նրանից` ինչ տեղի կունենա փետրվարի 18-ին, իշխանությունների խոստումը` աննախադեպ լինելու մասով, արդեն կատարվել է. 2013 թվականի նախագահի ընտրություններն իսկապես աննախադեպ են նորանկախ Հայաստանի պատմության մեջ, աննախադեպ են` որպես ամենաանբովանդակ, ամենաանհետաքրքիր և ամենաանհեռանկար ընտրություններ: Անցած բոլոր ընտրություններից փետրվարի 18-ի ընտրությունը տարբերվում է ևս մեկ առումով, ավելի ճիշտ` հակասականությամբ: Բոլոր համապետական ընտրությունների օրինականությունն, առաջին հերթին, պայմանավորվել է ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Նախորդ ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուների, որևէ թեկնածուի չհամակրող մտավորականների` ընտրողներին ուղղված հիմնական, քաղաքացիական կոչը եղել է ընտրություններին ակտիվ մասնակցությունը, որը համարվել է ընտրակեղծիքների դեմ պայքարի գրավականներից մեկը: Այս անգամ պատկերը, սակայն, միանգամայն հակառակն է. իշխանությունների հիմնական մտահոգությունը ոչ այնքան գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությունն է (վստահ լինելով «ընտրական համակարգի կառավարման» սեփական փորձին` իշխանությունը համոզված է, որ նրա «հաղթանակն» ապահովված է), որքան ընտրություններին քաղաքացիների աննախադեպ ցածր մասնակցության հեռանկարը: Պատահական չէ, որ նախորդ ընտրություններում «աշխատող ակտիվն» այս օրերին տնետուն ընկած մարդկանց համոզում/կաշառում է ոչ թե գնալ-ընտրել Սերժ Սարգսյանին, այլ ուղղակի գնալ քվեարկության: Այս առումով ընտրություններին ակտիվորեն մասնակցելու` ավանդաբար հնչող կոչն անուղղակիորեն դառնում է աջակցություն` իշխանության վերարտադրությանը: Մյուս կողմից` ընտրություններին չմասնակցելը նշանակում է` հրաժարվել քաղաքացու` սահմանադրական իրավունքը գոնե ձևականորեն իրացնելու հնարավորությունից: Սա, ըստ էության, փակուղի է ինքնուրույն ու առողջ մտածող յուրաքանչյուր քաղաքացու համար: Ու փետրվարի 18-ին ընտրողների այդ հատվածը կանգնելու է ոչ այնքան` «Ո՞ւմ ընտրել» հարցի, որքան` «Գնա՞լ, թե՞ չգնալ» երկընտրանքի առաջ: Դժբախտաբար, շատերի համար այդ հարցն արդեն վերաբերում է ոչ միայն փետրվարի 18-ին ընտրատեղամաս այցելելուն, այլ Հայաստանից հեռանալուն: Վաղը լռության օր է, օրենքով արգելվում է թեկնածուներից որևէ մեկի օգտին քարոզչությունը կամ հակաքարոզչությունը, որևէ թեկնածուի դեմ: Որքանով կհետևեն թեկնածուներն օրենքի այս ձևական, խորհրդանշական պահանջին, էական չէ: Քանի որ այսօրվա լռությունն ավելի շատ խորհրդանշում է «լռության 5 տարիները», որոնք Հայաստանն ապրելու է փետրվարի 19-ից հետո: Քաղաքացիներով կամ առանց նրանց:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Չկա չարիք, առանց բարիքի: Գուցե ժողովուրդը գալիք 5 տարում խելք կհավաքի և կհասկանա, որ
    իրեն վաճառելով, վերջին հաշվով թշնամուն է վաճառելու հայրենիքը: Խաթարված բարոյական
    համակարգը մի օր անպայման կտա իր ողբերգական պտուղները: Օրինակերը պատմության մեջ շատ
    են, միայն մնում է, որ մեր տաղանդավոր ազգը,՝ ,, իսկ ով տաղանդավոր չէ, ապա հանճարեղ է,, շուտ
    խեքի գա, որ այդպես չի կարելի,՝ որքան ուշ՛ այնքան աղետալի է լինելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728