

Արդարացման դատավճիռը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Դատարան էր ներկայացել նաեւ 2003թ. դեկտեմբերի 24-ին սպանված մյուս զինվորի՝ Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը: Ի դեպ, վերջինն ընդհանրապես դեմ էր մեղադրանքի կողմի փաստարկներին: Իսկ մեղադրանքի կողմը պահանջում էր բեկանել Շիրակի մարզի դատարանի կայացրած դատավճիռն ամբողջությամբ, քանի որ ըստ դատախազներ Հարությունյանի եւ Շահինյանի, դատարանն ակնհայտ անհիմն դատավճիռ է կայացրել:
Փաստաբան Հայկ Ալումյանը, որը Ստեփան Ոսկանյանի հետ ներկայացնում էր արդարացվածների պաշտպանությունը, տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանին հորդորեց, որպեսզի օգտագործի ոչ թե «այս երեք մարդասպանները» բառակապակցությունը, այլ «արդարացվածներ»:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանը 16 էջից բաղկացած առարկություններ ներկայացրեց դատարանին, հայտնելով, որ նախաքննությունն իրականացրած մարմինը 2003թ-ից դեռ նոր ապացույց չի բերել, չի պարզել, թե դեպքի վայրը որտեղ է եղել՝ զորամասի՞ց դուրս, ջրամբարո՞ւմ, որտեղից գտնվել են սպանված զինվորների դիակները:Նա նաեւ տեղեկացրեց, որ նախաքննությունը ինքնախոստովանական ցուցմունքներ է կորզել Ռազմիկ Սարգսյանից, որի դեմքը տեսանկարահանված կադրում երեւում է, ոչ թե «չաղ է», այլ ծեծից ուռած:
Այս գործով փաստաբանն ուշադրություն դարձրեց եւս մի ինքնախոստովանական ցուցմունքի վրա՝ Արման Գրիգորյանի, որն ասել է, թե ինքն է մասնակցել զինվորների սպանությանը եւ տվել էր 4 զինվորների անուններ: Նախաքննության մարմինը ըստ փաստաբանի բավարվել է Ռազմական ոստիկանության պետի եւ ԱԱԾ գրություն ուղարկելով, մինչդեռ չեն կատարվել մի շարք կարեւոր գործողություններ.որոշել տուժողների հարբածության մասին, դեպքի վայրը, շարժառիթը, ժամանակը, վկաների հայտնած կարեւորագույն տեղեկությունները: Մեկ վկայի՝ Էդիկ Հարությունյանի անչափահաս աղջկա նկատմամբ ձերբակալություն է անգամ եղել:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ ապացուցված չէ երեք զինվորներին առաջադրված մեղադրանքը:
Այս գործը 2004թ-ից կտրուկ ընթացք է ունեցել.15 տարվա ազատազրկում, ցմահ ազատազրկում, ապա վճռաբեկ դատարանը այն ժամանակ զինվորական եւ քրեական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի նախագահությամբ գործը ետ ուղարկեց, կալանքը փոխվելով, եւ ազատ արձակվեցին երեք զինվորները:
Հրապարակվեցին վկաներից մի քանիսի ցուցունքները, որոնք ապացույց են ճանաչվել: Համաձայն վկաների, ջրամբարում, որը «Ջրաչափի շինություն» անվամբ էր հայտնի, երեք զինվորները տնից ստացած հացն են կերել: Այնտեղ, «գաղտնի» ուտելու եւ շարժառիթ դարձած վեճի մասին խոսել չէր կարելի, քանի որ ըստ վկաների, ամեն ինչ եղել է տեղում, պահածոն, մանդարինի կլեպները, գարեջրի շիշը, արյուն չի եղել, քաշքշոցի հետք, իսկ 5 հոգով վեճ հնարավոր չէր նշված տարածքում, քանի որ սպանվածների ձայները լսվել են զորամասի կողմից, ոչ թե կիսակառույցի, որը դարձրել են դեպքի վայր:
Գոհար Մելքոնյանն ասաց. «Որդուս սպանել եւ ջուրն են գցել: Իմ համար մարդասպանները իրենք են: Առաջարկում եմ արտաշիրիմում, քանի որ Ռազմիկ Սարգսյանի տված ցուցմունքները համապատասխանում են մեղադրանքին: Անցել են տարիներ, վկաների կեսը կաշառվեց, կեսը վախեցան: Ո՞վ խոշտանգեց որդուս»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 25-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































