

Ամեն անգամ մոր ծննդյան տարեդարձին Շիրազը շնորհավորական բացիկ էր պատրաստում, բարեմաղթանքներ գրում ու ասում, որ կարեւորն իր սերն ու ջերմությունն է, իսկ նվերը մեկ ուրիշ օր կտա:
Շիրազ Բարսեղյանը ծնվել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում: Հիմա, երբ հավաքվում են Շիրազի ընտանիքն ու ազգականները, բոլորը խոսում են նրա մասին ու տունը լցվում է բարի հիշողություններով ու ջերմությամբ:
Մարիետան՝ Շիրազի մայրը, պատմում է. «Շիրազս ուզում էր Ոստիկանության ակադեմիա ընդունվել, օրուգիշեր պարապում էր: Բացի գիտական առարկաներից, ֆիզկուլտուրայի քննություն պետք է հանձներ: Մի օր տեսնեմ այգում նստած մի պարկ ա կարում, հարցրեցի, թե ինչ ա անում, ասեց՝ «մեջը հող եմ լցնելու՝ ծառից կախեմ, որ ֆիզիկական վարժություններ պարապեմ»: Շատ ինքնուրույն էր, աշխատում էր մեզ նեղություն չտալ եւ իր նպատակներին ուզում էր սեփական ջանքերով հասնել: Քննությունների գնահատականները բավարար չեղան Ոստիկանության ակադեմիայի համար, բայց ցույց չէր տալիս, որ տխրել է՝ իր բարձը գրկել ու լուռ պառկել էր»:
Կարդացեք նաև
«Մյուս կողմից էլ,- ասում է Շիրազի մորաքրոջ տղան,- Շիրազին ասում էինք՝ երեւի լավ ա, որ չընդունվեցիր, դա քո տեղը չէր»:
Շիրազն ընդունվեց Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժին, հեռակա ուսուցման:
Զորակոչվելու նախօրեին Շիրազը դիմում է գրում՝ խնդրելով, որ զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո իրեն հեռակա ուսուցումից տեղափոխեն առկա ուսուցման: Դիմումը ստորագրում է. ստորագրությունները շարվում են իրար ետեւից, ամբողջ էջ զբաղեցնում: Շիրազը միտքը փոխում է եւ դիմումը չի ուղարկում համալսարան:
«Որ բանակից գար, երեւի կտեղափոխվեր իրավագիտության կամ քաղաքագիտության ֆակուլտետ, դա նրան ավելի էր հետաքրքրում»,- ասում է Շիրազի քույրը՝ Մելինեն:
Շիրազին հարազատները միշտ հիշում են որպես շատ բարի, աշխույժ, կատակասեր ու եռանդով լի երիտասարդի, ով առանց տրտնջալու հոգ էր տանում կույր տատիկի մասին ու խնամում էր հիվանդ պապին:
Գյուղի նորակառույց թաղամասում, որտեղ Շիրազը մեծացել է, հիմնականում երիտասարդ ընտանիքներ էին ապրում: «Դրսում իրար հետ շատ էինք խաղում՝ ֆուտբոլ, հալամուլա, էլ ինչ ասես»,- հիշում են քույրն ու մորաքրոջ որդիները: Մարիետան պատմում է, որ երբ իր երեխաները երեկոյան շատ էին ուշանում, գալիս էին դռան մոտ կանգնում ու ամաչում էին ներս մտնել, քանի որ շատ էին ուշացել իր կանչելուց հետո:
Մինչեւ յոթերորդ դասարան Շիրազին մաթեմատիկա էր դասավանդում մայրը, բայց, երբ ուսուցիչը փոխվեց, մի օր մայրը նկատեց, որ Շիրազն արդեն մաթեմատիկա չէր սովորում, շատ էր ծուլանում: «Մի օր ասացի. Շիրա՛զ ջան, սովորի, թե չէ մարդիկ կմտածեն, որ քեզ հենց այնպես լավ գնահատականներ էի դնում: Շիրազս էլ ասաց. «մա՛մ ջան, մինչեւ հիմա քո համար էի սովորում, որ դասարանում քեզ վատ չզգաս, էլ չեմ սովորելու, մաթեմատիկա չեմ սիրում»,- հուզված պատմում է մայրը:
«Շատ արագ էր ամեն ինչն անում, ուշանալ չէր սիրում, մինչեւ ես տանից դուրս էի գալիս, որ դպրոց գնամ, ինքն արդեն այնտեղ էր լինում,- ասում է Մելինեն ու ավելացնում,- մենք շատ էինք կապված իրար հետ, բայց նաեւ անիմաստ շատ էինք վիճում: Տնային կենդանիներ էր սիրում պահել՝ նապաստակ, ճագար, թութակների համար ինքն էր վանդակներ պատրաստում»:
Երբ Մելինեն արդեն համալսարանում էր սովորում, ծնողները մտադիր էին գյուղի տունը վաճառել, որպեսզի տեղափոխվեն Երեւան: Մելինեն չէր համաձայնում, չէր ուզում, որ գյուղի տունը վաճառեն: Շիրազը, չնայած որ երազում էր Երեւանում ապրել, ծնողներին հորդորում էր՝ ասելով. «մա՛մ, քրոջս մի՛ նեղացրեք, թող իր ուզածով լինի»:
Համալսարան ընդունվելուց հետո Շիրազը տեղափոխվեց Երեւան: Հայրը Երեւանում էր աշխատում եւ մի սենյակ էր վարձակալել: Տանտերը մի ծեր, անկողնային հիվանդ կին էր, ում մասին հոգ էր տանում Շիրազը: «Դասից սոված տուն էր գալիս, ձվածեղ անում, սկզբում ինձ էր բերում տալիս, հետո ինքը նստում, ուտում»,- պատմել էր այդ կինը Շիրազի մորը:
Արձակուրդներին Շիրազն աշխատում էր հոր հետ: Ավետիք Բարսեղյանը՝ Շիրազի հայրը, ասում է, որ նրա նման գործընկեր դեռ չի ունեցել. «Շատ նրբանկատ էր, ամեն մեկին յուրահատուկ վերաբերմունք էր ցույց տալիս: Կարծում էի, թե ջահել ա, չի կարողանա աշխատել, բայց առավոտյան ժամը վեցին արթնանում էր, հետս գալիս գործի»:
Հարազատները հիշում են, թե ինչպես էին զարմացել, երբ առաջին անգամ դիտել էին Շիրազի դերասանական խաղը: «Լավ դերասան կլիներ,- պատմում է մորաքույրը՝ Լարիսան,- տաղանդ ուներ: Տղայիս հետ ներկայացում էին բեմադրել ու նկարահանել, շատ ենք ափսոսում, որ նկարածը կորցրել ենք: Մի սփյուռքահայի դեր էր խաղում, զարմացել էինք, թե բացի լավ խաղից, էդքան արեւմտահայերեն որտեղի՞ց գիտի, շատ արտիստիկ էր»:
Շիրազի մայրը կարոտով հիշում է, որ շատ մտերիմ էր որդու հետ, բայց երբեմն նա նույնիսկ մոր հետ չէր կիսվում իր գաղտնիքներով. «10-րդ դասարանում Սուրբ Սարգսի տոնի առթիվ էրեխեքն իրիկունն աղի բլիթ կերան: Առավոտյան հարցրեցի՝ տղա՛ ջան, ո՞ւմ տեսար երազումդ, ասեց՝ ում ուզում էի տեսնել՝ չտեսա… Թե ում էր ուզում տեսնել, չասեց, մենակ ասեց՝ լավ աղջիկ ա, լավ ընտանիքից, դու կհավանես»:
Հիմա մայրը կռահում է, թե ով էր այդ աղջիկը, ում այդքան շատ էր Շիրազն ուզում տեսնել երազում:
Մելինեի մեջ տպավորվել է Ոստիկանության ակադեմիայի՝ Շիրազի ընդունելության քննության առաջադրանքի թեման, որը նկարագրում էր որդեկորույս ընտանիքի հոր, մոր եւ քրոջ ապրումները: «Ոնց որ մեր ընտանիքի մասին լիներ»,- ասում է քույրը:
Բարսեղյանների գյուղի տունը գերեզմանին է նայում: Գերեզմանաքարերից մեկն էլ Շիրազինն է, որ ասես իրենց տան վրա է նայում ու հանգիստ չի տալիս մորը:
Շիրազ Բարսեղյանը զոհվել է 2009թ. սեպտեմբերի 5-ին, Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում, ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:
«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Առավոտ» օրաթերթ

















































