Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում հաստատված սիրիահայերի թիվը վեց ամսում չի փոխվել (Տեսանյութ)

Մարտ 19,2013 14:22

Սիրիահայ եւս մի քանի ընտանիքներ պատրաստվում են բնակություն հաստատել Արցախի Քաշաթաղի շրջանում:

 Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող ներքաղաքական լարված իրավիճակը շատ սիրիահայերի ստիպել է գալ ու բնակություն հաստատել Հայաստանում ու Արցախում: Արցախում սիրիահայերը հիմնականում հաստատվել են Քաշաթաղի շրջանում:

Ըստ «Աջակցություն ինքնորոշված Արցախին» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Տոնոյանի, Քաշաթաղում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքների թիվը 23-ն է, ընդհանուր թվով՝ 71 հոգի:

«Վեց ամիս առաջ նույն թիվն է եղել: Այս ամիսների ընթացքում այդ թիվը չի պակասել: Մենք մտավախություն ունեինք, որ գուցե պակասեր»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց Մ. Տոնոյանը ու հավելեց, որ Քաշաթաղում բնակվող սիրիահայ ընտանիքներն ինչպես բազմանդամ են, այնպես էլ կազմված են երկու-երեք հոգուց:

Բանախոսի խոսքով՝ սիրիահայ ընտանիքների համար արդեն հատկացվել են բնակարաններ, որոնք գտնվում են վերանորոգման փուլում:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք կազմակերպությունը կարողանում է սիրիահայերին ապահովել նաեւ աշխատանքով, «Աջակցություն ինքնորոշված Արցախին» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը պատասխանեց, որ հիմնադրամը բավարար միջոցներ չունի այդպիսի գործունեություն իրականացնելու համար, սակայն, ինչպես նա նշեց, իրենց կամավորները ամեն ինչ անում են, որ առկա խնդիրները հայտնվեն պետական ու պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ՝ այն կազմակերպությունների, որոնք ունեն բավարար ֆինանսական ներուժ:

Մ.Տոնոյանը նշեց, որ հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են կամավորական հիմունքներով ու համոզմունք հայտնեց, որ դեռեւս մի քանի ընտանիքներ կգան ապրելու Արցախի վերոնշյալ շրջանում:

Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղում բնակություն հաստատած սիրիահայերի մեծ մասը Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքից են:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031