Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թ․ սեպտեմբերի 27-ին առաջիններից էր, որ ներկայացավ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատ և առաջին խմբերի հետ մեկնեց Ջաբրայիլ

Հոկտեմբեր 08,2026 11:09 Share
Աջակցեք aravot.am-ին

Երբ կազմավորվեց Քաշաթաղի շրջանը, և սկսվեց վերաբնակեցումը, առաջինն այստեղ սկսեցին հիմնականում բնակություն հաստատել Արցախյան գոյամարտի մասնակիցները՝ ընտանիքներով ու միայնակ։ Նույն ազատամարտիկներն ու նրանց արդեն զավակներն առաջիններից էին, որ հասնում էին առաջնագիծ, կանգնում զինվորի կողքին, երբ լինում էր անհրաժեշտություն։

2014 թ․ օգոստոսին մի պահ լարված էր սահմանում, և պետք էր աջակցել սահմանի զինվորին։ Քաշաթաղի շրջանից 200-ից ավելի կամավորականներ մեկնեցինք Մատաղիս-Թալիշ հատվածը հսկող սահման։ Տարբեր մարտական հենակետերում էինք հսկում։ Մեր դիրքի հարևանությամբ Մշենի, Լեռնահովիտ և Սոնասար համայնքների կամավորականներն էին, նրանց հետ էր Համլետ Մայիսի Գրիգորյանը, որը գիտեր իր անելիքը։

Հերթափոխի այդ օրերին նաև լրագրողական աշխատանք էի կատարում, հանդիպում մոտակա հենակետերի հիմնական զինվորականներին, կամավորականներին, զրուցում նրանց հետ։ Հերթական անգամ, երբ եղա մեր հարևան հենակետի տղաների մոտ, Համլետը զինվորական կացարանում չէր․ թշնամու արձակած կրակոցներից կապի լարը կտրվել էր, և Համլետն այն կարգավորում էր։ Եկավ, և կապն աշխատեց։ Թշնամին նկատել էր նրան, կրակել շատ մոտ։ 2016-ի Ապրիլյան պատերազմում էլ Համլետն առաջնագծում էր ու ծառայում էր նվիրված։

Ծնվել է 1975 թ․ օգոստոսի 27-ին Երևանում։ 1993 թվականին՝ 18 տարեկան էր արդեն, որ մասնակից եղավ Արցախյան գոյամարտին՝ լինելով տարբեր ռազմական մասերում։ Ազատագրված և վերահայացող Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի պատմական Սոնասարի առաջին վերաբնակիչներից է Մայիս և Սիլվա Գրիգորյանների ընտանիքը՝ 4 դուստրերով ու Համլետ, Գրիգոր որդիներով։ Համլետը գյուղի շենացմամբ զբաղվող երիտասարդներից էր, մասնակցում էր հասարակական բոլոր կարևոր միջոցառումներին, շինարարական, ճանապարհաշինական, խմելու ջրատարների կարգավորման հարցերով։ Աշխատում էր համայնքապետարանում՝ որպես հաշվապահ։ 2015-ին՝ հոր վախճանվելուց հետո, խնամել է նաև մորը։ 2014 և 2016 թվականների ռազմական գործողություններին մասնակցելու համար արժանացել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալի։ Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման Հոչանցի թևի նախագահն էր, նաև ՀՀ ԵԿՄ անդամ։

2016-ին մոտ 3 ամիս առաջնագծում էր Համլետը՝ քաշաթաղցի կամավորականների հետ։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին առաջիններից էր, որ ներկայացավ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատ և առաջին խմբերի հետ մեկնեց Ջաբրայիլ։ Հենց առաջին օրը թշնամու անօդաչու թռչող սարքերը հասան Բերձորի ու մոտակա բնակավայրերի տարածք։ Ճիշտ է՝ մի քանիսը խոցվեցին երկնքում, մեկն էլ ընկավ Բերձորի վրա, սակայն զգացվում էր՝ ծանր պատերազմի մեջ ենք մտել։ Պատերազմի սկզբում եղան առաջին զոհերն ու վիրավորները, անհայտ կորածները նաև Քաշաթաղի շրջանից։ Պատերազմը թեժանում էր։ Նահատակների շարքում է նաև Համլետը՝ Սոնասար համայնքում շատ սիրված անձնավորությունը։

Մեծ ցավ է՝ գնալով ավելանում են Անմահների շիրիմները Եռաբլուրում, քարե սալիկների վրայից մեզ են նայում բազում քաջորդիների հայացքներ՝ խնդուն ու տխուր, հանգիստ ու խոհուն։ Փետրվարի 15-ին լուռ շքերթի ելած մեր ԱՆՄԱՀՆԵՐԻ շարքերը համալրվեցին դարձյալ։ Հայրենի հողին հանձնեցինք նաև Համլետին։

Սոնասարի Սամսոն Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանը, ով երկար տարիներ ճանաչում էր Համլետին, և 2016-ին միասին հսկել են Մատաղիս-Թալիշի, այնուհետև՝ Ջաբրայիլի սահմանում, գրում է․

«Համլետ Գրիգորյան, հերոս ընկեր։ 2020 թ․ սեպտեմբերին Համլետ Գրիգորյանը՝ սոնասարցի բոլոր երեխաների Համո քեռին, նախաձեռնել էր Հոչանցում ամփոփված ազատամարտիկ Դերենիկ Դանղյանի շիրմաքարին խաչքար տեղադրելու և տաղավար կառուցելու աշխատանքները՝ Սոնասարի, Մշենու և Հոչանցի գյուղական համայնքների ընկերներով։ Տաղավարը պատրաստեց իր ձեռքով Սոնասարի միջնակարգ դպրոցի մոտ, խաչքարը պատվիրվեց և սեպտեմբերի 26-ին տեղադրեց։ Ասաց՝ ընկերներով կհավաքվենք խաչքարի մոտ․ պայմանավորվեցինք՝ հոկտեմբերի 9-ին։ Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, ինչպես 1990-ականներինը, հայրենի հողի պաշտպանության կանչով շատերին ռազմադաշտ տարավ, նաև՝ Համլետին։ Զանգահարում էր ամեն օր, մինչև հոկտեմբերի 9-ը, ու․․․ էլ չզանգեց․․․ Մորաքրոջ որդու՝ Նաիրիի ջանքերով հնարավոր է եղել հունվարի վերջին հայտնաբերել հերոսի մասունքները Մեխակավանում և ԴՆԹ նույնականացում անել։

Սոնասարից Արև Հովհաննիսյանը գրում է․ «Համո քեռիս իր մարդ տեսակով միշտ մեր հետ կլինի, խորը ցավ ու անդառնալի կորուստ․․․»։

Իսկ Նունե Մկրտումյանի համար Համոն հիանալի մարդ ու գործընկեր է և միշտ կմնա իր հիշողությունում։ Շատ քաշաթաղցիներ մասնակից եղան Համլետի հուղարկավորությանը, և մեծ ցավով ճանապարհեցին դեպի հավերժություն։ Ցավ է նաև, որ նույն Սոնասարն ու Հոչանցը, որոնց շենացմամբ էր տարված քաջորդին, թողեցինք թշնամուն, վերստին գերության հանձնեցինք Հոչանցի Սուրբ Ստեփանոս և ժայռափոր եկեղեցիները, Սոնասարի բազում խաչքարերը, Հորչանցի ազատագրման համար 1992-ին մարտիրոսված Ալվարդ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցը․․․

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել