
Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն հարցներ, ինքը դեմ էր հացադուլին եւ ավելի կողմ էր, որ շարունակեր մարզերով շրջագայությունները: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իսկապես մայրաքաղաքից դուրս կա Հայաստան եւս, թե քարոզարշավի ընթացքում, թե՛ հետընտրական շրջանում ինքն իր գործընկերների հետ այցելել է գյուղեր եւ քաղաքներ. «Կարծում եմ, ժամանակը կգա, եւ մենք նորից կայցելենք եւ մեր պատգամը կտանենք այնտեղ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հաղթանակը պարտադիր լինելու է. «Գիտենք, թե ինչ արձագանքներ կան իշխող կուսակցությունից, որ չափազանց երկար տարիներ ինքն իրեն շփոթել է պետության հետ, ազգի հետ, Նժդեհի հետ եւ պատասխան պետք է տա այդ շփոթմունքի համար: Իր շուրջինները, որ իբր թե Խորհրդային Միության ժամանակ այլախոհ եղել են, մեզ սատանա են ասում, ինքնակոչ հեղաշրջող, աղանդավոր: Ինքնագոհ հեղաշրջողները նրանք են, եւ դատարանի առջեւ իրենք պետք է պատասխան տան: Քաղաքացիներն ասեցին թասիբ: Թող թասիբ ունենան, հրապարակ գան, տեսնեն ինչ որակ կա այստեղ ոչ միայն այս բարձրախոսի մոտ, այլեւ ժողովրդի մոտ: Մենք արդեն մի բռունցք ենք դառնում, եւ իրենք բոլորը դա գիտեն»:
Դիմելով ՀՀԿ-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց. «Իրենք դառնալու են խիստ փոքրամասնություն, որովհետեւ ժողովուրդը գալու է իշխանության: Այնպես որ՝ բարեւ Հայաստան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































