Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակներ՝ գիտության ոլորտը լուսաբանող լրագրողներին (Տեսանյութ)

Մարտ 29,2013 22:57

IMG_2964

Այսօր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ մրցանակաբաշխություն էր կազմակերպել գիտական ոլորտի հիմնախնդիրները լուսաբանող լրագրողների համար:

Մինչ մրցանակները հանձնելը՝ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ Կարապետյանների ընտանիքը, ի թիվս այլ ոլորտների, առանձնահատուկ տեղ է տալիս գիտությանն ու կրթությանը. «Բոլորս հասկանում ենք, որ գիտության ոլորտում այսօր շատ խնդիրներ կան: Սակայն Կարապետյանների ընտանիքի հավատամքն է ցանկացած պարագայում առաջ շարժվել՝ այդ խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանք կուտակելու ճանապարհով: Այդ ճանապարհին կարեւորվում է մասնավոր հատվածի ներգրավվածությունը եւ աջակցությունը, որը հնարավորություն է տալիս հուշել պետությանը՝ անհրաժեշտ քայլեր եւ գործողություներ»:

Նա ՊԳՖԱ-ի հետ հիմնադրամի համագործակցությունը գնահատեց արդյունավետ եւ շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ գիտության ոլորտի խնդիրները լուսաբանելու համար:

ՊԳՖԱ ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը համաձայնեց, որ իսկապես գիտության ոլորտում կուտակվել են խնդիրներ, ավելին՝ «Ինչ-որ տեղ մոտեցել ենք կրիտիկական շեմին: Ծերացել են գիտության ոլորտի աշխատակիցները, էապես կրճատվել է գիտության ոլորտի գիտաշխատողների քանակը, բարոյապես մաշվել են լաբորատորիաների սարքավորումները եւ շատ այլ խնդիրներ»: Ըստ Արթուր Իշխանյանի, խիստ անհրաժեշտ է, որ այս բոլոր խնդիրները հասկանան պետական կառույցները եւ հասարակությունը: Քայլեր է պետք ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու համար:

Նշենք, որ լրագրողների այս մրցույթին սահմանված էին դրամական պարգեւներ: Առաջին մրցանակակիրը՝ Անահիտ Սարգսյանը ստացավ 500 հազար դրամ, 2-րդ մրցանակակիրը՝ Մանե Հակոբյանը՝ 400 հազար դրամ, իսկ 3-րդ մրցանակին արժանացավ Հրայր Մանուկյանը եւ ստացավ 300 հազար դրամ: Մրցույթի մյուս 11 մասնակիցները ստացան 150 հազարական դրամ:

Գիտության ոլորտի հիմնախնդիրներն ակտիվորեն լուսաբանելու համար մրցանակի արժանացավ նաեւ Aravot.am-ի լրագրողը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031