Լրահոս
Օրվա լրահոսը

Վիշապաքարերը՝ վաղ կազմակերպված հասարակության և ջրաբաշխական համակարգի վկաներ

Նոյեմբեր 27,2026 17:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Վիշապաքարեր. պատմական ուղերձը» խորագրով բանախոսությունը, որը վարեցին աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը և հնագետ Արսեն Բոբոխյանը։ Գիտնականները ներկայացրին Nature հրատարակչության Scientific Reports հեղինակավոր ամսագրում լույս տեսած և միջազգային լրատվամիջոցներում լայն արձագանք ստացած երկու միջգիտակարգային հոդվածների հիմնական արդյունքները։

Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանն ընդգծեց, որ սա հայաստանյան գիտության միջազգայնացման և հումանիտար ու ճշգրիտ գիտությունների արդյունավետ համագործակցության եզակի օրինակ է. «Հայաստանյան գիտությունը միջազգայնացնելու ամենաուղիղ և ազդեցիկ ճանապարհներից մեկը բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրվելն է։ Այս աշխատանքով մենք կարողացանք Հայկական լեռնաշխարհի մշակութային ֆենոմեններից մեկը ներկայացնել աշխարհին և մեծ ընդունելության արժանանալ»։

Արսեն Բոբոխյանը ներկայացրեց վիշապաքարերի ուսումնասիրության պատմությունն ու վերջին 15 տարիների պեղումների արդյունքները։ Նա հիշեցրեց, որ Հայկական լեռնաշխարհին բնորոշ այս կոթողները (մինչև 5,5 մետր բարձրությամբ, անդեզիտա-բազալտից) հանդիպում են ծովի մակերևույթից 1200-ից մինչև 3200 մետր բարձրություններում՝ հիմնականում Արագածի և Գեղամա լեռների գոտիներում, ինչպես նաև Վարդենիսի, Սյունիքի, Ջավախքի լեռներում և Վանա լճից հյուսիս ընկած տարածքներում։

Խոսելով տիպաբանության մասին՝ հնագետը նշեց, որ վիշապաքարերը բաժանվում են երեք հիմնական խմբի՝ ձկնակերպեր, ցլակերպեր և հիբրիդներ (ցուլ-ձուկ, որոնք բնորոշ են միայն Գեղամա լեռներին), թեև վերջին տարիներին ի հայտ են եկել նաև բացառիկ նմուշներ, ինչպիսին է Արագածի Իրինդ գյուղի երկգլուխ վիշապաքարը (ցուլ և հովազ կամ առյուծ)։

Անդրադառնալով Արագածի լանջին՝ մոտ 2900–3000 մետր բարձրության վրա գտնվող Տիրինկատար հնավայրին (որտեղ հայտնաբերվել է վիշապաքարերի ամենամեծ կուտակումը՝ 12 կոթող)՝ Արսեն Բոբոխյանը նշեց. «Տիրինկատարում 15 տարի աշխատում ենք, կատարվել է մոտ 60 ռադիոածխածնային վերլուծություն, և մինչ օրս ոչ մի մարդկային ոսկոր դուրս չի եկել։ Այսինքն՝ սրանք ոչ թե դամբարաններ են, այլ զոհաբերական, ծիսական միջավայրեր։ Իսկ մ.թ.ա. մոտ 1000 թվականը՝ վաղ երկաթի դարը, կարելի է համարել վիշապների դարաշրջանի ավարտը»։

Հնագետն ընդգծեց, որ դեռևս 1920–30-ական թվականներին Աշխարհբեկ Քալանթարն էր նկատել վիշապաքարերի և բարձրլեռնային ջրաբաշխական համակարգերի սերտ կապը։ Այս տարի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված պեղումները Տիրինկատարի ներքևում գտնվող «12 բանդեր» կոչվող ջրաբաշխական համակարգի չորրորդ ջրանցքի հատվածում բացահայտել են մոտ 50 մետր երկարությամբ և 3–4 մետր բարձրությամբ հզոր ջրանցույց, որը գործել է դեռևս երկաթի դարում։

Արսեն Բոբոխյանը նաև հիշեցրեց, որ երկու տարի առաջ վիշապաքարերն ու Տիրինկատարի մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, և ներկայումս ընթանում են դրանք վերջնական ցանկ ներառելու աշխատանքները։

Պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը ներկայացրեց 115 վիշապաքարերի չափերի և ծովի մակերևույթից գտնվելու բարձրությունների վիճակագրական վերլուծությունը։ Նրա խոսքով՝ տրամաբանորեն կարելի էր ենթադրել, որ որքան բարձր է տեղանքը, այնքան ավելի փոքր պետք է լինեն կոթողները, քանի որ բարձրլեռնային գոտիներում աշխատանքային սեզոնը կարճ է, իսկ ռեսուրսների ծախսը՝ անհամեմատ մեծ։ Սակայն տվյալների մշակումը բացահայտել է անսպասելի օրինաչափություն.

«Պարզվեց, որ վիշապաքարերի բաշխումն ըստ բարձրությունների ունի երկու հստակ պիկ՝ բիմոդալ բաշխում, որը պահպանվում է նաև ամենամեծ չափերի կոթողների դեպքում։ Սա նշանակում է, որ ստեղծողները գիտակցված կերպով հսկայական ռեսուրսներ են ծախսել և մեծ չափերի կոթողները տեղադրել կոնկրետ բարձրությունների վրա։ Դա չէր կարող լինել պատահական. եղել է հստակ խթան, և այդ խթանը ջրի պաշտամունքն ու ջրաբաշխական համակարգի կառավարումն է»,- նշեց Վահագն Գուրզադյանը։

Աստղաֆիզիկոսի խոսքով՝ այս վիճակագրական եզրակացությունը հաստատում է, որ վիշապաքարեր ստեղծողներն ապրել են ոչ թե պարզ ցեղային, այլ արդեն իսկ բարձր կազմակերպված հասարակությունում, որն ունակ էր բարձր լեռներում կառուցել ու սպասարկել հովիտները սնուցող բարդ ջրաբաշխական համակարգեր։

Անդրադառնալով միջազգային մամուլի արձագանքներին՝ Վահագն Գուրզադյանը նկատեց, որ թեև աշխարհի առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են այս բացահայտմանը՝ այն որակելով «Հայկական լեռնաշխարհի առեղծվածի բացահայտում», որոշ հրապարակումներում տեղ են գտել նաև աշխարհագրական շփոթմունքներ՝ կապված Արագածի և Արարատի հետ։ Գիտնականը պարզաբանեց, որ ի տարբերություն Արարատի, որն ունի ներծծող գրունտ և մակերեսային հոսքերի պակաս, Արագածը հարուստ է հալոցքային ջրերով, որոնք սնուցում են ամբողջ տարածաշրջանը, ինչով էլ պայմանավորված է եղել վիշապաքարերի և ջրաբաշխական համակարգերի կենտրոնացումն այդ լեռնազանգվածում։

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել