Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Թոքմաջյան. «Երևանը թանգարան է բաց երկնքի տակ, թե՞ ռեստորան ու սրճարան է բաց երկնքի տակ»

Ապրիլ 05,2013 17:53

Առջևում ավագանու ընտրություններն են և քանդակագործ Լևոն Թոքմաջյանն ու գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսեցին այն ամենի մասին, ինչից գոհ են և հակառակը:

Քանդակագործն ասաց. «Այնքան ցայտուն օրինակներ կան մեր քաղաքում, որ ասել՝ տեսել ենք նրանց աշխատանքը կամ ոչ, դա էլ ճիշտ չէ: Ես բերեմ փայլուն օրինակ՝ պրոսպեկտի փակ շուկան: Հսկայական մի հատ շենք քանդում են և ոչ ոք չգիտի՝ դրան նախագիծ կա, թե՞ ոչ, բայց խե~ղճ ժողովուրդ` մեկը մի քոլիկ է ուզում դնի, հարյուր հատ նախագիծ են ուզում: Մի հսկայական շենք է քանդվում և ոչ ոք չի մտածում, բայց առաջին հերթին դա քաղաքապետարանը պետք է մտածի, չէ որ ավագանու անդամների մեջ այդքան ճարտարապետներ կան: Ես կարծում եմ, որ այդ շուկան մեր հնամենի` Երևանի լավագույն ճարտարապետական կոթողներից է և ոչ միայն դա` ինչո՞ւ քանդվեց Սևան հյուրանոցի շենքը, Աբովյան փողոցի վրա Լեզվի և գրականության ինստիտուտի շենքը, Դատախազության շենքը՝ Սարյանի փողոցի վրա: Փոխարենը էլիտար շենքեր և ամբողջ քաղաքը միապաղաղ կառուցվեց»:

Լևոն Թոքմաջյանը նշեց, որ այդ ամենը կապ չունի այսօրվա քաղաքապետի նկարագրի հետ, որովհետև Տարոն Մարգարյանի գալուց առաջ էլ, այդ ամենը եղել է: Քանդակագործը ցանկանում է, որ նոր ավագանու կազմը, որի մեջ է նաև իր ազգականը` Հովհաննես Թոքմաջյանը, մեր լավագույն հնությունների նկատմամբ մի քիչ ավելի աչալուրջ լինեն: Քանի որ քաղաքը դա մարդիկ են, դա ճարտարապետական, քանդակագործական արտաքին նկարագիրն է: Եվ եթե դրանք պակասում են` էլ ի՞նչ քաղաք:

Քանդակագործն ասաց. «Մեր քաղաքն արդեն քանի՞ տարեկան է, բայց ի՞նչ է մնացել այդ ամենից: Կարծում եմ Երևանը շուտով կկոչվի Նոր Ավան: Հին Երևանից միգուցե էլ բան չմնա: Այդ ամենը մեր հիշողություններն են, և եթե մենք կորցնենք դա, նոր սերունդը չի էլ իմանա, թե ո՞նց է եղել: Մի ժամանակ ասում էին Երևանը թանգարան է բաց երկնքի տակ: Այսօր դա չենք կարող ասել, այլ սրճարաններ ու ռեստորաններ են բաց երկնքի տակ: Այդ էլիտար շենքերն են բաց երկնքի տակ»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ արտահայտեց իր կարծիքը. « Ինձ Երևանի կերպարի վիճակով դուր չեն գալիս այն շինությունները, որոնք վերևի հարկերում դնում են: Շենքի վրա ավելորդ հարկ են ավելացնում: Եվ երբեմն միասնական ոչինչ չբերած քրդի յուբկա է դառնում: Դա ամենաայլանդակ բանն է, որ քաղաքում տեղի է ունենում: Այո՛, քաղաքը պետք է զարգանա, արդիականանա: Ես շատ բարձր եմ գնահատում Նարեկ Սարգսյանի աշխատանքը, նա հերոս է, որ ճակատ տալով կարողանում է Երևանը նորոգել, զարգացնել: Թամանյանի նախագծում այլ էր, հիմա փոխեցին և այս ձևով էլ է ընդունելի: Քաղաքը փորձադաշտ չէ, բայց մենք շատ դժվարությամբ ենք կարողանում ընտելանալ փոփոխությանը: Լավ կլիներ, որ մի քանի այդ հին գեղեցիկ շենքերը հավաքեին մի փողոցի վրա ու կոչվեր Հին Երևան»:

Գրականագետը խոսեց նաև այն փողոցների մասին, որոնք լայնանալու փոխարեն նեղանում են և կողքերին շենքեր են հայտնվում: Ու այդպես վերջանում է այդ փողոցի ճակատագիրը. «Քաղաքի անցումները խայտառակ վիճակի են: Միզանոց է դարձել: Քաղաքի կենտրոնում ոտքդ դնում ես, քիչ է մնում ընկնես: Փողոցներն ինչ որ տեղ ասֆալտում են, մաքրություն կա, ապա մայթերին նայեք` կարկատած, փոս: Ես կողմ եմ կառուցապատմանը, հինը պետք է հարգանքով իր տեղը զիջի նորին: Տարբեր բաներ են հինը և հնացածը: Հին արժեքներ կան, որոնք հավիտենական են: Հնացած խարխուլ բաներ կան` տեղը պիտի զիջեն»:

Նա շատ բարձր գնահատեց Կարեն Կարապետյան քաղաքապետի տասնամսյա գործունեությունը. «Ի~նչ լավ մարդ էր: Երևանը լողացրեց, մաքրեց, ներկեց: Ի~նչ նվիրում էր քաղաքին, ի~նչ հրաշք մարդ էր: Ամեն ինչ արեց ընդամենը տասը ամսում, այդպիսի ղեկավարներ են մեզ պետք: Ես չեմ թերագնահատում Տարոն Մարգարյանին: Գիտեմ, որ նա Ավանը զարդարելով եկավ, ուզում եմ ավելի համարձակ լինի, Երևանն ավելի շատ սիրի, ավելի նախաձեռնող լինի»:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նաև հավելեց. «Իտալացիները գալիս են ուսումնասիրում մեր ճարտարապետությունը: Իսպանացի քանդակագործ ընկեր ունեի, Երևանում շրջելիս ինչ ցույց էի տալիս, ասում էր նման բան մեր քաղաքում էլ կա, ձերը ցույց տվեք: Բայց մերից բա՞ն է մնացել, որ ցույց տամ»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930