


ՀԱԿ երիտասարդները պնդում են, որ «Երեւան» հիմնադրամում Վերահսկիչ պալատի կատարած ստուգումների արդյունքները հրապարակվեն, որպեսզի պարզ լինի, թե իրականում ինչով է զբաղվել այդ հիմնադրամը:
Նշենք, որ ոստիկանները հենց քաղաքապետարանին հարող Գրիգոր Լուսավորիչ փողոցից թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ քաղաքապետարանի շենքի մոտ: Այդ հատվածում բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ՀԱԿ երիտասարդների միջեւ, երիտասարդներից մի քանիսին հաջողվեց ոստիկանների «բարիկադից» այն կողմ անցնել:
Սակայն ընդամենը 10 րոպե քաղաքապետարանի շենքի մոտ ելույթ ունենալուց հետո, ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Կորյունի փողոց, չնայած հենց սկզբում մտադրվել էին դեպի Ազատության հրապարակ գնալ: Ամբողջ երթի ընթացքում ոստիկաններն ուղեկցում էին ակցիայի մասնակիցներին, եւ մի պահ Մաշտոցի պողոտայի վրա թեթեւ ընդհարում տեղի ունեցավ նրանց միջեւ. ոստիկանները պարզապես հորդորում էին մայթերով քայլել, որպեսզի չխանգարեն երթեւեկությանը:
Կարդացեք նաև
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն ու Տիգրան Տեր-Պետորսյանը հանդարտեցրին ակցիայի մասնակիցներին եւ քայլերթը տեղափոխեցին մայթ` առանց որեւէ բախումների:
Ակցիայի մասնակիցները երթի ընթացքում ձեռքի հետ էլ քարոզ էին անում Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների համար. բուկլետներ էին բաժանում անցորդներին, կոչ էին անում մայիսի 5-ին ճիշտ ընտրություն կատարել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































