Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրուստրացիա

Մայիս 10,2013 12:15

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ դարձյալ խոսեց Ազատության հրապարակում: Խոսեց էմոցիոնալ, անկեղծ, իր ոճով՝ մի քիչ ցաքուցրիվ: Ասելիքի հակիրճ բովանդակությունը փոխանցել հնարավոր չէ՝ կային թե հուսահատական («ես պարտվել եմ») եւ թե լավատեսական («պայքարը շարունակվում է») երանգներ: Բաժին հասավ նաեւ մեկնաբաններին եւ խմբագիրներին, որոնք ոչինչ չեն անում, բայց քննադատում են: Եթե դա ինձ էլ է վերաբերում, ապա ոչինչ չանելու մեղադրանքը, ճիշտն ասած, չեմ ընդունում՝ առանձնակի ծուլությամբ, կարծես թե, աչքի չեմ ընկնում: Ինչ մնում է քննադատությանը…

Բավականին երկար ժամանակ լրագրությամբ զբաղվելով՝ եկել եմ այն պարզ եզրակացության, որ անձերն այնքան էլ կարեւոր չեն՝ նրանք փոփոխական են եւ փոփոխամիտ: Կարեւորը երեւույթներն ու օրինաչափություններն են. առաջինների կրկնությունը թույլ է տալիս խոսելու երկրորդների մասին: 1996, 1998, 2003, 2008 եւ 2013 թվականներին այն երեւույթը, որը մենք պայմանականորեն կոչում ենք «նախագահական ընտրություններ», կրկնվել է՝ թեթեւակի երանգավորումներով: Հետեւաբար այստեղ մենք պիտի խոսենք ոչ թե լավ կամ վատ մարդկանց, ոչ էլ նույնիսկ՝ գող-ավազակ իշխանությունների, այլ որոշակի օրինաչափությունների մասին: Այս 5, պայմանականորեն ասած, ընտրություններից 4-ի դեպքում Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրսեւորեցին ստանդարտ հետընտրական վարք՝ հանրահավաքներ, բողոքներ, շարժում եւ այլն: Այստեղ նույնպես կա օրինաչափություն, որից հետո սկսվում էր հասարակության հիասթափության շրջանը (96-ին արտասահմանյան դիտորդները դա անվանեցին իրենց, արտասահմանյան բառով՝ «ֆրուստրացիա»): Եվ հակառակը՝ 98-ին Կարեն Դեմիրճյանը գնաց ոչ ստանդարտ ճանապարհով, ինչը հասարակության մեջ որոշակի հույսեր առաջացրեց, եւ նրանք, ովքեր ուզում են, որ այդպիսի հույսեր չլինեն, կազմակերպեցին «հոկտեմբերի 27-ը»:

Այդպիսի ոչ ստանդարտ վարքի հնարավորություն ուներ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախ՝ նրա հետընտրական հանրահավաքների ժամանակ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում կարող էր համաձայնություն ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին: Ենթադրվում էր, որ այդ հանձնաժողովում ընդդիմությունը վճռորոշ ձայն կունենար: Պե՞տք էր օգտագործել այդ հնարավորությունը՝ մնալով ընդդիմադիր եւ պահանջատեր: Վստահ եմ, որ այո: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքում հայտարարեց, որ խորհրդարանում տեղի ունեցողն իր հետ կապ չունի: Երկրորդ հնարավորությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկներով նամակ գրեց, իսկ նախագահը պատասխանեց, որ պատրաստ է այդ առաջարկները «թուղթ ու գրիչով» քննարկել: Բանակցային կողմերի համար դա իդեալական վիճակ է, որից, սակայն, «Ժառանգության» ղեկավարը դարձյալ չօգտվեց: Պարզ է, իհարկե, որ եթե պարոն Հովհաննիսյանը գնար նման քայլերի, մյուս ընդդիմադիրները նրան կանվանեին «հաճախորդ», «դհոլ» եւ «ախք»: Բայց նրանք հիմա էլ են Րաֆֆիին այդպես անվանում՝ ոչ մի տարբերություն: Փոխարենը կարող էր ստեղծվել նոր իրավիճակ, երբ վերահսկողական որոշ մեխանիզմներ կանցնեին ընդդիմության մի մասին: Իսկ հիմա այն է, ինչը մեր արեւմտյան գործընկերները անվանում են «ֆրուստրացիա»:

Այնպես որ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես տեղավորվեց վերոհիշյալ օրինաչափության մեջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (26)

Պատասխանել

  1. ovanitas says:

    Միանգամայն համամիտ եմ (ինչպես Արամ Աբրահամյանի բոլոր խմբագրականներին)։
    «Իրավադեր ենք» գոչելով իրավատեր կարելի է դառնալ մենակ ցածր կլասսի հոլիվուդյան ֆենթեզի ֆիլմերում… չնայած՝ չէ, նույնիսկ էդ ֆիլմերում չար ուժերի հետ կռիվ էլ պիտի տաս։ Իսկ մեր «չար» ուժերի հետ կռիվ տալու համար ոչ ռեսուրս կա, ոչ հավես. մուննաթ գալը ավելի հեշտ է։
    Ի սկզբանե էս ամենի ելքն այնքան ակնհայտ էր, ախր։ Սա չկանխատեսողը քաղաքականության մեջ մնալու իրավունք չունի։ Եթե այլընտրանքը սա է՝ անհեռատես, ստրատեգիական ու տակտիկական քայլեր կատարելուն ոչ ունակ էս ռեսուրսը, ապա եղածն ինձ ավելի «հուսալի» է թվում։ Ցանկացած ոլորտում։ ԻՄՀՈ։

  2. Armen says:

    միամիտ մի եղեք, որեէ չնչին վերահսկողական մեխանիզմ ընդդիմությանը տվող չի լինի․․

  3. Կարեն says:

    Իմ կարծիքով Ռաֆֆուն մեղադրելը ճիշտ չէ, մեղավոր են էն մարդիկ, ովքեր չեն դատում և վերլուծում ու հույս են կապում։ Նույնիսկ եթե ինչ որ հույս կար, Ի սկզբանե գոնե առաջին հանրահավաքից պարզ էր, որ մտանք ընտրություններ-կեղծումներ-ընդվզումներ-ճնշումներ-մարում շղթայի մեջ և դա ոչնչի չի տանելու։ Եթե ասենք Խաչիկ Ասրյանը թունդ ընդդիմադիր դառնար ու զանգվածներ տաներ իր հետևից, մի՞թե դա իր մեղքը կլիներ։ Իսկ խմբագիրների կողմից (հավասարակշռված) քննադատելը նույնիսկ քիչ ա եղել, որովհետև ենթադրաբար վրա գտնվող հրամանատարը զորքը տանում ա հյուսիս, էն դեպքում երբ թշնամին հարավից ա ներխուժել, բա չքննադատեն, որ ի՞նչ անեն։ Հարց չկա, ընդունեցինք, որ Ռաֆֆին հայրնասեր է, ուզում է փրկել երկիրը, (քանի դեռ հակառակը չի ապացուցվել), գնացինք ձայն տվեցինք, բա հետո՞։

    Իսկ սահմանադական փոփոխությունների հանձնաժողովի մեջ մտնելը դրական փոփոխությունների հույսով, կարծում եմ՝ լավատեսություն է, նույնիսկ գերակշիռ թիվ ունենալը ինչ-որ կառույցում ու գերազանցապես հայրենասեր մարդիկ ունենալը էլի արդյունք չէր տա, էնպիսի պրիմիտիվ եղանակներով կփչացնեին էտ կառույցը, որ նույնիսկ ծիծաղելի է, ասենք թաղի խուժանը կծեծեր հայրենանվեր բարեփոխիչների դռները՝ տանից դուրս չգալու ուլտիմատումով, իսկ զորավարը կհայտարարեր, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ (եթե հայտնաբերվեն ճ), հետո կասեին՝ բարեփոխիչները գործի չեն գալիս, իրանց տեղերը ուրիշին ենք տալիս։

  4. Համլետ says:

    Արամ,մեկ ուղիղ հարց՝ ողիղ պատասխանի ակնկալիքով.
    -Դուք Րաֆֆի Հովհաննիսյանին լուրջ քաղաքական գործիչ համարում ե՞ք,թե՝ ոչ:
    Հ.Գ.
    Հարցն իմ մոտ առաջացավ Ձեր՝ Կարեն Դեմիրճյանի ընտրած ոչ ստանդարտ ճանապարհի և Րաֆֆիի՝ ոչ ստանդարտ ճանապարհ ընտրելու չօգտագործված հնարավորության ակամա համեմատությունից…
    Ըստ հայտնի ասացվածքի՝ այն ինչ կարելի է Յուպիտերին,չի կարելի եզանը…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չեմ կարող նման հարցերին ուղիղ պատասխան տալ, որովհետեւ այդպիսի պատասխանները կարող են դժվարացնել իմ, «Առավոտի», «Ա1+», գուցե նաեւ «Շանթի» աշխատանքը այս կամ այն քաղաքական ուժերի հետ՝ հարցազրույցներ, հրավերներ ստուդիա եւ այլն:

      • Համլետ says:

        Համաձայն եմ ու բավարարված…

        • susanna says:

          Համլետ Դուք Հայաստանի նախկին եվ ներկա նախագահներին լուրջ քաղաքական գործիչներ համարում եք , թե ոչ. խնդրում եմ պատասխանեք:

        • Ընթերցող says:

          Սկզբում ձեզ արհամարհում են, հետո հեգնում, հետո պայքարում են ձեր դեմ, և հետո դուք հաղթում եք”
          -Գանդի

          Տեր-Պետրոսյանական նախկին պաշտոնյա (իսկ լևոնական նախկին չի լինում), հարգելի խմբագիր Աբրահամյանի հեգնանքը սպասելի է, հաշվի առնելով ՀԱԿ-ի վերաբերմունքը: Սպասենք երրորդ փուլին երբ սկսելու եք ակտիվ պայքարել Րաֆֆու դեմ: Հաղթանկն արդեն սարերի հետևում չի լլինի. Գանդիի ականջը կանչի:

      • Sala says:

        Իսկ ին՞չ կարծիքի եք հոդվածի
        Ֆրուստրացիա վերնագրի փոխարեն
        Հիասթափություն բառը օգտագործելու նպատակահարմարության մասին:

  5. Armine G says:

    Րաֆֆին անում է այն ամենը ինչ կարող է: Թե ինչպես է դա անում կարևոր չէ, կարևորն այն է որ ազնվորեն նվիրված է իր ազգի պայքարին: Եկեք վերջապես ընդունենք որ Րաֆֆին կամ ուրիշ որևե մեկը առանց ժողովրդի ոչինչ չի կարող անել:

    Ժողովրդին այնքան են ճնշել ու ստորացրել, որ նա չի ապավինում իր ուժին, չի հավատում որ հաղթանակի բանալին իր ձեռքում է: Բայց չէ՞ որ գեղ կանգնի, գերան կկոտրի: Մե’նք պետք է կոտրենք մեր գլխին կախված գերանը: Նստած սպասել, որ ինչ որ մեկը մեր փոխարեն կպայքարի, կազատագրի մեզ բռնակալից, կկառուցի մեր պայծառ ապագան՝ պարզապես միամտություն է: Բողոքել որ լիդերներ չկան ժողովրդին առաջնորդելու, անմտություն է: Երբ ժողովուրդը պատրաստ լինի պայքարելու, իր արժանի լիդերին կգտնի:

    Հայ ժողովուրդ, արթնացի’ր, պայքարի’ր, հասի’ր քո հաղթանակին: Մեր երեխաները արժանի են լավ կյանքի: Հանուն նրանց, հանուն մեր ընտանիքների, հանուն մեր ժողովրդի, քաջաբար պայքարենք, ազատենք մեր երկիրը մեր ներքին թշնամուց որ կոչվում է Հայաստանի (բռնապետական) կառավարություն:

    • ԱԼԲԵՐՏ says:

      Լրիվ համանիտ եմ և ողջունում եմ Արմինեին նման մտածելակերպի համար: Ցավոք սրտի այդպիսիները շատ քիչ են: Մեծամասնությունը նստած տեղերը կամ քննադատություններով կամ սադրիչ գործողություններով են զբաղված, չմտածելով որ իրեցից է կախված երկրի լավ կամ վատ վիճակը: Եթե նկատեք ընտրակեղծիքների մեծ մասը կատարվում է հասարակ (պաշտոն և փող չունեցող) ժողովրդի մեծամասնության աջակցությամբ:Կամ նայենք այսպես կոչված ընդիմադիր կուսակցությունների պահվածքն– Ամենքը իրեն խելոքի կամ լիդերի տեղ դրած, մասնատում և իրար դեմ են հանում ժողովրդին: Փոխարենը միանան իրար, ունենալով մեկ առաջատար լիդեր ջարդ ու փշուր անեն էս լկտի ու խղճուկ բռնակառավարությանը: Միմիայն միահամուռ ուժերով կարելի է դեմ դուրս գալ դրանց՝- պետության և հայ ժողովրդի թշնամիների դեմ: Եվ շատ ամոթ է մեր ժողովրդին, որ մեզանից են կազմված մեր թշնամիները: Իմ կարծիքով երեկ և այսօր ժողովրդավար մեթոդներով դա է ուզում անի Ռաֆֆին, որին չենք հասկանում… Լիովին համամիտ եմ քեզ հետ Արմինե ջան, ուրախանում,որ քեզ նման մարդիկ կան և շատ կուզեի, որ մեծամասնություն կազմեին: Նպատակների իրականացում, առոջություն և երջանկություն եմ ցանկանում:

  6. Spartak says:

    Ինձ թվում է, որ հարգելի Րաֆֆու ժամանակն անցավ: Հիմա,որ սկսել է ժամանակ առ ժամանակ խոսել, Աբրահամյանի ասած՝ իրարամերժ մտքեր ասել, դա էլ հանրության նկատմամբ ունեցած պատասխանատվությունից է:Րաֆֆու խրոխտ ու ոգեշունչ կոչերը ինձ էլ
    էին դուր գալիս. որքան էլ դուր գային, այնուհանդերձ՝ թող ների ինձ Րաֆֆին, չէի հավատում անկեղծությանը:Վկան՝ ԾՈՄԸ, Մոսկվա գնալը, Պուտինին ու Օբամային Ազատության հրապարակ կանչելն ու հայ ժողովրդից ներողություն խնդրելը, Նիկոլի հանրահավաքում կառավարության կազմը հայտարարելն ու հազար ու մի բան…Ինչպես նաև Արամ Աբրահամյանի խմբագրականի մի շարք դրույթներ:Եկեք վերջակետ դնենք րաֆֆիականությանն
    ու մեր յուղում տապակվենքք: Կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է…

  7. Կարո Մելիքյան says:

    Սպարտակ Ձեզ հետ համաձայն չեմ։ Ըստ Ձեզ ,բոլորը ձեռքները ծալած պետք է նստեն ու սպասեն ինչին՞….,մինչև ս.ս-ը ևս 5 տարի իշխի և իր նմանին՞ փոխարինվի։ Իշխանությունը միշտ իր թիկունքին պետք է զգա ժողովրդի շնչառությունը,դա կլինի Րաֆֆին,թե մեկ ուրիշը,նշանակություն չունի։Տվյալ դեպքում, այդ բեռը ստանձնել է Րաֆֆին և ինչ մեթոդներով է առաջ տանում պայքարը,դա իր ընտրությունն է,մեր և Ձեր նմանները,եթե կողքից չեն օգնում,ապա խանգառելու իրավունք՝ ընդհանրապես չպիտի ունենանք,եթե կա մտահոգություն երկրի համար։Տվյալ դեպքում՝Րաֆֆին արժանի է միայն դրվատանքի։

  8. Vahe Vanesyan says:

    “…98-ին Կարեն Դեմիրճյանը գնաց ոչ ստանդարտ ճանապարհով, ինչը հասարակության մեջ որոշակի հույսեր առաջացրեց, եւ նրանք, ովքեր ուզում են, որ այդպիսի հույսեր չլինեն, կազմակերպեցին «հոկտեմբերի 27-ը»…
    Միտքը հստակ, հասկանալի, կարճ ու դիպուկ ձևակերպելու հմտություն, որին հիանալի տիրապետում է Արամ Աբրահամյանը!!!

  9. Galust Yenokyan says:

    Ես էլ ինչպես միշտ կփորձեմ պաշտպանության եզրեր գտնել Րաֆֆու պայքարի «մեթոդներին»:
    Նախ իմ կարծիքով ֆրուստրացիա բառը անգլերենում ավելի մոտ է հայերեն վրդովմունք բառին եվ այս իմաստով ներկայումս մեր հայ հասարակությունը իմ կարծիքով ավելի վրդովված է քան հիասթափված, վրդովված է իհարկե անարդյունք ընտրական խաղերով եւ իշխանության անպատկառ պահվածքով որն ասում է «մեր նման գողականների առաջ խաղ չկա», բայց կարծում եմ ավելի վրդովված է ընդդիմություն հորջորջող քաղաքական գործիչների անպատեհ իրար վրա ցեխ շպրտելու, ընտրական հանձնաժողովներում տեղ գտած որոշ «լաչառ կանանց» հիշեցնող բամբասկոտությամբ: Եթե դեռ «հեղախությունը» չարած են իրար միս «կրծում» բա հետո…
    Ես նայում էի Ա1 ի վերջին տեսահոլովակը ուր ԲՀԿ ի բարետես ներկայացուցիչը (որը ավելի արքայազն է հիշեցնում քան ընդդիմադիր) եվ նախախորհրդարանի ներկայացուցիչը դժգոհում են որ Րաֆֆու հրավերքը քաղաքական օրակարգ չունի… բայց սիրելիներս քաղաքական օրակարգ չունի որովհետեվ բոլորի կողմից ընդունված ժողովրդի ընտրյալ Նախագահ Րաֆֆին համեստորեն հավասարության սկզբունքով ուզում է որ իրենք իրար հետ մշակեն քաղաքական օրակարգը…այս ամենը հիշեցնում է Կռիլովի հայտնի առակը…Նախախորհրդարանի անդամը խոսում է «վտակների» մասին , արդյոք դա այն չէր որ Րաֆֆին ինքը շրջաններ գնալով փորձում էր իրականացնել:Մի ուրիշ ընդդիմադիր որ կարծեմ «սոցիալիստական» կուսակցությունն է ներկայացնում համոզված է որ իշխանությունը, որ առանց աչք թարթելու իրականցրեց Հոկտեմբերի 27. ու Մարտի 1, չէր կրակի մարդկանց վրա ու թերեվս Բաղրամյան 26 ի բանալիները կախել էր այդ հասցեի մոտ գտնվող ծառերից մեկի վրա…
    Ինձ թվում որ մեր եվ Րաֆֆիի պատկերացումները իրավական պետության եվ հեղափոխության մասին տարբեր հարթությունների վրա են: Նա ծնունդն է մի հասարակության ուր մարդիկ քիչ թե շատ օրինական կերպով գնում են ընտրում են իրենց իշխանական ղեկավարներին եվ եթե նույնիսկ իրենց ընտրածը չի նոր ղեկավարը համակերպվում են եվ գնում իրենց գործերին: Մեզ համար որ ընտրությունները միշտ ֆարս են եղել, ընտրություններից հետո հառնում է հեղափոխական «ուրվականը» այն որ ցույց էին տալիս խորհրդային տարիներին …զինված «բոլշեվիկները» գնում էին գրավելու ցարական պալատը (որը իրականում բոլորովին այդպես չէր եղել): Մարտի 1 ին ու արդեն Ապրիլի 9 ին ժողովուրդը նույն «սցենարով» ուզում էր «ՀԻՄԱ» գրավել ցարի պալատը: Բայց ասենք գրավեցին հետո? Արդյոք եթե ԲՀԿ ի ղեկավարը «բուրժուա -լիբերալ» Նախագահ դառնա մենք պիտի հաղթանակ տոնենք ՀԱԿ ի ղեկավարի հետ? Բայց այդ բուրժուն ավելի Աբիսողոմ Աղա է հիշեցնում քան «լիբերալ-բուրժուա» …Րաֆֆին Ապրիլի 9 ին հիշեցնում էր մեր ժամանակակից Ամերիկացու որի ձեռքին տվել էին հրացանը եվ «բոլշեվիկների» հետ մոլորված ելել էր գրավելու «ցարի պալատը» , թերեվս լավ է որ վերջում որոշեց գնալ «աղոթելու»:

  10. Spartak says:

    Հարգելի Կարո, ի՞նչ բեռի մասին է խոսքը:Բեռն այդ ձևո՞վ են տանում:Ցաքուցրիվ արտահայ-
    տություններով ու գործողություններո՞վ:Մի որոշակի գիծ չկա՞, չեմ հասկանում:Փառք աստծո՝ ի պատիվ Րաֆֆու, այս անգամ արյուն չթափվեց: Հարգելի Կարո, լավ իմացիր՝ հրաշալի մտածված սցենար էր, այն է՝ երկրում ուժեղ ընդդիմության պատրանք ստեղծելու և ժողովրդին վերջնականապես հիասթափեցնելու համար:Աստված տա՝ ես սխալ լինեմ:

  11. Կարո Մելիքյան says:

    Չեմ կարծում, որ Րաֆֆին կառավարվում է իշխանության,կամ այլ ուժերի կողմից։ Ինձ թվում է ,որ նա պարզապես չունի և չեր էլ կարող ոնենալ՝ պատրաստի դեղատոմս՝ բոլոր հայտնի և անհայտ իրավիճակների համար ։

  12. David says:

    Պարոն Աբրահամյանի մտքի հետ համամիտ եմ, Ռաֆֆին 2 անգամ մեծ սխալ գործեց, չնդունելով Ս. Սարգսյանի առաջարկը, այսինքն կոնկրետ գործով զբաղվեր` կամաց-կամաց դեմոկրատիաի ու ժողովուրդի վիճակի լավացման առումով , առաջ գնար:

  13. susan says:

    րաֆֆին շատ ազնիվ և իր հայրենիքին նվիրված մարդ է. իրոք, նա ուզում է ինչ որ բան անել. սակայն նա մենակ չի կարող պայքարել այս ոհմակի դեմ. և եթե մյուս ընդիմադիր կոչվածները իրոք ուզում են ժողովրդի համար ինչ որ լավ բան անեն, ապա թող միավորվեն, ոչ թե լևոնի նմանները քննադատեն, ծաղրեն. իսկ ինչու նախագահի ընտր.- ի ժամանակ չմիավորվեցին. մեկն իրեն այլընտրանք է համարում, մյուսը իրեն դնում ամենա- ամենայի տեղ. ել ինչպես են ուզում պայքարեն. ցավում եմ, որ րաֆֆին այնքան ռեսուրսներ չունի, որ մենակ ինչ որ բանի հասնի.

    • David says:

      Սիրելի Սուսաննա , ազնիվ լինելը լավ հատկություն է, բայց դիվանագետ չլինելը մեծ բացթողում է քաղաքական գործչի համար:
      Հարգանքներով` Դավիթ

  14. Samo says:

    Րաֆֆին արդեն տարել է իր առաջին հաղթանակը. Նա կարողացավ ցույց տալ որ ինքն ուժ է ներկայացնում եվ որի հե պետք է հաշվի նստել. Իսկ հիմա նա իրականացնում է երկրորդ փուլը որը եվ իր դիվանագիտական գաղտնիքն է.

    Առաջին փուլը նույնպես մեկ օրում չիրականացվեց. Իսկ ճիշտ է թե սխալ իր քաղաքականությունը, կտենենք երկրորդ փուլի վերջում.

  15. Galust Yenokyan says:

    Հարգելի Դավիթ, Դուք կուզեիք որ Րաֆֆին հերշական « դհոլը » լիներ Գեղամյանի նման կամ Վազգեն Մանուկեանի նման: Րաֆֆին դատապարտված էր իր ներկա «պարտված դիվանագետի» վիճակին, որովհետեվ մենք բոլորս Ապրիլի 9 ին սպասում էինք «ՀԻՄԱ» հեղափոխությանը…

  16. Լավատես says:

    Եթե կառավարությունը անում է ամեն ինչ օրենքի սահմաններում, այդ դեպքում ինչի՞ց ենք բողոքում:
    Իսկ եթե կառավարությունը օրենք է խախտում, ո՞վ եւ ինչպե՞ս դա կառավարությանը պետք է հայտնի ու օրենքի միջոցներով ստիպի, որ կառավարությունն իր սխալն ուղղի: Ձրի պետություն է ձեռքներս ընկել, բայց «քշելու» ձեւվը չգիտենք՝ ոչ կառավարությունը, ոչ էլ մենք՝ ժողովուրդս: Մասնագետներ են պետք:

  17. harut says:

    Բացի տրամաբանական վերլուծումէ մասնաւոր նիւթ մը չեմ տեսներ այս յօդուածին մէջ։
    Քաղաքական հասունութեան եւ մտքի մարզանքներու մէջ անգերազանցելի է մեր Սիրելի Արամը։
    Կամայ-ակամայ ընթերցողներու սերունդ մը կը ձեւանայ Առաւօտի շուրջ որ սկսած է իր դրական արդիւնքները ցոյց տալ։Շնորհաւոր ըլլայ։

Պատասխանել