

Այս մարդիկ մեղադրվում են Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանի հետ կենսաթոշակառուների եւ հանգուցյալների երբեմնի կենսաթոշակները յուրացնելու համար:
Դատարանն այսօր լսեց տասը վկայի, ընդհանուր, մինչ օրս հարցաքննվել են եւ դատարան ներկայացել երեսունյոթ վկա:
Վկա, լրագրող Վահան Վարդանյանն ամբաստանյալներից ճանաչում էր միայն Վազգեն Խաչիկյանին: Խորհրդարական նախկին լրագրողն ասաց, որ նախաքննության ժամանակ հրավիրվել է քննչական բաժին:
Նա մորաքրոջ բնակարանն է զբաղեցրել, երբ բացակայել է քաղաքից: Մորաքույրը լիազորագիր իրեն չի տվել, սակայն նա տեղեկացել է քննչական բաժնում, որ մորաքրոջ կենսաթոշակի գումարները յուրացվել են:
Վկա Գրիշա Էվաջյանը ութ տարի առաջ գտնվել է Մոսկվայում: Աղջկա ամուսնու հանկարծակի մահվան հետ կապված՝ եկել է Հայաստան: Երբ իրեն սգո արարողության հետ կապված գումար է անհրաժեշտ եղել, գնացել է կենսաթոշակը ստանալու:
Պարզվել է՝ կենսաթոշակը չկա: Նրան ուղարկել են Սախարովի հրապարակի վրա գտնվող շենքը, որտեղից էլ Հանրապետության հրապարակի վրա գտնվող վարչություն: Նա ստացել է երկու հարյուր հինգ հազար դրամ, որի տակ ստորագրել է, ապա չորս հարյուր հազար դրամ, որը նրան տրվել է առձեռն:
Մեկ այլ վկա՝ Արմեն Նիյազյանն ասաց, որ յուրացվել էր զոքանչի կենսաթոշակը:
Զոքանչը գտնվել է արտերկրում: Սոցիալական ոլորտի պատասխանատուները չէին խնայել ոչ միայն այս վկայի զոքանչին, այլ մյուս վկաներից Հակոբ Սարգսյանի՝ Բուլղարիա մեկնած մորը, Սաթենիկ Առաքելյանին, նրա ԱՄՆ մեկնած մորը, Նաիրա Նիկողոսյանին` նրա Գերմանիա մեկնած տատին, Անժելիկա Շալջյանին, որի հանգուցյալ մայրը, սակայն …շարունակել է կենսաթոշակը ստանալ:
Դատավոր Մխիթար Պապոյանը վկաների հարցաքննությունն ավարտվելուց հետո հայտնեց, որ գրավոր դիմելու է ամբաստանյալ Բագրատ Մուրադյանի հետ կապված քրեակատարողական հիմնարկ. որեւէ մեկը չառարկեց, որ նրա Ծաղկաձորի անշարժ գույքի հետ կապված քաղաքացիական գործարք կատարելու նպատակով դատարանը թույլատրի: Ի դեպ, նախաքննության ժամանակ արգելանք դրվել է այդ գույքի վրա, որը հետագայում հանվել էր:
Դատական ողջ նիստի ժամանակ Վազգեն Խաչիկյանի ձեռքից ու հայացքից չդադարեց «բացակայել» «Bazis English Qrammar» գիրքը: Թե ինչ կապ ուներ գիրքը կենսաթոշակների, հանգուցյալների, մեղադրական եզրակացության հետ, անհասկանալի էր:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի վեցին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































