Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը

Հունիս 06,2013 10:15

Երեկ ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում, ի շարս այլ գերատեսչությունների պատասխանատուների, 2012թ. բյուջեի կատարողականի հաշվետվությամբ հանդես եկավ Էկոնոմիկայի նախարար ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ

Առիթից օգտվելով՝ «Հայոց Աշխարհ»-ը մի քանի հարց ուղղեց նախարարին։

   -Ասվում է, որ վերջին տարիներին ներդրումային միջավայրը Հայաստանում էապես բարելավվել է, բայց ներդրումների, հատկապես ուղղակի ներդրումների ծավալը գնալով կրճատվում է։ Այդ ֆենոմենն ինչո՞վ բացատրել։

-Դժվար է սպառիչ պատասխան տալ այդ հարցին։ Հայաստանում, ինչպեսեւ շատ այլ երկրներում, արտաքին ներդրումների ցուցանիշը բավականաչափ «տատանողական» է։ Նույնիսկ մեծ երկրներում է այդպես։
Շատ բան կախված է տնտեսության կառուցվածքից. Հայաստանում կար մի ժամանակահատված, երբ ուղղակի ներդրումներն էապես ավելանում էին, բայց դա կապված էր ոչ թե ներդրումային միջավայրի, այլ շինարարական նախագծերի հետ։ Այսինքն՝ ներդրումների ծավալն ավելանում էր շինարարության հաշվին։
Երկրորդը հեռահաղորդակցության համակարգն էր, երրորդը՝ հանքագործությունը։ Հիմա այդ համակարգերը հասել են որոշակի մակարդակի, որից հետո մեծածավալ ներդրումներ չեն սպասվում։ Եթե նայեք «Օրանժի» ներդրումները եւ համեմատեք մյուսների հետ, կտեսնեք՝ ինչ է կատարվում։
Մեր խնդիրն է՝ խրախուսել ներդրումները նաեւ մնացած ճյուղերում։ Այսինքն՝ ներդրումային միջավայրի բարելավումը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ՝ 100 տոկոսանոց երաշխիք չէ ներդրումների ներգրավման համար։
Ներդրումների ծավալը պայմանավորված է մի շարք այլ գործոններով, այդ թվում՝ այն հանգամանքով, թե առաջիկա տարիներին որ ճյուղերում կունենանք առեւտրաշրջանառության էական աճ. ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ առեւտուր կա։ Եթե կարողանանք առաջ մղել եվրոպական համայնքի հետ ազատ առեւտրի պայմանագրերը, հավասարակշռված քաղաքականություն վարել ներքին եւ արտաքին շուկաներում, ավելացնել առեւտրաշրջանառությունը, ներդրումները վստահաբար ավելանալու են։ Սա մեր հիմնարար խնդիրներից է։

   -Կառավարության ծրագրում ամրագրված է, որ առաջիկա 5 տարիներին աշխատատեղերի թիվը հանրապետությունում պետք է ավելանա 100 հազարով, սակայն նախանշված չէ՝ որ ոլորտներում, ներդրումային ինչ կոնկրետ ծրագրերի շրջանակում։ Սա չի՞ նշանակում, որ աշխատատեղերի ավելացման հանձնառությունը մնում է «օդում կախված»։ 

-Մենք ունենք կանխատեսումներ, թե որ ոլորտում ինչ զարգացումներ են սպասվում, բայց այստեղ կոնկրետություն չի կարող լինել՝ այն աստիճանի, որ կարողանանք պլանավորել՝ այս ճյուղում այս գործարանը սարքվելու է այս հզորությամբ եւ այսքան աշխատատեղ է ունենալու։
Այդուհանդերձ առաջին անգամ է, որ կառավարությունն իր ծրագրում ամրագրում է զբաղվածության հարցը իբրեւ գերակայություն։ Իհարկե այդ նպատակադրումը միշտ եղել է որպես կառավարության առջեւ դրված խնդիր, բայց որպես առաջնային, գերակա ուղղություն դրված չի եղել։ Սա նշանակում է, որ իրականացվող տնտեսական ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու դրան։ Այսինքն՝ առանձին ոլորտների զարգացման, հարկային կամ սոցիալական քաղաքականության հետ կապված ցանկացած հարց քննարկվում է զբաղվածության տեսանկյունից։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930