Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսակա՞ն հետք Հայրիկյանի գործով

Հունիս 24,2013 17:23

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարին տեղի ունեցած մահափորձի գործը: Տուժող Հայրիկյանը չի էլ թաքցնում, որ իր դեմ ակնհայտ պատվեր է կատարվել, եւ որ ամբաստանյալներ  Վարդան Սեդրակյանը, Խաչիկ Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը փոքը  պտուտակն են ընդամենը:

Դատական նիստի ընդմիջման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում Հայրիկյանը չթաքցրեց իր այդ համոզմունքը, նկատի ունենալով այս տարվա փետրվարի 11-ին հրապարակված Օլեգ Կուզնեցովի «1977թ.մոսկովյան պայթյունների արձագանքը» հրապարակումը: Հրապարակման հեղինակը անդրադարձել էր պետական անվտանգության մարմիններին քաջ հայտնի, Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի գործին, որը, ըստ հոդվածագրի, ընկերը եւ համախոհն է եղել Պարույր Հայրիկյանի: Ռուսաստանցի հեղինակը ներկայացնում է Հայրիկյանին, որ նա 1991-94թթ. ղարաբաղյան պատերազմի ակտիվ  մասնակից էր, խորհրդարանի պատգամավոր, ԱԻՄ ազգայնական կուսակցության առաջնորդ եւ փետրվարի 18-ի ընտրություններում՝ Հայաստանի նախագահի թեկնածու:

Հոդվածագիրը, որի խոսքն ուղղված է ռուսական քաղաքական շրջանակներին, գրում է. «Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնցում պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդներից մեկը Պարույր Հայրիկյանն է լինելու՝ համախոհը, զինակիցը, ընկերը եւ մոտ ազգականը Ստեփան Զատիկյանի, ում խղճի վրա է  Խորհրդային Միության քաղաքացիներից 7-ի կյանքը եւ եւս 37-ի արյունը, որոնց ողբերգությունն այն էր, որ հայտնվեցին ոչ ճիշտ ժամանակ ոչ ճիշտ տեղում: Արդյոք Հայաստանը նրա օրոք ներում կխնդրի՞ Ռուսաստանից 1977թ. հունվարի 8-ին նրա քաղաքացիներին պատճառած վշտի համար» (հեղինակը նկատի ունի Մոսկվայի մետրոյի պայթյունի գործը.-Ռ. Մ.)»:

Ըստ ռուսական քաղաքական շրջանակներ ներկայացնող այս հեղինակի՝ Հայրիկյանին նախագահ ընտրելը, եթե, իհարկե, դա տեղի ունենա, հարցականի տակ կդնի ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա պահպանումը, «քանի որ յուրաքանչյուր առողջ դատող մարդ հասկանում է, որ չորսուկես տասնամյակ շարունակ բացահայտ ազգայնական եղած եւ բոլոր այդ տարիներին  ռուս ժողովրդին՝ հայերին հալածող համարած քաղաքական գործիչը չի կարող մի ակնթարթում Ռուսաստանի Ֆեդերացիայի անկեղծ բարեկամը դառնալ»:

Ըստ Օ. Կուզնեցովի, Ռուսաստանն ու Մոսկվան իրավունք ունեն Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնաստանձնման ժամանակ (նկատի ունի Հայրիկյանին) Երեւանից պահանջել հրապարակորեն ներողություն խնդրել եւ կապված այն բանից՝ Հայաստանը ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ՝ կառուցել երկրների միջեւ հետագա հարաբերությունները:

Համարելով  Հայրիկյանին հակառուսական գաղափարախոսության կրող, Օ. Կուզնեցովը գրել է. «Պետական իշխանության մարմինները պետք է ընդլայնեն 2012թ. դեկտեմբերի 28-ի թիվ 272-Ф3 դաշնային օրենքը ոչ միայն ԱՄՆ քաղաքացիների,  այլ բոլոր օտարերկրացիների նկատմամբ եւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց եւ հասարակական գործիչների նկատմամբ, եթե նրանք իրենց պետության, իրենց ղեկավարած քաղաքական կամ հասարակական կազմակերպության կամ իրենց անունից հրապարակայնորեն չդատապարտեն Ազգային միացյալ կուսակցության  գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունը»:

Ըստ ռուս հեղինակի՝ միլիոնավոր մարդկանց գիտակցության մեջ «Հայրիկյանը դիտվում է քաղաքական ահաբեկչության  եւ ազգայնական ծայրահեղականության գաղափարախոս, մի բան, որ Ռուսաստանում  խորապես չեն սիրում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Դատավոր Գագիկ Պողոսյանը, խորհրդակցական սենյակում 3 ժամ մնալուց հետո,  հրապարակեց Վարդան Սեդրակյանի պաշտպանի միջնորդության կապակցությամբ արված որոշումը՝ մերժեց նրա կալանքը փոխելու եւ գրավ կիրառելու միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 1-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մուրադ Իսկաջյան says:

    Կարծում եմ, որ Պարույր Հայրիկյանը անհրաժեշտ է, որ պատասխանի Օլեգ Կուզնեցովի «1977թ.մոսկովյան պայթյունների արձագանքը» հոդվածին, եթե իհարկե չի պատասխանել, որպեսզի հստակ լինի, թե ով ումից ներում պիտի խնդրի:

  2. Հայ Քրիստոնյա says:

    Կարծում եմ շատ խիստ է պետք պատասխանել Օլեգ Կուզնեցովի «1977թ.մոսկովյան պայթյունների արձագանքը» հոդվածին, քանի որ Զատիկյանն ընդհանրապես մեղավոր չի եղել, նա չի իրականացրել պայթյունը։ Այդ մասին Գորբաչովյան էպոխայի ժամանակ ես կարդացել եմ Իզվեստիա թերթում, որտեղ գրված էր հերքում, որ նա մարապատժի է ենթարկվել անօրինական։ Զատիկյանը հետմահու ռեաբիլիտացվել է։ Էլի խոսում է ռուսական շովինիզմը։ Դեռ Ռուսաստանը պետք է ներեղություն խնդրի Զատիկյանի և շատ այլ արարքների համար, որոնք մինչև օրս կատարվում են։

  3. Ֆլորա says:

    Օլեգ Կուզնեցովը “Завтра” թերթի հիմնական հեղինակներից է և պարբերաբար տպագրվում է այստեղ հակահայկական ելույթներով: Թերթը ունի ենթավերնագիր (Газета Империи Российской): Նախկինում լույս էր տեսնում, եթե չեմ սխալվում, “День” անունով, որ փակվեց իր նացիոնալիստական, էքստրեմիստական, հակահրեական բովանդակության պատճառով: Ընդհանուր առմամբ սա մարգինալ թերթ է, մեղմ նացիոնալիստական ուղղվածությամբ: Թերթի և ոչ մի կրպակում այն չի վաճառվում: Հիմնականում տարածվում է առանձին մարդկանց կողմից, հավանաբար սեփական ցանցի միջոցով: Ունի իր ինտերնետ էջը: Խմբագիրն է Պրոխանովը: Վերջին ժամանակներս նա հաճախաբար էր հրավիրվում տարբեր թոք-շոուների:

  4. Զատիկյանի մեղքը այդպես էլ մինչեւ հիմա ապացուցված չէ, ու այս տականքը համարձակվում է հայտարարել որ պետք է Հայաստանը ներողություն խնդրի: Ծիծաղելի է…

Պատասխանել Հայ Քրիստոնյա

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930