Հետհանգստյան ժամանակաշրջանում մեծանում է սեռավարակներով հիվանդների թիվը. Սրա բացատրությունը, ըստ «Արմենիա» բժշկական կենտրոնի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի, «կուրորտային սիրավեպերնն» են`անպաշտպան սեռական հարաբերությունները: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում Կարեն Վարդանյանը ներկայացնելով վիճակագրական տվյալներ, նաեւ նշեց, որ ռիսկային սեռական վարքագիծ ունեցողները կոմերցիոն սեքսով զբաղվողներն են, արտագնա աշխատանքի մեկնողները, բեռնատարների վարորդները, որոնք երկար ժամանակ ընտանիքից բացակայում են, մի քանի զուգընկերներ ունեցողներն ու նրանք, ովքեր հաճախակի փոխում են իրենց զուգընկերոջը:
Ըստ բժշկի, վիճակագրական տվյալներով 100 անձից միայն 15-ն են վերջնական բուժում ստանում, մնացածը կամ տեղյակ չեն լինում, որ սեռավարակ ունեն, կամ իմանալով՝ բարձիթողի վիճակում են թողնում, կամ սխալ դեղորայքային բուժում են ստանում, եւ այս մարդիկ, որպես վարակակիր, այսպես ասած` ռեզերվուար են դառնում սեռավարակների տարածման գործում:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Շենգավիթ» բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդա Վարդանյանն էլ նշեց, որ բավականին աճել է անպաշտպան սեռական հարաբերությունների հետեւանքով առաջացած անցանկալի հղիությունների թիվը: Այս երեւույթին հիմնականում նպաստում են, տիկին Վարդանյանի ներկայացմամբ` գիտելիքների պակասը, գովազդվող ժամանցային միջոցառումները, որոնք գայթակղություն են առաջացնում երիտասարդների շրջանում. «Մեզ մոտ փոխվել է վերաբերմունքը ազատ սեռական հարաբերությունների նկատմամբ. մենք եվրոպականին շատ ենք սկսել հետեւել, սա ունի եւ դրական եւ բացասական կողմեր: Եվրոպայում սեռական դաստիարակության հիմքերը դրվում են 5-6 տարեկանից, իսկ մենք դրանից զերծ ենք, բայց ուզում ենք եվրոպական վարքագիծը դարձնել մեր կյանքի առօրյան»:
Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքերով` սեռական ազատ ապրելակերպը վատ չէ. «Բայց չի կարելի, առանց ազգային վերապահումների եւ ազգային մենթալիտետին հարմարեցման, նույնը բերել մեզ մոտ: Դա նույնը կլինի, որ մենք ասենք` մենք մնում ենք քրիստոնյա, բայց փարաջաներով ենք ման գալիս»:
Կարդացեք նաև
Բժիշկները միակարծիք էին, որ անհրաժեշտ է սեռական վարքագծի վերաբերյալ ճիշտ կրթություն տանել, սակայն նաեւ անհրաժեշտ է համապատասխան տարիքին համապատասխան գիտելիքներ մատուցել:
Կարեն Վարդանյանի ներկայացմամբ, առայժմ մեզ մոտ ցածր է պահպանակից օգտվելու կուլտուրան. շատ-շատերը նույնիսկ ամաչում են դեղատուն մտնել եւ պահպանակ գնել:
Ռուսուդա Վարդանյանի խոսքերով էլ` այսօր շատ տարածված է անցանկալի հղիության դեղորայքային ընդհատումը` ոչ բժշկական ծառայությունների միջոցով. «Դեղատնային ցանցը շատ հանգիստ առաջարկում է հղիությունը ընդհատող դեղորայքային միջոց, բայց դա բժշկի կողմից չի նշանակվում»:
Կարեն Վարդանյանի խոսքերով էլ՝ ներկայումս սեռական հասունացման տարիքը փոխվել է, եթե 70-80 ականներին սեռական հասունացման տարիքը տղաների մոտ 15-16 տարեկանն էր, իսկ աղջիկներինը` 13-14, ապա հիմա տղաներինն է` 13-14, աղջիկներինը` 11-12:
Aravot.am-ի այն հարցին, թե սեռավարակներով ո՞ր տարիքի անձինք են ավելի շատ դիմում եւ արդյոք սոցիալական որեւէ խումբ առանձնանում է, Կարեն Վարդանյանն ասաց, որ սեռավարակներով դիմելիության մեջ մեծ տոկոսը 18-24 տարեկաններն են, եւ հաշվի առնելով, որ սեռավարակներով կանայք նախընտրում են դրանց բուժումը ստանալ գինեկոլոգի մոտ, ապա մաշկավեներոլոգին ավելի շատ տղամարդիկ են դիմում: Բժշկի դիտարկմամբ` սեռավարակներից խուսափելու լավագույն մեթոդը` զուգընկերոջը հավատարիմ մնալն է:
Մանրամասները` տեսանյութում
Ռուսուդա Վարդանյանի ներկայացմամբ էլ` երկրորդային անպտղությունն էլ հիմնականում սեռավարակների հետեւանք է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Մեկ անգամ մի հայր որոշում է խոսել իր ութամյա որդու հետ սեքսի մասին և ասում է. “Որդիս, ցանկանում եմ խոսել քեզ հետ սեքսի մասին”։ “Այո, հայրիկ, իսկ ի՞նչ ես ցանկանում իմանալ”, – պատասխանում է որդին։
Հերիք է օգտագործել ծեծված “սեռական դաստիարակություն” արտահայտությունը։ Մեզ պետք է բարոյական դաստիարակություն, որովհետև անողները հիմնականում լավ էլ “գիտեն”, թե ինչ են անում։ Այնպես չէ, որ “սեռական կրթություն” առաջարկող երկրներում չկան սեռավարակներ և անցանկալի հղիություններ, և այլն։ Ազգը պետք է բարոյապես բարձրացնել։