Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Տարոնը ավելի շատ հարվածներ ստացավ իր շրջապատից»

Հուլիս 26,2013 13:05

«Ամեն դեպքում ճնշումը պետք է ավելի մեծանա և չպետք է հանգստանա»,-«Վարկած» ակումբում այսօր հայտարարեց Երեւանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով երթուղային տրանսպորտի թանկացման հետ կապված ինքնաբուխ քաղաքացիական ընդվզմանը և իշխանությունների որոշմանը: 

Դ. Սանասարյանը արդարացված համարեց այն, որ ակտիվիստներն այժմ շարունակում են պահանջել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և մանրամասնեց. «Եթե որևէ կառույցի ղեկավար չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, ուղղակի պիտի զիջի: Գործող իշխանության մեջ չկա մեկը, որ կգա ու լուրջ կառավարող կլինի: ՀՀ-ում քաղաքական կառավարումը ճգնաժամի մեջ է: Իշխանությունը ռեժիմի կառուցվածքով է հանդես գալիս, որը հենված է թաղային հեղինակությունների, բիզնեսների վրա»:
Դառնալով «Բարև Երևանի» հետագա քայլերին՝ Դ. Սանասարյանը տեղեկացրեց. «Առաջին հերթին դիմելու ենք դատարան, որ ցույց տանք, թե որքան զուրկ են եղել իրավական լինելուց Տարոն Մարգարյանի որոշումները: Հետո ստեղծելու ենք ավագանու քննող հանձնաժողով: Իսկ քաղաքապետի ասածը որևէ կապ չունի մեր ասածի հետ: Անգամ ՀՀԿ-ի հետ կհամագործակցենք, եթե տեսնենք, որ դա միտված է խնդիրների լուծմանը: Տարոն Մարգարյանը մեզ հետ հանդիպումների ժամանակ գիտակցեց, որ մենք ունենք բավարար քանակությամբ ստորագրություններ արտահերթի համար, բայց արդեն կասեցրեց որոշումը»:
Այն շահարկումներին, թե շարժումը ինչ-որ առումով միջոց էր հասարակական ուշադրությունը ավելի լուրջ խնդիրներից շեղելու համար, Դ. Սանասարյանն այսպես արձագանքեց. «Երբ սև դաշտում սպիտակ լուսավոր բաներ են մտնում, փորձում են այդ սպիտակն էլ սևացնել»:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ստացած հարվածներին՝ Դ. Սանասարյանն ասաց. «Տարոնը ավելի շատ հարվածներ ստացավ ոչ թե քաղաքացիներից, այլ իր շրջապատից, նախագահականից, իր կուսակիցներից»:
Հայ աստղերի նկարահանած տեսահոլովակին գնահատական տալով՝ Դ. Սանասարյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Տեսահոլովակի վերջում, երբ ասում են, թե մարդիկ կան, որ չեն կարող վճարել այդ հիսուն դրամը, իրենց մի քանի օրվա արածը ջուրն է ընկնում: Սրանով իրենց աշխատանքը թուլացավ, քանի որ սա սկզբունքի հարց էր, ոչ թե որ մի քանիսը չեն կարողանում վճարել: Դա աբսուրդ էր, թեև տեսահոլովակում նկարահանված անձանց մեծ մասին հարգում եմ: Երևի թե դրանով իրենց պաշտպանվածության հարցն էր լուծվում, հասկանում եմ, որ բոլորն էլ հեռուստաեթերի խնդիր ունեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031