Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլնարա Շահինյան. «Ստրկությունը 21-րդ դարում լուրջ մարտահրավեր է»

Հուլիս 30,2013 18:35

«Ստրկությունը 21-րդ դարում լուրջ մարտահրավեր է»,-Aravot.am-ի հարցին` արդյոք 21-րդ դարում, ստրկությունը շարունակո՞ւմ է լուրջ մարտահրավեր լինել, այսպես պատասխանեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը:

Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն ունի հատուկ պրոցեդուրաների ենթախորհուրդ, որտեղ  ընտրվում են ամբողջ աշխարհից փորձագետներ` 47 մանդատի համար, որոնք անկախ փորձագետներ են եւ ոչ մի կառավարությունից աշխատավարձ չեն ստանում, կարող են հանդես գալ` որպես հատուկ զեկուցող, աշխատանքային խումբ, ինչպես նաեւ կան երկրի ու թեմատիկ մանդատներ: Գ. Շահինյանը զբաղվում է աշխարհում դեռ գոյություն ունեցող ստրկության տարբեր ձեւերի ուսումնասիրությամբ, ինչպիսիք են՝ ստրկություն կաստայի խտրականության, ծննդի արդյունքում, երբ երեխան ծնվում է շարունակելով ծնողների ստրկական սոցիալական կարգավիճակը, աշխատանք պարտքի դիմաց, ստիպողական աշխատանք, ստիպողական վաղաժամ ամուսնություններ, երեխաների աշխատանքի վատագույն ձեւեր եւ այլն: Նա ուսումնասիրություններ է կատարել աշխարհի 14 երկրներում` Մավրիտանիա, Մադագասկար, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ղազախստան, Ռումինիա եւ այլն: Տարեկան 3 անգամ կազմակերպվող 10-12 օրյա ուսումնասիրությունների արդյունքները նա թեմատիկ տարեկան զեկույցով ներկայացնում  է Մարդու իրավունքների խորհրդին եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային: Այդտեղ ներկայացվում են նաեւ խորհրդատվություններ եւ ուղեցույցներ, որոնց ուղղությամբ պետությունները պիտի աշխատեն, որ հաղթահարեն ստրկությունը: Որպես հատուկ զեկուցող`Գ. Շահինյանն իրավունք ունի ուղիղ բողոքներ ստանալ, սակայն դեռ ոչ մի բողոք չի ստացել Հայաստանից: Նա կարծում է, որ մարդիկ չգիտեն, որ կա նման գործիք, այն էլ բավականին ուժեղ:

Հետաքրքրվեցինք` ստրկության ձեւերի տարածվածությամբ ո՞ր երկրներն են ավելի անմխիթար վիճակում: Գ. Շահինյանը պատասխանեց. «Երբեմն աշխարհի կտրվածքով նշում են 29 միլիոն, երբեմն 21 միլիոն: Իրականում թվերն ավելի մեծ են, քանի որ երեւույթը բացարձակ ուսումնասիրված չէ եւ տեղի է ունենում անհասանելի շրջաններում: Չկա մի երկիր, որտեղ չկա ստիպողական աշխատանք այս կամ այն ձեւով: Բայց իրավիճակն այնպիսին է, որ երկրները շատ դժվար են ընդունում ստրկության առկա լինելը, ավելի շատ ընդունում են թրաֆիքինգը: Թվում է` ստրկությունը  էմոցիոնալ է, անցյալում է եւ հաղթահարել ենք, բայց այն իրականություն է: Աֆրիկյան եւ ասիական երկրներում երեխաներ կան, որ ստրուկ են ծնվում, կամ  Մեծ Բրիտանիայում դեպք է գրանցվել, երբ երեխան 12-13 տարեկան ամուսնանում է: Երբեմն, միգրացիոն համայնքներն իրենց հետ բերում են իրենց սովորույթները. օրինակ՝ վաղաժամ ստիպողական ամուսնություններ: Աշխարհում ամեն 27 րոպեն մեկ-մեկ անչափահաս երեխա է ենթարկվում բռնի ամուսնության: Դա ստրկության ձեւ է, քանի որ այդպիսով  դու զրկում ես երեխային որոշում կայացնելու իրավունքից: Այն առեւտրի տարր էլ է կրում. օժիտի, պատվի դեմ վաճառում են  երեխային: Երբ երեխան ստրուկ է ծնվում, նա պիտի շարունակի իր ծնողների կողմից գոյացած «պարտքերը», եւ տերը կարող է անել ամեն ինչ, ինչ ուզում է. բռնաբարել, վաճառել եւ այլն, քանի որ նրանք իր իրերն են»:

Ըստ Գ. Շահինյանի` ՀՀ-ում տարածված է ստիպողական աշխատանք երեւույթը` սոցիալական խնդիրներից ելնելով: Տիկին Շահինյանը կարծում  է, որ ստրկության տարածմանը նպաստող գործոններ ՀՀ-ում կան. «Օրինակ` աճող  աղքատությունը,  երբ անչափահաս երեխան դիտվում է որպես գործընկեր գոյատեւելու հարցում: Անչափահաս երեխան դառնում է այն ուժը, որը կարող է ինչ-որ բանով օգնել ընտանիքին: Դա անընդունելի է, մենք կորցնում ենք ապագան: Երեխան պետք է հարգի աշխատանքն ու օգնի ընտանիքին, բայց օրենքով սահմանված չափով եւ ժամանակով՝ չկտրվելով ուսումից եւ մանուկ լինելուց»:

Հետաքրքրվեցինք` ո՞ր երկրի փորձը կարող ենք կիրառել նշված խնդիրների լուծման համար: Տիկին Շահինյանը պատասխանեց. «ՀՀ-ում շատ լավ կարող է կիրառվել լատինաամերիկյան փորձը: Դա կոչվում է բորսա ֆամիլիա, դա միջոց է, որով երեխային ոչ թե կտրում են ընտանիքից ու տանում ինչ-որ տեղ, այլ երեխային կտրում են աշխատանքից, եւ նրա ընտանիքին հատկացնում են գումար, որ ծնողները կրթվեն եւ առաջ գնան: Դա արվում է կառավարության եւ տեղի բիզնեսի միջոցներով: Եթե երեխան դպրոց չգնա, ապա ծնողները կկորցնեն բոլոր այդ բարիքները: Ես իրականում ոչ թե դեմ եմ երեխաների աշխատանքին, այլ եթե երեխան օգնում է ընտանիքին, ու դա կրթության եւ առողջության հաշվին չի արվում, դա գովելի է»:

Տիկին Շահինյանը ՀՀ-ում տեսնում է խնդիրները լուծելու կամքը, բայց նաեւ նկատում, որ մենք բաց չենք սովորելու համար: Ըստ Գ. Շահինյանի՝ ստրկությունը դժվար է տեսնել, քանի որ այն տեղի է ունենում փակ տարածքներում. տնային աշխատողներ, հատկապես երեխաներ, հեռու շրջաններ, մեծ ընկերությունների մասնաճյուղերում, երբ չկա հսկողություն. «Օրինակ՝ Ամազոնիայի խորքերում տեսել եմ, թե ինչպես են երեխաներին ստրկացնում: Նրանք մինչեւ վիզը ջրի մեջ կանգնած ոսկի են լվանում արճիճով, այն դեպքում, երբ կոշիկը այդ ջրի մեջ ծակծկում է: Նրանք ոսկի են հանում, որից մեծ ընկերությունները գերշահույթ են ստանում: Կամ Մավրիտանիայում բազմաթիվ երեխաներ ծնվում են որպես ստրուկներ, եւ ստրկուհին կարող է սիրային շահագործման ենթարկվել ստրկատիրոջ կողմից, անգամ իրավունք ունի երեխային նվեր տալ եւ այլն»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցողը վերոնշյալ խնդիրների լուծման հիմնական ճանապարհը համարում է կրթության հնարավորության ընձեռումը, օրենքի կողմից հավասար պաշտպանվածությունը, այն, որ ծրագրերը բխեն մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանությունից: Նա հավելեց, որ ստրկությունն արգելող շատ միջազգային իրավական գործիքներ կան ու չկա երկիր, որի Սահմանադրության մեջ չլինի հոդված հավասարության մասին, բայց ստրկությունն առկա է: Գ. Շահինյանի կարծիքով՝ դա շատ բարդ մեխանիզմ է եւ լուծումը միակողմանի չի կարող լինել, այն պահանջում է խոր ուսումնասիրություն եւ բոլորի՝ կառավարությունների, միջազգային, կրոնական կազմակերպությունների եւ ՀԿ-ների սեկտորի միացյալ գործողություններով: Ըստ Գ. Շահինյանի՝ լինելով մարդու իրավունքների համակարգի ոտնահարում, ստրկությունը չի կարող վերանալ կոսմետիկ, իրար հետ չհամագործակցված ծրագրերով, որոնք այժմ առկա են աշխարհում:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031