Լրահոս
Օրվա լրահոսը

Լողավազանից 9-ամյա երեխային դուրս են արել՝ աբոնեմենտը սպառված լինելու պատճառով

Հուլիս 31,2013 13:52

Արմինե Պետրոսյանն իր 9-ամյա դստեր՝ Անիի համար լողավազան այցելելու աբոնեմենտ է հանել՝ 8 պարապմունքի համար վճարելով 10 հազար դրամ: Սակայն պարապմունքների կեսից, Ա. Պետրոսյանի պատմելով, երեխան թունավորվել է ու լողի մի քանի պարապմունք, առողջական խնդիրներով պայմանավորված, բաց թողել: Կազդուրվելուց հետո, երբ Անին իր 13-ամյա եղբոր հետ գնացել է լողավազան՝ հերթական պարապմունքին, տիկին Արմինեի խոսքերով՝ լողավազանի տնօրենը՝ Սոնա Բարսեղյանը, «երեխաներին վիրավորել է ու դուրս արել փողոց»՝ պատճառաբանելով, որ ժամկետը լրացել է, չեն կարող օգտվել լողավազանից:

«Անին եկավ սթրեսի մեջ, այնպես կոպիտ էին երեխայի հետ խոսել, վիրավորել, որ երեխան տեղը չէր գտնում: Ինչպե՞ս կարելի է երեխայի հետ այդպես վարվել: Գուցե մանկական հոգեբանի հե՞տ խորհրդակցեն, թե ինչպես պետք է շփվել երեխաների հետ: Չէ՞ որ երեխաների հետ գործ ունեն, որքան էլ ծնողը սխալ լինի, երեխային չպիտի նեղացնել, ես էլ եմ իմ գործի բնույթով երեխաների հետ աշխատում, բայց երբեւէ մի երեխայի վրա ձայնս չեմ բարձրացնում, որքան էլ ծնողի հետ խնդիրներ լինեն»,- «Առավոտ» հետ զրույցում ասաց Արմինե Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ բացի այն, որ այդ մանկական լողավազանում սանէպիդ ծառայությունն այցելելու դեպքում մի շարք թերություններ կհայտնաբերի, մարզիչը լողի պարապմունքների ժամանակ երեխաների հետ «աղջի»-ով ու «հիմարով» է դիմում. «Երբ դժգոհում ենք, ասում է՝ դուք չեք պատկերացնի՝ երեխաների հետ ինչ դժվար է: Հիգիենայից են խոսում, բայց որ ծնողի նկատմամբ «սիմպատիա» ունեն՝ թողնում են, որ կոշիկներով ներս մտնեն, հետեւեն իրենց երեխաների պարապմունքին»:

Այդ օրը Անին եւ եղբայրը, մոր խորհրդով, նստել են տաքսի եւ տուն վերադարձել. «Այն դեպքում են երեխայիս դուրս արել, երբ զանգել, հատուկ զգուշացրել եմ, որ Անին թունավորվել է եւ չի կարող պարապմունքներին հաճախել: Բայց ինձ տնօրենն ասում է՝ չես զանգել, չես զգուշացրել: Երեխաս 4 պարապմունք բաց է թողել, այդ օրը նրա 5-րդ պարապմունքն էր: Նրանք իրավունք չունեն չլրացնելու չայցելած օրերի տեղը: Մի բան էլ իրենք են կռիվ ու վեճ սարքում՝ առանց հաշվի առնելու, որ երեխայի հետ գործ ունեն»:

«Օրը ինձ համար արժեք է, գործատու եմ, աշխատում եմ, երեխան գրվել է ու չի գալիս, բացակայությունը շատ երկարեց, ժամկետն անցավ՝ ու նոր եկել է, ասում եմ՝ քո ժամկետն անցել է, դու ո՞ւր ես գնում մտնես: Ես շատ կարգապահ մարդ եմ, ամեն ինչ օրենքով եմ սիրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բաղրամյան 53/69 հասցեում գործող լողավազանի տնօրենը՝ Սոնա Բարսեղյանը, երբ նրան փոխանցեցինք նրա լողավազան այցելելու երեխայի ծնողի դժգոհությունը: Տիկին Բարսեղյանը հավատացրեց, որ ինքը երեխայի հետ կոպիտ չի խոսել եւ նրանց փողոց չի հանել՝ պարզապես զայրացել է, երբ Անին իր բացակայությունը պատճառաբանել է «ռեմոնտ անելով»: Նրա խոսքերով. «Մայրը զանգեց ասեց՝ երեխաս թունավորվել է, հասկացանք, որ հաջորդ պարապմունքին չի գալու, բայց մյուս պարապմունքներին էլ չեկավ: Ոչ զանգեցին, ոչինչ չասացին, ժամկետն էլ լրացել էր, չգիտեինք՝ ինչ անել: Այդ երեխան եղբոր հետ եկավ, զարմացած հարցրի՝ դու ժամկետ ունե՞ս, որ եկել ես, կամ քո ծնողը մի հատ չզանգի՞ հետաքրքրվի՝ ուղարկի-չուղարկի: Երեխան շրջվեց ու ինձ ասաց՝ մենք ռեմոնտի մեջ էինք: Թունավորումը ինֆեկցիոն հիվանդություն չի, որ գնա 10-15 օր չգա: Դուրս եկան միջանցք, զանգեցին մորը, նա էլ զանգեց, ասաց, թե՝ բայց ես ձեզ զգուշացրել էի, չէ՞, որ երեխաս թունավորվել է, ասացի՝ բայց ձեր երեխան ինձ ուրիշ բան ասաց, որ՝ դուք «ռեմոնտի» մեջ եք եղել: Ու երբ սկսեց ինձ հետ կոպիտ տոնով խոսել, ասացի՝ չհասկացա, վերջապես անհարմար է, չի կարելի, ղեկավար մարդ եմ, ծնողը քո հետ այդ տոնով խոսի՞, ես քեզ ոչ մի բան չեմ ասել, պարզապես ես ուզեցի ներկայացնել սուտը, ո՞նց հասկանամ, որ ծնողը ասում է՝ թունավորվել է երեխան, բայց նրա երեխան ասում է, որ ռեմոնտ են անում, դրա համար էլ բացակայել է: Լավ ինչ որ ա, եկել էր, բայց չէ՞ որ ժամկետ գոյություն ունի: Առանց այն էլ նրա երեխային ընդառաջել էին: Այս կինը խնդրեց, որ իր երեխան գա շաբաթական երեք անգամ, մի քիչ չաղլիկ էր, որ երեք անգամ գա շուտ նիհարի, իսկ մեզ մոտ տեղ չկար, բնականաբար, այդ մեկ տեղը մենք ընդունելության վրա կօգտագործեինք: Ասեցի, լավ՝ ընդառաջեմ այդ ծնողին: Նախապես զգուշացրեցի, որ եթե 3 պարապմունք դարձնեմ՝ աբոնեմենտի ժամկետը կկրճատվի, եւ եթե տեղ եք զբաղեցրել՝ ավելի արագ պետք է գաք»:

Ինչ վերաբերում է երեխայի հետ կոպիտ խոսելուն ու լողավազանից անչափահաս երեխաներին փողոց դուրս հանելուն, տիկին Բարսեղյանն ասաց. «Ես բոլոր երեխաներին էլ շատ լավ եմ վերաբերվում, ոչ ամբիցիոզ եմ, ոչ էլ ինչ-որ մեկին կնեղացնեմ: Եթե նրա մայրը չզանգեր ու այդ տոնով չխոսեր, ես երեխային արդեն ուղարկում էի, որ գնար մտներ լողավազան»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031