Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարևոր, չշոշափվող մի արժեք ունենք մենք՝ Հայրենիքը, և լավագույնների կյանքերի գնով ենք այդ Հայրենիքը պահպանում». կայացավ «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 6-րդ կրթամրցանակաբաշխության արարողությունը

Նոյեմբեր 19,2026 17:36 Share
Աջակցեք aravot.am-ին

«ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 6-րդ կրթամրցանակաբաշխությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում

2026 թ․ նոյեմբերի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի (ԲՃՖ) 006М լաբորատորիայում կայացավ «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 6-րդ կրթամրցանակաբաշխության արարողությունը։ Այն նվիրված էր նույն ֆակուլտետի ուսանող, Արցախյան 44-օրյա գոյամարտի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Էրիկ Հաջիկյանի հիշատակին, որբ անմահացել է 2020-ի հոկտեմբերի 16-ին՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս։

ՀԱՀ-ից Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը հերոսաբար կնքեցին Ազիզ Աղաջանյանը, Արեգ Գևորգյանը, Հակոբ Հակոբյանը, Շավարշ Մուրադյանը, Դավիթ Վիրաբյանը և Դավիթ Ուզունյանը։

 

 

«Ոսկի սերմեր» ծրագիրը ՀԱՀ-ի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի երախտիքի համատեղ տուրքն է՝ նվիրված հանուն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անմահացած հերոսների հիշատակին։ Անվանակիր կրթամրցանակներ սահմանելով և այդ անմոռանալի անունները շաղկապելով կրթության և գիտության զարգացման գաղափարին՝ ծրագրի կազմակերպիչները նպատակադրվել են խրախուսել ուսման բարձր առաջադիմություն, գիտական հետաքրքրություններ և քաղաքացիական ակտիվություն ունեցող երիտասարդներին։

Հուշ-երեկոյին ներկա էին ՀԱՀ ուսումնական հարցերով փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը, ՀԱՀ Զաւէն և Սոնիա Ագեան ԲՃՖ համակարգչային և տեղեկատվական գիտությունների մագիստրոսական ծրագրի ղեկավար Արամ Հաջյանը, ճարտարագիտության և բակալավրի ծրագրի ղեկավար Սաթենիկ Մնացականյանը, ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Վարուժան Գեղամյանը, Էրիկի ծնողները՝ Լիլիթ Չատինյանը, Սարգիս Հաջիկյանը, եղբայրը՝ Էդուարդը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, հյուրեր։

Միջոցառման բացման խոսքում Սաթենիկ Մնացականյանը կարևորեց «Ոսկի սերմեր» ծրագրի իրականացումը ՀԱՀ-ում։ «Շատ կարևոր, չշոշափվող մի արժեք ունենք մենք՝ Հայրենիքը, և լավագույնների կյանքերի գնով ենք այդ Հայրենիքը պահպանում։ Պետք է արժևորենք մեր ապրելու ժամանակը, նրանց կյանքն ու սխրանքը․ կարծում եմ՝ այս միջոցառումների ժամանակ մենք փորձում ենք այդ էներգիան հնարավորինս շատ փոխանցել երիտասարդներին»,- ասաց Ս․ Մնացականյանը։

Ռանդոլ Ռոդեսը, խոսելով ՀԱՀ-ի առաքելության մասին, նշեց, որ այն ոչ միայն ակադեմիական կրթության կենտրոն է, այլ ուսանողների քաղաքացիական դիմագծի ձևավորման և ոգեշնչման համայնք։ «Էրիկ Հաջիկյանին նվիրված միջոցառումը կազմակերպվել է, որպեսզի ոչ միայն հիշենք նրան, այլև նրա օրինակը ներկայացնենք ՀԱՀ-ի ներկա և գալիք սերունդների ուսանողներին»,- հավելեց Ռ․ Ռոդեսը։

Արամ Հաջյանը հիշեց Էրիկին, երբ վերջինս ընդունվում էր համալսարան, պատմեց ուսումնառության ընթացքում ավելին յուրացնելու, կատարելության ձգտելու նրա մեծ ցանկության մասին։ Խոսելով աշխարհում և մեր երկրում տիրող բարդ իրականության, անտեսվող, բայց կարևոր հարցերից շեղող աղմուկի մասին՝ Ա․ Հաջյանը կարևորեց ծրագրի արժեհամակարգային նշանակությունը։ «Մենք անպայման պետք է հիշենք մեր հերոսներին։ Դա կարևոր է հենց մե՛զ համար»,- նշեց նա։

Հուզիչ էր Էրիկի մայրիկի՝ Լիլիթ Չատինյանի խոսքը։ Նա դրվագներ ներկայացրեց որդու ուսումնառության տարիներից և սպորտային հաջողություններից։ Էրիկի ընկերուհին՝ Սյուզաննա Հովհաննիսյանը, ջերմ խոսքերով հիշեց նրա մարդասիրությունը, դիմացինին օգնելու մշտական պատրաստակամությունը, բնավորության կամային գծերը։

ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Վարուժան Գեղամյանը, լինելով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված, պատմեց Քաշաթաղի շրջանում անցկացրած տարիների, պատերազմի ընթացքում իր հետ կատարված իրադարձությունների, հայ մարտիկների հերոսության մասին։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ներկայացրեց «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» նախագծի պատմությունը․ 2021-ին ԵՊՀ-ում մեկնարկած ծրագրի մոդելն արագ տարածվեց մյուս կրթօջախներում ևս, և այժմ Հայաստանի 5 բուհերում (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևանի պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ) Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների անուններով գործում է 12 ծրագիր։ «Մեզ թաղեցին, բայց մենք սերմեր էինք» նշանաբանն արտահայտում է «Ոսկի սերմեր» ծրագրի գաղափարախոսությունը։

Այն երեք կարևոր խնդիր է լուծում․ ա) մոռացության չմատնել պատերազմի նահատակների սխրանքը, բ) հերոսների անունները շաղկապել գիտության և կրթության բնագավառում հաջողություններ ունեցող երիտասարդների ուսումնական առաջընթացին, գ) լուսաբանել ու տարածել կրթարար հովանավորների մասնակցությամբ բարեգործության այս մոդելի փորձը։ Ծրագրին մասնակցելու հավասար հնարավորությունը և մրցանակակրի ընտրության անաչառությունն ապահովելու նպատակով նախօրոք հայտարարված մրցույթի հայտերի ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը, որը բաղկացած է ֆակուլտետի դասախոսներից, նաև՝ հիմնադրամի ու հերոսի ընտանիքի ներկայացուցիչներից, դիմորդ-ուսանողներին հնարավորություն է ընձեռում բանավոր զրույցի ընթացքում ևս հիմնավորելու իրենց թեկնածությունը։ Այս երկու փուլերի ամփոփումից հետո հայտարարվում է մրցանակակրի անունը։ Բարերարի կամքով հաղթող ուսանողին առաջարկվում է նաև կամավորական աշխատանք կատարել 006М լաբորատորիայում։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսական կազմին և բարերարին արդյունավետ գործընկերության համար՝ Ա․ Պետրոսյանը արտահայտեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հանձնառությունը՝ շարունակելու ծրագիրը՝ ասելով․ «Պատվախնդիր ազգը, նրա մտավորականները, երիտասարդությունը, հասարակության մյուս հատվածները կենսունակ և հաղթական կարող են լինել, եթե խոնարհվում են իրենց հերոսների հիշատակի առաջ և ստանձնում են նրանց կիսատ թողած գործը շարունակելու առաքելությունը։ Այդ հերոսներն են այն ոսկի սերմերը, որոնք ոսկի ծիլեր են արձակելու։ Հայաստանի բուհերում «Ոսկի սերմեր» ծրագրի գործունեության արդյունքում մենք ունենք շուրջ 100 կրթամրցանակակիր՝ ծիլեր, որոնք շարունակելու են անմահների գործը»։

Հուշ-երեկոյի ընթացքում նախօրոք հայտարարված մրցույթի հաղթող, ՀԱՀ ճարտարագիտության բաժնի ավարտական կուրսի ուսանողուհի Նանե Պատվականյանն արժանացավ Էրիկ Հաջիկյանի անվան կրթամրցանակակրի բարձր կոչմանը և պարգևատրվեց 300,000 դրամ գումարով։ Նանեն հավաստիացրեց, որ մրցանակն իր համար ոչ միայն պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն։ Ներկաները շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչ Շաղիկ Շահինեանին։

Էրիկ Սարգիսի Հաջիկյանը ծնվել է 2001 թ․ հունվարի 3-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Հինգուկես տարեկանից հաճախել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց։ Ուսման ընթացքում սիրել է պատմություն և աշխարհագրություն առարկաները։ Զուգահեռ հաճախել է կարատեի մարզումների և տարիների ընթացքում գրանցել է մեծ հաջողություններ։ Մոր խոսքով՝ Էրիկն իր կյանքում շատ է կարևորել սպորտը, երկու եղբայրներն էլ հաճախել են կարատեի։ 12 տարի պարապել են ու մեծ հաջողությունների են հասել։ Էրիկը մասնակցել է մի շարք մրցաշարերի՝ դառնալով միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն, կարատեի Եվրոպայի առաջնության մասնակից, Հայաստանի հավաքականի անդամ։ 2017 թ․ ավարտել է դպրոցը և ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան։ 2019 թ․ հուլիսի 29-ին արդեն հայրենիքի պաշտպան-զինվորն էր Էրիկը։ 6 ամիս ծառայել է Արմավիրի զորամասում, այնուհետև չորս ամիս ծառայությունը շարունակել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Որոտանի, ապա՝ Խնձորեսկի զորամասերում։ Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի։

2020-ին Էրիկն ու մի քանի տանկիստներ մասնակցել են Ռուսաստանում ընթացող «Կովկաս-2020» զորավարժություններին։ Սեպտեմբերի 30-ին Էրիկը վերադարձել է և անմիջապես մեկնել Արցախ՝ առաջնագիծ։ Հարազատները վերջին անգամ Էրիկին տեսել են այդ օրը օդանավակայանում։ Երկու եղբայրները՝ Էրիկն ու Էդիկը, որն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող է եղել, պատերազմի օրերին եղել են կռվի թեժ կետերում։ Ջրականի դիրքերում մարտնչող Էրիկը շարունակ հանգստացրել է ծնողներին՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է։ Մայրը պատմեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 16-ին կրտսեր որդին՝ Էդիկը, երկու ոտքից վիրավորվել էր։ Ծնողները մեկնել էին Գորիսի հիվանդանոց՝ տեսակցելու նրան։ Այդ ընթացքում Էրիկի զորամասի տանկերը վերադառնալիս են եղել Հայաստան։ Ամեն ինչից անտեղյակ՝ ծնողները ձեռքով են արել տանկիստներին, հետո Էրիկի հրամանատարին են տեսել ու մոտեցել՝ տեղեկություն ստանալու իրենց որդու մասին։ Պարզվել է՝ Էրիկի տանկը ԱԹՍ-ի հարվածից խոցվել է հոկտեմբերի 16-ին Իշխանաձորի մատույցներում։ Անձնակազմի անդամներից զոհվել են Էրիկն ու Հակոբ Մանթաշյանը, երրորդը ողջ է մնացել․․․

Զրույցի ընթացքում ներկաներին տեղեկացրի՝ միայն Քաշաթաղի շրջանից 44-օրյա պատերազմում զոհվել են 75-ից ավելի քաջորդիներ։ Պատերազմից հետո ևս Արցախում ու ՀՀ սահմաններում հերոսաբար զոհվեցին քաշաթաղցիներ՝ ժամկետային ու պայմանագրային զինվորներ։ Կրթամրցանակաբաշխության արարողությունից հետո Շաղիկ Շահինեանի և Վարուժան Գեղամյանի հետ այցելեցինք 44-օրյայում ՀԱՀ-ի նահատակ ուսանողներին նվիրված լսարան և խոնարհումի տուրք մատուցեցինք հերոսներին։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել