Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլնյուսի «Արմենիա» սրճարանում կատարված սպանության գործը վերաքննիչում է

Օգոստոս 01,2013 13:43

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 22-ին 8 տարի 11 ամսվա ազատազրկման դատապարտեց Խաչիկ Գեւորգյանին: Վերջինս բողոք է բերել ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան, եւ մեր տեղեկություններով գործի քննությունը կսկսվի օգոստոսի կեսերին:

Կալանավորի գործը 2011 թվականի սեպտեմբերի 15-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պահանջով: Նա 2012 թվականի փետրվարի 7-ին հայտնաբերվել է Երեանում, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ըստ գործի նյութերի, Խաչիկ Գեւորգյանը եւ հանգուցյալ Արամ Մանվելյանը մանկուց ճանաչել են միմյանց, Հայաստանում բնակվել են նույն թաղամասում, գտնվել են մտերիմ փոխհարաբերությունների մեջ: 1995 թվականին Ա.Մանվելյանը մշտական բնակության է մեկնել Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաք, որտեղ ամուսնացել է Ակվիլե Մանվելյանի հետ:

Ա.Մանվելյանը Վիլնյուսում ուներ «Արմենիա» խորտկարան: Խ.Գեւորգյանը հաճախակի է գնացել Վիլնյուս, ուր զբաղվում էր առեւտրով: Վիլնյուսում ամբաստանյալը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Ս.Մ.-ի հետ: 2001 թվականի մարտին, ըստ գործով ձեռք բերված ապացույցների, Խ.Գեւորգյանը կրկին գտնվել է Վիլնյուսում: Նա 2001թ.մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ա.Մանվելյանի հրավերով, հերթական անգամ այցելել է «Արմենիա» խորտկարան, որտեղ Ա.Մանվելյանի եւ նրա ծանոթ, գործով վկա Ալեքսեյ Ռոգաչեւի հետ օգտագործել են ոգելից խմիչք: Ա.Ռոգաչեւը հեռացել է սրճարանից, իսկ Ա.Մանվելյանը եւ Խ.Գեւորգյանը շարունակել են ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Ա. Մանվելյանը եւ Խ.Գեւորգյանը այդտեղից դուրս են եկել եւ գնացել են գործով վկա Վազգեն Ղազարյանին պատկանող «էդեստել» սրճարան, որտեղ շարունակել են գարեջուր եւ այլ խմիչքներ օգտագործել: Ժամը 00.30-ի սահմաններում Վ.Ղազարյանն իր ավտոմեքենայով Ա.Մանվելյանին եւ Խ.Գեւորգյանին տարել է «Արմենիա» խորտկարան եւ հեռացել: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Ա.Մանվելյանը վիճաբանել եւ անձնական վիրավորանք է հասցրել ամբաստանյալ Խ.Գեւորգյանին: Խ.Գեւորգյանը դանակով հինգ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, պատճառելով թոքերի, սրտապարկի, վերեւի կողային երակի, վահանաձեւ գեղձի, տրախեայի եւ կերակրափողի վնասվածքներ, սպանելով ընկերոջը: Առավոտյան ժամը 8-ի սահմաններում նա դիմել է փախուստի:

Ըստ առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների, նույն օրը, ամբաստանյալ Խ.Գեւորգյանը զանգահարել է վկա Իբրահիմ Գուլիեւին եւ հայտնել, թե գտնվում է Բելառուսի Հանրապետությունում, քանի որ վախենում է Արամ Մանվելյանի հոր, գործով վկա Ստեփան Մանվելյանից, որը կարող է հաշվեհարդար տեսնել որդու սպանության համար:

Խաչիկ Գեւորգյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել, սակայն հրաժարվել էր նախաքննության ժամանակ ցուցմունք տալ:

Տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել նրա կինը՝ Ակվիլե Մանվելյանը, որը դիմել էր դատարանին, թե ընտանեկան եւ աշխատանքային անբարենպաստ պայմանների պատճառով չի կարող մասնակցել գործի դատաքննությանը, խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, պնդել էր իր կողմից նախաքննության ընթացքում ներկայացված քաղաքացիական հայցի պահանջը:

Այս գործով վկաները հիմնականում Վիլնյուս քաղաքի բնակիչներ էին, որոնց նախաքննական ցուղցմունքներն են հրապարակվել դատարանում,  մասնավորապես՝ Ստեփան Մանվելյանի, Իբրահիմ Գուլիեւի, Սուսաննա Մինոսյանի, Ալեքսեյ Ռոգաչեւի, Վազգեն Ղազարյանի:

Տուժողի հայրն իր ցուցմունքում հայտնել էր, թե Ա.Մանվելյանը եւ Խ.Գեւորգյանը միմյանց ճանաչել են մանկության տարիներից եւ եղել են ընկերներ: Նույն օրը ինքը գնացել է սրճարան, որտեղ սպանվել է Ա.Մանվելյանը եւ նրա կինը՝ Ակվիլեն, իրեն պատմել է, որ դեպքի օրը երեկոյան նա մեկնել է տուն՝ սրճարանում թողնելով Ա.Մանվելյանին, Ալեքսեյ Ռոգաչեւին եւ Խաչիկ Գեւորգյանին, որոնք սրճարանում ոգելից խմիչքներ են օգտագործել: Վկան նաեւ հայտնել էր, թե ինքը հանդիպել է Իբրահիմ Գուլիեւի հետ եւ վերջինս հայտնել է, որ Խաչիկ Գեւորգյանը Բելառուսից զանգահարել է նրան եւ հայտնել, որ ինքը ապօրինի հատել է Լիտվայի սահմանը, վախենում է վերադառնալ Վիլնյուս, քանի որ վախենում է նայել Արամի հոր աչքերին, վախենում է, որ նա հաշվեհարդար կտեսնի որդու սպանության համար: Խ.Գեւորգյանը վերջին անգամ Վիլնյուս էր եկել Ա.Մանվելյանի սպանությունից մոտ մեկ ամիս առաջ, ապօրինի՝ առանց վիզայի:

Դատարանի կողմից հրապարակված վկա Վազգեն Ղազարյանի նախաքննական ցուցմունքներից էլ պարզվել էր, որ վկան Վիլնյուսում բնակվում է 1991 թվականից, ունեցել է սրճարան՝ «էդեստել» անվամբ: 1996 թ. ճանաչել է Արամ Մանվելյանին, որը նույնպես սրճարան է ունեցել՝ «Արմենիա» անվամբ: Ճանաչել է Խաչիկին, որը Ա.Մանվելյանի ընկերն է եղել: Հիշել է, որ 2001 թ.մարտի 29-ին ժամը 22-ի սահմաններում, Ա.Մանվելյանը զանգել է իրեն եւ հայտնել, որ ցանկանում է գալ իր սրճարան: Ինքը վերջիններիս գարեջուր է հյուրասիրել եւ որոշ ժամանակ նստելուց հետո ասել, որ պետք է տուն գնա: Միասին դուրս են եկել սրճարանից, եւ տանելով Մանվելյանին կրկին խորտկարան՝ ինքը հեռացել է:

Ըստ դատաբժշկական փորձաքննության 27. 04. 2001թ. թիվ 571 եզրակացություն, Ա.Մանվելյանը մահացել է կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած վերքերից՝ թոքերի, սրտապարկի, վերեւի կողային երակի, վահանաձեւ գեղձի, տրախեայի եւ կերակրափողի վնասվածքներով: Ա.Մանվելյանի դիակի վրա զննված վնասվածքները հատուկ չեն սեփական ձեռքով կատարելուն: Ա.Մանվելյանի դիակի ձախ դաստակի 2-րդ մատի վրայի կտրած վերքը կարող էր առաջանալ ինքնապաշտպանության ժամանակ: Ա.Մանվելյանի հագուստի վրայի վնասվածքները համընկնում են դիակի վրայի վնասվածքների տեղակայությանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Տուժողի իրավահաջորդ Ակվիլե Մանվելյանի կողմից հայցադիմումի ձեւով պատշաճ քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով դատարանը քաղաքացիական հայցի պահանջը թողել է առանց քննության եւ նրան իրավունք վերապահել քաղաքացիական դատավարության հայցային վարույթի կարգով քաղաքացիական հայցի պահանջով դիմել դատարան:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031