Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արվեստը դառնում է էլիտար, հայտնվում է ճգնաժամի մեջ»

Օգոստոս 06,2013 15:36

Սկսվել է ՀՀ պետական մրցանակների հայտերի ընդունումը, ինչի առիթով արվեստագետների շրջանում սկսվել են տարաբնույթ խոսակցություններ: Խոսվում է այն մասին, որ «Արվեստ» անվանակարգը պետք է տարանջատել՝ առանձնացնելով  թատրոնը եւ կինոն: Նախորդ տարիների նման, այս անգամ էլ դժգոհություններ կան, որ հստակեցված չեն մրցույթի չափորոշիչները  կամ հանձնաժողովների կազմում քիչ են գիտակ մասնագետները: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետները նշեցին հանձնաժողովներում ընդգրկված անուններ, որոնք թեեւ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, սակայն չունեն նույնիսկ համապատասխան մասնագիտական կրթություն, բայց գնահատում են իրենց «արտադրանքը»: Մեզ հայտնի դարձավ, որ մոնումենտալ՝ օրատորիա-կանտատային, սիմֆոնիկ, օպերային, բալետային, ինչպես նաեւ կամերային ժանրերում ստեղծագործող կոմպոզիտոր, ժամանակին  ՀՀ պետական մրցանակի հայտ ներկայացրած, սակայն դրան չարժանացած՝ ճանաչված Աշոտ Բաբայանը այս տարի կրկին մասնակցության հայտ է ներկայացրել: Նա նաեւ նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով իր դիտարկումները մրցույթի վերաբերյալ: Մեզ հետ զրույցում կոմպոզիտորը նկատեց, որ նախորդ տարիների պետական մրցանակի արժանացած բոլոր ստեղծագործություններն այդ բարձր մրցանակին արժանանալուց հետո այլեւս չեն հնչել: «Կարծում եմ, որ այդ երկերը, եթե, իրոք, բացառիկ արժեքներ են, պետք է որ հասարակական լայն ճանաչման արժանանային՝ տեղ գտնելով երաժշտական կոլեկտիվների երկացանկում: Բայց այդպես չեղավ, ինչը վկայում է, որ մրցութային հանձնաժողովը ճիշտ չի աշխատել»,- նշեց պարոն Բաբայանը: Հիշելով երկրաշարժի զոհերին նվիրված՝  2009թ. պետական մրցանակի ներկայացրած իր «Սպիտակ» սիմֆոնիայի ճակատագիրը, ասաց. «Ոչինչ, որ այն չարժանացավ մրցանակի, բայց ես հետագա տարիներին պարզեցի, որ հանձնաժողովի զգալի մասը, ծանոթ չլինելով ստեղծագործությանս, մասնակցել է քվեարկությանը: Քանի որ այս տարի ներկայացրել եմ «Հերոսապատում» կանտատս՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին, անաչառություն ապահովելու խնդրանքով դիմել եմ հանրապետության նախագահին՝ խնդրելով փոխել հանձնախմբի կազմը՝ նախագահից սկսած»,- հայտնեց կոմպոզիտորը:

Մասնագետից հետաքրքրվեցինք՝ մեր երկրում այսօր ի՞նչ չափորոշիչներով է  գնահատվում դասական երկը: «Խորհրդային Միությունը վաղուց չկա, բայց գոնե երաժշտարվեստի ոլորտում, կարծես, դեռեւս գործում են  խորհրդային օրենքները: Օրինակ, մշակութային կոլեկտիվները խորհրդային տարիների օրինակով աշխատում են դարձյալ պլանային սկզբունքով, որեւէ երաժշտի գնահատելիս էլ կրկին հաշվի է առնվում, թե ինչ համերգներ է ունեցել արտերկրում, ինչ մրցույթների մասնակցել եւ այլն»,- նշեց մեր զրուցակիցը: Նաեւ փաստեց, որ այսօր յուրաքանչյուր ստեղծագործող ինտերնետի միջոցով կարող է բանակցություններ վարել, պայմանագրեր կնքել, մրցույթի հրավեր ստանալ եւ այլն: Ի տարբերություն շատ գործընկերների, Աշոտ Բաբայանը նախընտրում է, որ իր գործերը հաճախ հնչեն հայրենիքում՝ մայրենի լեզվով: Ինչ վերաբերում է արտերկրում ներկայանալուն, կոմպոզիտորի խոսքերով. «Եթե ցանկանում են, ես դեմ չեմ՝ թող կատարեն»: Ռեպլիկին, թե իր մոնումենտալ գործերի համար «մոնումենտալ» միջոցներ են անհրաժեշտ, արվեստագետը պատասխանեց. «Ֆինանսական միջոցներն այնքան էական չեն: Մեր մշակութային քաղաքականության հիմքում դրված է ազգային մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման խնդիրը… Ինչու մեզ մոտ մշակութային շուկան չի զարգանում, որովհետեւ, ըստ էության, մեր երկիրը կադրեր է պատրաստում օտար մշակույթի համար (նկատի ունի արտերկրում ստեղծագործող նախկին հայաստանցի կոլեգաներին-Ս.Դ.): Մեր ուսումնական ծրագրի շրջանակներում էլ ազգայինը փոքր մաս է կազմում: Փաստորեն, մեր կադրերը ստանում են ավելի շատ եվրոպական կրթություն, ինչն էլ հեշտացնում է երաժիշտների արտահոսքն Արեւմուտք»:

Ազգային օպերային թատրոնի երաժշտական հարցերով խորհրդատու Աշոտ Բաբայանից հետաքրքրվեցինք մեր թատրոնում հայ կոմպոզիտորների գործերի կատարմամբ: «Օպերային արվեստը մեզ մոտ դարձել է էլիտար, մինչդեռ պետք է լինի դեմոկրատական: Միջնադարում՝ Իտալիայում օպերային ներկայացումների հաճախում էին նաեւ ստրուկները… Եթե արվեստը դառնում է էլիտար, ապա այն հայտնվում է ճգնաժամի մեջ: Մյուս կողմից էլ՝ մեզ մոտ էլիտար չի կարող լինել պարզ պատճառով. մեր հանդիսատեսի թիվը սահմանափակ է: Եթե մեզ մոտ պահանջ կա «Աիդա» բեմադրել, ուրեմն պետք է իրագործել այն, եթե, ասենք, Արմենուհի Կարապետյանի «Սուտլիկ որսկանը», ուրեմն դա պետք է բեմադրել: Այսինքն՝ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակական պահանջարկը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. ,,Հերոսապատում,, կանտատը դեռևս չեմ ներկայացրել, բայց հանձնաժողովի հարցը պարզվելուց հետո` կմտածեմ: Ա. Բաբայան

  2. -Արժե ներկայացնել… Զարուհի

  3. ,,Էլիտար,,-ը ընդունում եմ կամերային ժանրում: Լավագույն օրինակը` ,,Համերգներ ճեմասրահում,, համերգաշարն է: Ա. Բաբայան

  4. Վարդան says:

    <> կանտատը լսել եմ համերգում: Գտնում եմ, որ այն արժանի է ներկայացնել ՀՀ պետական մրցանակի: Վարդան

  5. Անահիտ says:

    ,, Հերոսապատում,, կանտատը իր արժանի տեղն է զբաղեցնում հայ երաժշտաարվեստում: Անահիտ

  6. ,, Հերոսապատում,, կանտատը հիանալի նվեր է Շուշիի ազատագրման փառավոր հաղթանակի 20 ամյակին: Աննա Առաքելյան

  7. I think that it is important to make a TV show for Ashot Babayan’s symphonies…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031