Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխիթարյան միաբանության» փողերը յուրացնողը դատապարտվեց

Օգոստոս 08,2013 13:09 Share

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի` Նորաշեն գյուղում հաշվառված. Երեւան քաղաքում բնակվող, 1974թ. ծնված Արտակ Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Մխիթարյան միաբանություն» ՀԿ Չորաթանի եւ Նորաշենի մասնաճյուղերի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ի տրամադրած գումարները յուրացնելու դիտավորությամբ, 2011թ. սեպտեմբերից «Մխիթարյան միաբանություն» ՀԿ Չորաթանի մասնաճյուղում հիմնված պարարվեստի խմբակի գործունեության դադարելու վերաբերյալ «Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ին չի հայտնել եւ մինչեւ 2012թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ՝ այդ ՀԿ ներկայացվող իր ֆինանսական հաշվետվություններում զետեղել է պարարվեստի խմբակի չեղած գործունեությունը եւ յուրաքանչյուր ամիս 32 հազարական դրամ, ընդհանուր 448 հազար դրամ է ստացել՝ որպես խմբակի ուսուցիչ Նվեր Խաչատրյանին վճարվելիք աշխատավարձ եւ այն յուրացրել;

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ա. Փայտյանը 2011թ մարտ ամսին Նորաշեն գյուղում հիմնել է « Մխիթարյան միաբանություն» ՀԿ կրթամշակութային մասնաճյուղ, որը գործել է մինչեւ 2012թ. մայիս ամիսը ներառյալ, որի գործունեության դադարեցման վերաբերյալ նա չի հայտնել եւ 2012-ի հունիսից մինչեւ 2012-ի հոկտեմբեր ամիսը ներառյալ « Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ից, չգործող 4 խմբակների ուսուցիչների համար, ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 87 հազար դրամ եւ այն յուրացրել: Բացի այդ, նա 2012թ. հունիս ամսից մինչեւ 2012- ի դեկտեմբեր ամիսը, ներառյալ` Չորաթանի մասնաճյուղի փաստացի չգործող խմբակի անվամբ « Մխիթարյան միաբանություն» ՀԿ-ից ստացել է ընդհանուր 133 հազար դրամ եւ այն վատնում կատարելու եղանակով վճարել շախմատի խմբակի ուսուցիչ, իր ազգակից Վոլոդյա Փայտյանին:

Նախկինում չդատված Ա. Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել պաշտոնական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով») եւ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Օգոստոսի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատական նիստում Արտակ Փայտյանը դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, ասելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է,ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը:

Դատարանը որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, անկեղծորեն զղջում է,պատրաստ է վերականգնել պատճառված վնասը, 3-րդ խմբի հաշմանդամ է , նրա խնամքի տակ են գտնվող անչափահաս երկու երեխաներ եւ կենսաթոշակառու մայրը:

Դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Փայտյանին մեղավոր ճանաչել վերոհիշյալ երկու հոդվածներով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով նրան դատապարտել է 550 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031