Այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի բժիշկ-փորձագետներ Էմմա Անախասյանը եւ Քնարիկ Գրիգորյանը խոսեցին Հայաստանում ձեռնարկությունների եւ բուժհաստատությունների հարեւանությամբ հայտնաբերված սնդիկի եւ դրա վնասների մասին:
Փորձագետ Քնարիկ Գրիգորյանն ասաց, որ արդեն 2 տարի է՝ զբաղվում են հետազոտություններով: «2 տարիների ընթացքում բավականին շատ հետազոտություններ ենք արել. հետազոտվել են պոլիկլինիկաները եւ հայտնաբերվել աղտոտվածության նշաններ, ճիշտ է նորմայից բարձր չեն, բայց կան: Աղբանոցում էլ ենք կատարել հետազոտություն, քանի որ գիտենք, որ ցերեկային լամպերը ոչ մեկը չի ուտիլիզացնում, այլ թափում է աղբամանում: Այդտեղ օդի աղտոտվածությունը հասնում է նորմայի սահմաններին: Հետազոտել ենք մաքուր երկաթի տարածքում օդի աղտոտվածության քանակը, այնտեղ նորմայից 1.5 անգամ բարձր է:
Դա էլ փաստում է այն, որ զոդման ընթացքում սնդիկ է արտանետվում շրջակա միջավայր: Հետազոտեցինք ԵՊԼՀ-ն ու պարզվեց, որ աստիճանավանդակների վրա ամենաբարձրն է ու նորմային գերազանցում էր 0.5 անգամ: Պատճառն այն է, որ այնտեղ ժամանակին հավաքել են ամբողջ համալսարանի լամպերը եւ ինչ-ինչ պատճառներով խախտվել է հերմետիկությունը եւ սնդիկը թափվել է»: Ըստ փորձագետի, հետազոտվել են նաեւ Վրաստանից, Բելառուսից, Հայաստան ներմուծվող կոսմետիկ նյութերը. «Եվ պարզվեց, որ օգտագործվել է բավական մեծ քանակությամբ սնդիկ: Կատարվել է ներկրված եւ արտադրված խաղալիքների մեծ հետազոտություն: Խաղալիքները ներկրված են եղել Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսիայից, եւ Ղազախստանից: Նորից հայտնաբերվել է սնդիկի առկայություն: Երեխաների համար կոսմետիկ միջոցների մեջ ևս հայտնաբերված է սնդիկ: Մենք խաղալիքների վերաբերյալ գրություններ ենք ուղարկել ե’ւ բնապահպանության նախարարություն, ե՛ւ մաքսատուն, ե’ւ՛ առողջապահության նախարարություն»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Փորձագետը նաեւ փաստեց, որ Հայաստանում արտադրվող խաղալիքները էկոլոգիապես մաքուր են:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































