Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն իր օրակարգում պետք է ունենա ԵՄ-ին անդամակցության հարցը»

Օգոստոս 21,2013 13:25

Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ պաշտոնական Երեւանը պետք է հետեւություններ անի ռուս-ուկրաինական «տնտեսական պատերազմից»

 

 
– Թեեւ հայաստանյան պատկան բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ նոյեմբեր ամսին պաշտոնական Երեւանը նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որոշակի քաղաքական շրջանակներում թերահավատությունը պահպանվում է: Դուք է՞լ մտավախություններ ունեք, որ վերջին պահին ՀՀ իշխանությունների համարձակությունը կարող է չբավարարել:

– Այսօր մեզ պակասում են լուրջ քննարկումներն այդ թեմայով. արդյոք ՀՀ իշխանությունները եւ քաղաքական ուժերն ի զորո՞ւ են առաջնորդվել բացառապես մեր պետության շահերով, այլ ոչ թե վախվորած քաղաքականություն վարեն, թե տվյալ պահին որքանո՞վ են մեր շահերը հակասում այլ պետությունների շահերին` անտեսելով բուն Հայաստանի շահը այս գործընթացում:

Առաջիկայում անհրաժետ ենք համարում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում խորը քննարկման առարկա դարձնել այս հարցը, որպեսզի հանրության համար էլ ավելի պարզ և հիմնավոր լինեն հնչեցվող կարծիքները, թե ի՞նչ կտա Հայաստանին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կամ ինչու չէ, չստորագրումը:

Խոսքը չի վերաբերում բուն փաստաթղթի պաշտոնական հրապարակմանը, այլ համաձայնագրի էությանը և բովանդակությանը ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, ինչը ապահովելու թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է: Միգուցե տեղեկատվության բացակայության պատճառով է, որ առաջանում է այս խառնաշփոթը: Բառացիորեն երբեմն այդ խնդրի կարեւորությունը ստորադասվում է, իսկ մինչ այսօր հնչած փաստարկները` թե դեմ, թե կողմ, հաճախ շատ պարզունակ են:

Օրինակ, ինքս շատ վտանգավոր եմ համարում այն տեսակետը, որը վերջերս հաճախ է շրջանառության մեջ դրվում, թե ՀՀ-ն գնալով ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ծրագրերի խորացմանը` վտանգում է իր անվտանգությունը: Այսինքն, որոշ քաղաքական և փորձագիտական շրջանակներ, դեռեւս փորձում են այս խնդիրը ներկայացնել բացառապես ՌԴ-ի տեսակետից` չվարանելով ասել, որ դա ձեռնտու չէ ՌԴ-ին ու Հայաստանը չպետք է գնա այդ քայլին: Ցավոք, այդ կապակցությամբ այդպես էլ փաստարկներ չեն ներկայացնում թե հենց Հայաստանին դա ի՞նչով է ձեռնտու կամ թե ինչով ձեռնտու չէ: Նման մակարդակով արտաքին քաղաքականության այդ կարևորագույն հարցին մոտենալ չի կարելի: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ՀՀ համար հնարավորություն է ստեղծում մուտք գործել ամենամեծ տնտեսական շուկան, և ճիշտ չեմ համարում այդ հարցը տեղափոխել զուտ անվտանգության համակարգի ոլորտ:

Օրինակ՝ Մեքսիկան և ԵՄ-ը դեռևս 2000թ. վավերացրել են Ազատ առևտրի պայմանագիրը, դրանով իսկ լուծելով զուտ տնտեսական խնդիր:

Իմ համոզմամբ, ՀՀ իշխանությունները պարտավորված լինելով առաջնորդվելու բացառապես Հայաստանի շահով` պետք է իրենց մեջ ուժ գտնեն և ստորագրեն ԵՄ Ասոցացման, ազատ, խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրերը: Դա Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ պայման է: Այստեղ նաեւ կարեւոր քաղաքական խնդիր կա. Հայաստանը գտնվելով շրջափակման մեջ եւ ունենալով ԼՂՀ-ի չլուծված հակամարտություն, չմիանալով այդ համաձայնագրերին` ինքն իրեն տնտեսական շրջափակման ուղու վրա կդնի: Այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալու ազատ տնտեսական մրցակցության դաշտ ստեղծելու, մեր հալումաշ եղած տնտեսական համակարգում նոր ռեսուրսների ներգրավվածության հարցեր լուծելու:

Հայաստանում իրավիճակի այդքան անհրաժեշտ փոփոխությունների գնալու համար միայն մեր ներքին ռեսուրսն այսօր բավարար չէ, այլապես, արդեն փոփոխություններ եղած կլինեին: Հետեւաբար, մենք, առանց այլեւայլությունների, պետք է այլ հնարավորություններ եւ ռեսուրսներ էլ ստեղծենք: Ես նկատի ունեմ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ շուկաների, ե՛ւ այսքան արագ տեմպերով զարգացող աշխարհում մրցունակ տնտեսություն ունենալու խնդրի կարևորությունը:

– Նկատի ունեք, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հեռանկա՞ր կլինի:

– Դա այլ հարց է եւ այլ հարթությունում է գտնվում: Բայց ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Հայաստանը պետք է բոլոր հնարավորություններն օգտագործի ու փակ սահմաններ չունենա: Սա տնտեսական սահմանների բացման հնարավորություն է: Հայաստանի վիճակում գտնվող երկրի համար` չլուծված հակամարտությունը, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, փակ սահմանները նշանակում են զարգացման լրջագույն խոչընդոտ, հնարարավորությունների սահմանափակում. ի՞նչ ձեւակերպում ուզում եք` տվեք: Բացարձակ տեղին չեմ համարում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խուրացումը բացառապես անվտանգության համակարգերի հարթություն տեղափոխելը:

Ավելի կոպիտ կարելի էր ձեւակերպել, բայց առայժմ մեղմ ասեմ` հայաստանյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները պետք է Հայաստանի շահից ելնեն, քան պրոեկտեն ռուսական, եվրոպական կամ արեւմտյան շահերը մեր քաղաքական դաշտում:
Այս առումով, առաջնորդվելով բացառապես սառը ու ծանրակշիռ հաշվարկներով, մենք մեր կարծիքը միշտ ենք ասել` մենք կողմնակից ենք ոչ միայն ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման եւ ինտեգրացիայի, այլ նաեւ Հայաստանն իր օրակարգում պետք է ունենա ԵՄ-ին անդամակցության հարց: Միգուցե այսօր շատերի համար դա ժամանակավրեպ թվա, բայց երեսուն տարի առաջ շատ քչերը կարող էին պատկերացնել, որ կարող են երկրներ փլուզվել եւ այսօր արդեն աշխարհի քարտեզի վրա չլինել: Իսկ աշխարհի ներկայիս զարգացման համատեքստում, Հայաստանի համար ամենահեռանկարայինը եւ նպատակահարմարը` Եվրոպայի լիարժեք անդամ լինելն է:

Իսկ այն մարդիկ, ովքեր խոսում են ԼՂՀ կոնֆլիկտից, պետք է մի բան հստակ գիտակցեն` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության երաշխիքը զարգացած եւ կենսունակ Հայաստան ունենալն է: Պետք է կարողանալ այնպիսի ճիշտ քաղաքականություն վարել, որ որեւիցե մեկի կամքից կախված չլինի Հայաստանի անվտանգության խնդիրը: Այս դասագրքային ճշմարտությունը միտումնավոր փակուղի մտցնելը, ասել, որ եթե խելոք չմնանք ռուսները մեզ կոչնչացնեն, պարզապես ստորացուցիչ է: Նման մտքեր հնչեցնելիս նախ պետք է հաշվի նստել պետության եւ հասարակության արժանապատվության հետ:
Բայց հույսեր կապել բացառապես Ասոցացման համաձայնագրի հետ եւ հույս տածել, որ դրա ստորագրմամբ Հայաստանը անմիջապես կզարգանա` այդպես չէ: Դա պարզապես անհրաժեշտ պայման է, որը հնարավորություն կտա լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, էֆեկտիվ կառավարվող պետություն ստեղծելու խնդիրները լուծել:

– Իրատեսական համարում ե՞ք, որ մինչեւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ՌԴ-ն խրախուսի ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի արկածախնդրությունը:

– Ես այն կարծիքին եմ, որ չի խրախուսի: ՌԴ-ն ինքն էլ խնդիրներ ունի: Այսօրվա աշխարհում, աշխարհաքաղաքական մեծ գործընթացները` պատերազմական օջախների առաջացում եւ այլն, միակողմանի տեղի չեն ունենում: Որեւէ գերտերություն, այդ թվում նաեւ ՌԴ-ն միանձնյա որոշումներ չի կարող կայացնել: Բացի այդ, ՌԴ-ն ունի Սոչիի օլիմպիադայի խնդիրը, որին աշխարհը կարծես միանշանակ չի արձագանքում: Ես չեմ կարծում, որ օլիմպիադայից առաջ ՌԴ-ին ձեռնտու կլինի մտնել նմանատիպ գործընթացների մեջ:

– Այն տնտեսական պատերազմը, որը ՌԴ-ն սկսել է Ուկրաինայի դեմ, Հայաստանին սպառնո՞ւմ է, մանավանդ, հայաստանյան տնտեսական շատ հզորություններ այժմ ՌԴ-ի ձեռքերում են: Ի դեպ, տարբեր տրամաչափի ռուս վերլուծաբաններն արդեն իսկ խոսում են Ուկրաինայի օրինակը ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառելու մասին:

– Այո, ցավոք, մինչ օրս Հայաստանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի տնտեսության կարեւորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները ՀՀ-ին չեն պատկանում: Դրանք պատկանում են ռուսական ընկերություններին, ու երբ մենք ժամանակին խոսում էինք այդ մասին, մեզ համարում էին հակառուսական: Զիջել ենք նաեւ անկախության կարեւորագույն ատրիբուտները, այդ թվում նաեւ անվտանգությունը, բայց աժմ ճիշտ պահն է սթափ մտածելու եւ ստեղծված իրավիճակից լուրջ հետեւություններ անելու, որպեսզի եվս մեկ անգամ չգնանք Հայաստանի ունեզրկմանը:

Կարծում եմ՝ ՌԴ-ն Հայաստանի հետ այնպես չի վարվի, ինչպես Ուկրաինայի: Ոչ թե այն պատճառով, որ մեր նկատմամբ ավելի բարի կգտնվեն: ՌԴ-ի եւ Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները այլ մակարդակի են, մեծ ծավալի են, կտրվելով ուկրաինական տնտեսությունից` ռուսաստանյան տնտեսությունն էապես կտուժի:

Բայց Հայաստանում, առավելեւս պետք է այս ամենից հետեւություններ անեն. գիտակցեն, որ այս ամենից ապագայում խուսափելու համար պետք է մեկ անգամ կարողանալ ուղղահայաց կանգնել, ողնաշարը ձիգ պահելով` առաջնորդվել բացառապես ՀՀ-ի շահերով: Ոչ ոք չի ասում, որ պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնել կամ դրանք ոչնչացնել: Իսկ եթե ՌԴ-ում մտածում են, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով ՀՀ-ն վտանգում է ՌԴ-ի հետ իր հարաբերությունները, նշանակում է մենք այդտեղ մտածելու լուրջ բան ունենք` մեր ռազմավարական հարաբերությունների որակի մասին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ռուսաստանը բոլորի դեմ երկու միջոց ունի` զենք եւ գազ…. գազն արդեն թանկացրել են մնաց զենքը….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031