Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա օրով եւ գրադարանի աշխատողը, եւ վարիչը, եւ հավաքարարը ստանում են նույն գումարը». Սուսաննա Սոսոյան

Օգոստոս 21,2013 19:39 Share

Շուրջ երկու տարի առաջ, երբ  անդրադարձանք մայրաքաղաքի գրադարաններում, առկա խնդիրներին, պարզվեց, որ մի շարք գրադարաններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մատնված են անուշադրության, սկսած շենքային վատ պայմաններից, մինչեւ՝ պայքար առնետների դեմ:

Նման պայմաններում էր գտնվում նաեւ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի №15 մասնաճյուղ`Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանը: Այսօր, նույն հաստատության վարիչ Սուսաննա Սոսոյանի հետ զրույցում պարզեցինք, որ այս տարիների ընթացքում որոշակի տեղաշարժ գրանցվել է, սակայն խնդիրներ դեռ կան: «Մինչև այսօր ջեռուցում չունեինք եւ միայն այս տարի տնօրենի գլխավորությամբ  քաղաքապետարանում ուշադրություն դարձրին այդ խնդրին, քանի որ այլեւս հնարավոր չէր նման սուղ  պայմաններում ջեռուցում ապահովել գրադարանում»,-ասաց Սուսաննան, նշելով, որ ի սկզբանե, հարցը դրված է եղել կամ վերանորոգում, կամ ջեռուցում:

IMG_0114

«Մեր տնօրենը առաջնահերթ ավելի կարեւոր խնդիր է համարել ջեռուցումը, քանի որ դրա բացակայությունը ազդում է, թե գրադարանում առկա գրքերի պահպանման, եւ թե աշխատողների առողջականի վրա»,-հավելելով, որ վերանորոգումը եւս իրենց ցավոտ կողմերից մեկն է: «Ասում են, թե առաջիկայում վերանորոգման աշխատանքներ կտարվեն, հույսեր տալիս են, տեսնենք»,-ասաց տիկին Սուսաննան:

IMG_0116

Գրադարանում  կար 34-35000 գիրք եւ անցյալ տարի տարվել են զտման աշխատանքներ, որն ըստ վարիչի` պայմանավորված է եղել պահանջարկի բացակայությամբ. «Ստացել էինք մեծ քանակությամբ գրքեր, որոնց օրինակները շատ էր, բայց պահանջարկը այդքան մեծ չէր: Մենք կարողացանք պահել գրադարանում մեր ընթերցողներին խիստ  անհրաժեշտ ֆոնդը, որն այսօրվա օրով մեծ պահանջարկ ունի»:

IMG_0119

Գրադարանը համալրվել է համակարգչով եւ առաջիկա ծրագրերի մեջ է մտնում գրադարանի ողջ ֆոնդը փոխանցել համակարգիչ եւ հատուկ ծրագրերով սպասարկումն ապահովել, սակայն այստեղ էլ թերացում կա. «Տվել են տեխնիկա, որն իր կարողություններով քիչ թե շատ չի համապատասխանում: Այն ֆոնդերը, որոնք պետք է մուտքագրվեն համակարգիչ, որոշակի ծրագրերի եւ հզորության հետ է կապված, որն էլ ծախսատար է եւ ֆինանսների հետ է կապված: Հույս ունենք, որ առաջիկայում կհարթվի այդ խնդիրները»:

Հաջորդ ամենացավոտ հարցերից մեկը դեռ շարունակում է մնալ աշխատավարձը: «Հուլիս ամսից 10 հազար դրամով բարձրացվեց՝ դառնալով 45.000 դրամ եւ ինձ համար շատ ցավալի է այդ մասին խոսել: Այսօրվա օրով եւ գրադարանի աշխատողը, եւ  վարիչը, եւ հավաքարարը ստանում են նույն գումարը. սա, իհարկե, ահավոր է, սոսկալի վիճակ է, բայց ունենք այն, ինչ-որ ունենք»,-ընդգծեց Սոսոյանը, հավաստիացնելով, որ ստանալով անգամ նվազագույն աշխատավարձ,  շարունակում են նվիրված աշխատել: «Մեր ցանկությունն է, որ գրադարանների նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Եթե տալիս են նվազագույն աշխատավարձը, սա արդեն ցույց է տալիս պետության վերաբերմունքը մշակույթային օջախների նկատմամբ»:

Տիկին Սուսաննան անդրադառնալով այն հարցին, որ հաճախ տարբեր առիթներով բարձրաձայնվում է, թե այսօրվա երիտասարդությունը գիրք չի կարդում, ասաց. «Ինչպես կարող է չկարդալ այսօրվա սերունդը, եթե գրադարանն այսօր ընթերցողների պահանջ չունի: Նույնիսկ մեր պայմանները չի ներում  սպասարկելու քաղաքակիրթ ձեւով այն ընթերցողներին, ովքեր նոր են գրանցվում, որոնց հետ պետք է անհատական ձեւով զրուցենք, ժամանակ հատկացնենք, հասկանանք, թե ինչ է ավելի շատ նախընտրում, այ սա մենք բավարարել չենք կարողանում: Երբ ընթերցողների հոսքը սկսվում է,  3-4 հոգով հնարավոր չի լինում սպասարկել, եւ այս տարի եւս մեկ աշխատողով համալրվեց գրադարանը: Գրադարան այցելում են եւ աշակերտները, եւ ուսանողները, էլ չեմ ասում թոշակառուների մասին: Ուրիշ բան, երբ գրադարանը չի կարողանում հետադարձ կապ հաստատել ընթերցողի հետ: Ժամանակի ընթացքում կարողացանք այդ կապը հաստատել եւ հասկանալ, թե մեր ընթերցողներին ինչ է հարկավոր:

Այն հետաքրքրությունները, որ այսօրվա ընթերցողն ունի, չունի 20 տարի առաջվա ընթերցողը. սա ուրիշ հարց է: Ես չեմ ասում, թե հիմա պահանջները քչացել են, այլ այսօր պահանջարկ ունեն այն գրքերը, որոնք գովազդվում են, օրինակ Պաուլո Կոելիո, գրքեր կան, որ տեղում չեն մնում, այնքան մաշված են: «Փարիզի աստվածամոր տաճարը» ես չեմ հասկանում, թե ինչու չի վերահրատարակվում, կամ, եթե վերահրատարակվում է, ինչու գրադարաններ չի հասնում: Մեծ պահանջարկ ունեցող գրքերը մարդիկ ցանկանում են կարդալ եւ մեկ-երկու անգամ մերժվելուց հետո, երրորդ անգամ չի դիմի գրադարան»,-ներկայացրեց վարիչը, նշելով, որ քիչ չեն եղել դեպքեր, երբ աշխատողներն իրենք են տնից գրքեր բերել, որպեսզի ընթերցող չկորցնեն:

Գրադարանում հաշվարկը սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից եւ երեկվա դրությամբ գրադարանում կար 1512 աբոնենտ, իսկ ընթերցասրահ` 720:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031