Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՊՆ քննչական ծառայության մասին որոշումը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը համարում է Հայաստանի արդարադատության դժբախտությունը:
«Նրանք, որոնք պատասխանատվության պետք է ենթարկվեին, հենց նրանց նկատմամբ դադարեցվեց հետապնդումը: Այդ հայտարարությունից հետո միայն քննիչը բարեհաճեց որոշումը տրամադրել ինձ, որը ոչ մի առնչություն չունի ո՛չ իրավաբանության, ո՛չ էլ տրամաբանության հետ»,-այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքերով, որոշման մեջ այնպես է ներկայացված, որ իբր մեքենայի մեջ ոչ թե Սուրիկ Խաչատրյանն ու իր թիկնապահն են ծեծել Ավետիք Բուդաղյանին, այլ միայն թիկնապահը՝ Զարզանդը, իսկ Սուրիկ Խաչատրյանը մեքենայի մեջ քնած է եղել. «Դեպքն այնպես է ներկայացվել, որ հարձակվողները և կրակողները եղել են Բուդաղյանները, այն դեպքում, երբ իրականում 11 կրակոց արձակվել է Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից, սակայն այս փաստի մասին որոշման մեջ ոչինչ ասված չէ: Սույն որոշման մեջ խեղաթյուրվել է գրեթե ամեն ինչ, որոշման մեջ անգամ չկան Արտակ Բուդաղյանի և այլ անձանց ցուցմունքները, միայն Էմիլ Բուդաղյանի ցուցմունքից մի հատված կա: Ամբողջ որոշումը հիմնված է եղել Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքի մի հատվածի հիման վրա»: Պարոն Ալումյանը նաեւ ասաց, որ պատրաստվում են բողոքարկել քննչական մարմնի որոշումը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ շարունակեց. «Եթե իրականում Սուրիկ Խաչատրյանի տան վրա հարձակում է եղել, ինչու իրավապահներին չեն դիմել: Հլը փորձեք ինքնապաշպանություն անել ու մարդ սպանել, տեսեք քանի տարի կտան: Սա շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է՝ անպատժելիության մթնոլորտն է, ապտակ է բոլորիս դեմքին»:
Կարդացեք նաև
Պարոն Ալումյանը անդրադառնալով Խաչատրյանների փաստաբան Ռուբեն Սահակյանի արձագանքին որոշման վերաբերյալ, թե մի անգամ ճշմարիտ բան են արել, ինչից լրագրողները անհանգստանում են, ասաց. «Համամիտ չեմ կտրականապես… մեր խոսակցությունները չպետք է լինեն այդ մակարդակի վրա, ինչպես լինում է մյուս կողմից: Մասնագիտական շրջանակներից պետք է դուրս չգանք, իսկ այն կողմից տեսնում եմ կարմիր գծից դուրս գալու նշաններ»:
Բուդաղյանների հայր Էմիլ Բուդաղյանն էլ հավելեց. «Համոզվեցի, որ էս քրեական հետապնդմամբ գործն ուղղորդված էր եւ այնպիսի խաղ կազմակերպեցին մեր նկատմամբ՝ ցույց տալու, թե քննչական գործունեություն է կատարվում, բայց մյուս կողմից էլ՝ Խաչատրյանների ընտանիքին պաշտպան կանգնեցին: Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը իր ղեկավարության տակ աշխատող իր քննիչին նշանակեց չորրորդ դատապաշտպան Սուրիկ Խաչատրյանի համար: Եվ ինչու չեմ կարող ասել, որ ինձ քսան օր հետո են իրավահաջորդ ճանաչում, որ ինձ ցույց չտան այն դատաբժշկական, փորձագիտական գործերին: Եթե ժամանակից շուտ ունենայի դատապաշտպան , շատ հարցեր կպարզաբանվեին:
Այս ամենի վերեւում կանգնած է վերադաս մարմինը, որ ողջախոհ չեն մտածում, թե հետագայում ինչեր կարող են սպասվել: Նրանք Սուրիկ Խաչատրյանի նման մարդկանց հրահրում են նոր հանցագործությունների: Ես պետականորեն եմ ուզում մտածել, որ պետությունը կպատժի, որ հասկանան` այսպես չի կարող շարունակվել: Ստեղծել եք էս պետությունը, որ վարի տա՞նք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































