Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր. «Չէ՞ որ մենք աշխատավարձ ենք ստանում`այդ թվում արտաքին քաղաքականություն իրականացնելու համար»

Սեպտեմբեր 16,2013 10:57

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս Երեւանում հայտարարեց, որ իրենք պատրաստ են Հայաստանի եվրաինտեգրումը շարունակել`այլ ձեւաչափերով: Մասնավորաբար, եվրոպացի չինովնիկը խոսեց նոր փաստաթղթի նախապատրաստման մասին .«Նախ առաջին՝ մենք լուրջ ենք, երբ ասում ենք, որ հարգում ենք մեր գործընկերների ազատ կամարտահայտությունը: Մենք նույնքան լուրջ ենք, երբ պայմաններ ենք սահմանում, պայմաններ ենք ստեղծում այդ ազատ կամարտահայտումը իրականություն դարձնելու համար: Երկրորդը՝ մենք մեր գործընկերների առջեւ դռներ փակելու գործով չենք զբաղված, եթե կա հետաքրքրություն եւ հավակնություն: Եվ երրորդը՝ եղել է շատ ինտենսիվ գործընթաց վերջին երեքուկես տարիներին: Մենք շատ բովանդակալից տեքստ ունենք, այդ տեքստը չի անհետանալու, մնալու է, պահպանվելու է նաեւ մեր կամքն ու պատրաստակամությունը՝ քայլելու դեպի մեր գործընկերները»: 

Այն ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք կողմ էին ԵՄ-ի հետ Ասոցացման, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրերի ստորագրմանը եւ ովքեր անցած օրերի ընթացքում նախատեցին նախագահ Սերժ Սարգսյանին`Հայաստանի դռները Եվրոպայի առջեւ փակելու համար, ոգեւորվա՞ծ են Եվրոպայի այս ոչ մերժողական դիրքորոշումից`Aravot.am-ի հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հորդորեց հարցն ուղղել իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի ներկայացուցիչներին:
Իսկ այլընտրանք ԲՀԿ-ն շարունակում է նեղսրտել, որ թվով երկրորդ քաղաքական ուժի հետ չի խորհրդակցվել Հայաստանի`Մաքսային միության անդամակցության որոշումը: Ուրիխանյանը պնդում է, որ այդ պարագայում իրենք նաեւ առաջարկներ կներկայացնեին, որոնց ընդունման արդյունքում մեր երկիրը շատ ավելի շահեկան վիճակում կլիներ, քանի հիմա է: «Թվով երկրորդ խմբակցության անդամները խորհրդարանական ձևաչափում լրջագույն արտաքին քաղաքականություն են վարում: Մեկը ես` ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական պատգամավորական խմբի անդամ եմ, զեկուցումներով եմ հանդես եկել, բազմաթիվ աշխատանքներ եմ իրականացրել: Եվ այդպես`մի քանի կոմիտեների, հերթով չթվարկեմ: Այո, Սահմանադրությամբ նախագահին վերապահված է որոշում կայացնելը, բայց արդյոք մեր կարծիքի ու գնահատականի անհրաժեշտությունը չկար, չէ՞ որ մենք աշխատավարձ ենք ստանում`այդ թվում արտաքին քաղաքականություն իրականացնելու համար»,- վրդովվեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Տիգրան Ուրիխանյանի համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչու՞ նման հապշտապ որոշում կայացվեց`ԵՄ-ի հետ տարիներ շարունակ բանակցելուց, այդ բանակցությունների վրա պետբյուջեից ահռելի եւ, փաստորեն, անիմաստ գումարներ ծախսելուց հետո: Իսկ որ Եվրոպայի հետ հսկայածավալ աշխատանք է կատարվել, բովանդակային եւ իրավական լուրջ փաստաթուղթ է ստեղծվել եւ, որ հիմա պետք է փորձ արվի այնուհանդերձ այդ հիմքի վրա ինչ-որ համագործակցության ձեւաչափ ստեղծել, ԲՀԿ մամուլի խոսնակի համար սպասելի էր: Բայց որ այն այլեւս չի ենթադրում այնպիսի ինտեգրում, ինչի մասին խոսվում էր տարիներ շարունակ, պատգամավորի համար ակնհայտ է:
Պատասխանելով լրագրողների հարցերին պարոն Ֆյուլեն ասել էր, որ իր հայ գործընկերները հավաստիացրել են, թե Հայաստանի վրա ճնշումներ չեն եղել Մաքսային միությանն անդամակցելու հարցում ու հեգնեց, որ ինքն ո՞վ է, որ չհավատա: Ինչպե՞ս ընկալեցիք այդ հեգնանքը`մեր հարցին ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ անդրադառնալ, մանավանդ այլ միջպետական միավորման ներկայացուցչի կողմից արված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30