Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, ռուսները ձեզ ի՞նչ են առաջարկել Մաքսային միությանը անդամակցելու դիմաց»՝ հարցրին Էդվարդ Նալբանդյանին

Սեպտեմբեր 13,2013 17:35

Եվրոպան, կարծես, դռները չի փակում Հայաստանի առջեւ

Երեւանում ընթացող Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում գերմանացի անկախ լրագրողը հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին այն մասին, որ Հայաստանը փաստորեն ընտրեց Մաքսային միությունը․ «Հայտնի է, որ ԽՀԱԱԳ համաձայնագիրը ստորագրելուց հետո նախատեսվում էր անցկացնել Դոնորների խորհրդաժողով, որը շատ մեծ ներդրումներ էր խոստանում, դուք դա մերժեցի՞ք՝ չնախընտրելով ԽՀԱԱԳ համաձայնագիրը․․․ Ձեր կառավարությունը հերքում է, որ կա ռուսական ճնշում, լավ՝ ռուսները Ձեզ ի՞նչ են առաջարկել Մաքսային միությանը անդամակցելու դիմաց», -հարցրեց լրագրողը։
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց․ «Խոսքը նրա մասին է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունների ծավալի մասին էր խոսվում նաեւ սեպտեմբերի 3-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների արած հայտարարության մեջ, որտեղ բավական խորը եւ լայն սերտ համագործակցության մասին է խոսվում՝ բոլոր հնարավոր բնագավառներում: Մենք ի սկզբանե՝ Արեւելյան գործընկերության նախաձեռնության բանակցային գործընթացի սկզբից եւ անգամ դրանից առաջ, միշտ ասել եք, որ մենք պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խորը, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան դա հնարավոր կլինի, բայց ոչ ի վնաս եւ ի հաշիվ՝ մեր դաշնակցային հարաբերությունների Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերվում է ԽՀԱԱԳ ստեղծման բանակցություններին եւ Դոնորների կոնֆերանսին, դրա կազմակերպման վերաբերյալ մենք խոսում ենք արդեն մոտավորապես չորսը տարի, իսկ ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունները սկսվել են միայն մեկ տարի առաջ, այսինքն՝ դա կապված չի եղել․․․ Եթե հիմա կապված է՝ ինչ-որ առումով, միգուցե: Բայց դա կապված չի եղել այդ բանակցությունների հետ։ Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խոսում ենք այն եղանակների, հնարավորությունների մասին, որպեսզի հիմնվելով այն ձեռքբերումների, այն մեծ առաջընթացի վրա, որը գրանցվել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ, որ հնարավորինս առաջ շարժվեն Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները»:
Գերմանացի լրագրողը հարց ուղղեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին այն մասին, թե կարծիք կա, որ իրականում Հայաստանը չի եղել ճնշման թիրախը, այլ սա միջոց էր Ուկրաինայի վրա ազդելու համար, ուստի, եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանում էլ ավարտվի այս թոհուբոհը, հնարավո՞ր է հայերը մտափոխվեն, այսինքն՝ Եվրոպան դուռը որքանո՞վ է փակել եւ կարո՞ղ է այն վերաբացվել:
Շ․Ֆյուլեն պատասխանեց․ «Նախ առաջին՝ մենք լուրջ ենք, երբ ասում ենք, որ հարգում ենք մեր գործընկերների ազատ կամարտահայտությունը: Մենք նույնքան լուրջ ենք, երբ պայմաններ ենք սահմանում, պայմաններ ենք ստեղծում այդ ազատ կամարտահայտումը իրականություն դարձնելու համար: Երկրորդը՝ մենք մեր գործընկերների առջեւ դռներ փակելու գործով չենք զբաղված, եթե կա հետաքրքրություն եւ հավակնություն: Եւ երրորդը՝ եղել է շատ ինտենսիվ գործընթաց վերջին երեքուկես տարիներին: Մենք շատ բովանդակալից տեքստ ունենք, այդ տեքստը չի անհետանալու, մնալու է, պահպանվելու է նաեւ մեր կամքն ու պատրաստակամությունը՝ քայլելու դեպի մեր գործընկերները»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է մինչեւ նոյեմբեր մշակել մի նոր փաստաթուղթ, որը կստորագրվի վիլնյուսյան գագաթնաժողովում, Ֆյուլեն պատասխանեց ՝ երկու մասեր են մեկ համաձայնագրում, չկա՝ երկու համաձայնագիր, ինչը բանակցվել է հայ գործընկերների հետ՝ ամբողջության մեջ։ «Ինչ վերաբերում է Վիլնյուսին, ապա ես շատ թերահավատ եմ, թե կկարողանանք մինչեւ վիլնյուսյան գագաթնաժողովը ինչ-որ բան հասցնել», – նշեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը՝ հավելելով․ «Խոսքը շատ լուրջ պարտավորություններով իրավական փաստաթղթի մասին է, այնպես որ, ես հույս ունեմ, որ Վիլնյուսի գագաթնաժողովը կծառայի որպես այս գործընթացի մեկնարկ»:
Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, նա նկատեց․ «Ասոցացման համաձայնագիրը եւ ազատ առեւտրի պայմանագիրը կապված են միմյանց հետ, դուք չեք կարող դրանք տարանջատել»:
Շտեֆան Ֆյուլեն նշեց նաեւ, որ Երեւան է եկել հայ գործընկերների ցանկություններն ու նախապատվությունները լսելու. «Եվ եթե նրանք ցանկանան այդ նոր իրավական շրջանակը տեսնել, որը ավելի առաջ կտանի, քան գործող համաձայնագիրը՝ մենք շատ ուրախ կլինենք այդ գործընթացի շուրջ աշխատել»։ Հանձնակատարը կրկնեց, թե որքանով դա կհաջողվի մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը՝ կասկածում է, քանի որ խոսք է գնում լուրջ իրավական փաստաթղթի մասին:
Նա, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ վիլնյուսյան գագաթնաժողովը կօգտագործվի, որպեսզի տա այդ գործընթացի մեկնարկը․ «Հայաստանի առումով, մենք դեռ քննարկում ենք, բանակցում ենք» :

Այն հայտարարությունը, որը արվեց՝ Հայաստանն այլեւս ի վիճակի չի լինի նախաստորագրելու համաձայնագիրը, որի շուրջ մենք բանակցել ենք երեքուկես տարի, այնուամենայնիվ նշեց Շտեֆան Ֆյուլեն՝ հավելելով․ «Ես շատ բաց մտքերով եմ եկել՝ հասկանալու, պարզելու, թե որոնք են հայ գործընկերների հավակնությունները Վիլնյուսի գագաթնաժողովի նկատմամբ։ Ես կարող եմ ասել, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն ունի՝ հիմնվելով առկա ձեռքբերումների վրա, հետաքրքրություն ունի ոչ միայն շարունակելու, այլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը, օրինակ՝ պատշաճ կառավարման, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովուրդների միջեւ շփումների, մարդկանց տեղաշարժի բնագավառներում: Մենք պատրաստ ենք խոսել, քննարկել հնարավոր գաղափարներ, թե ինչպես են պատկերացնում մեր հայ գործընկերները մեր հարաբերությունների իրավական ապագա շրջանակը»:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30