«Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք» նախաձեռնությանն ընդառաջ` «Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ-ն օրերս «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի աջակցությամբ Վանաձորում կազմակերպել էր «Արմենիան Սթյուդենթս ֆոր Լիբերթի» առաջին ամենամյա կոնֆերանսը եւ շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխությունը:
Կոնֆերանսը նվիրված էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը:
«Ուսանողները եկել են ձեռք բերելու առաջնորդական հմտություններ երիտասարդական նախաձեռնողական խմբերի ստեղծման գործում, ունկնդրել հետաքրքիր դասախոսություններ ազգային եւ միջազգային դասախոսների մասնակցությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ նախագահ Աննա Մարտիրոսյանը` հավելելով, որ Կոնֆերանսի արդյունքում ակնկալում են նոր նախաձեռնություններ հենց կոնֆերանսի մասնակիցների կողմից, ինչը կխրախուսվի նաեւ դրամաշնորհներով:
Ըստ նրա` թեեւ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դեռեւս կայացման փուլում է, այնուամենայնիվ, նախորդ տարիների համեմատ` այն զարգացման այլ փուլ է թեւակոխել:
Կարդացեք նաև

«Դա հնարավորություն կտա հայ երիտասարդին լինելու ավելի ակտիվ, հանդես գալ նախաձեռնություններով, պաշտպանել իր իրավունքները եւ հետամուտ լինել, որպեսզի դրանք չխախտվեն: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք ծրագրում ներգրավել նաեւ մարզերի երիտասարդներին»:
«Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը մեծ թափ է ստացել:
«Ակնհայտ է, որ վերջին տարիներին, մասնավորապես թե մարզերում, թե Երեւան քաղաքում քաղաքացիական հասարակության զարգացումը այլ ընթացք, մեծ թափ է ստացել եւ գնալով ավելի զարգանում եւ կայանում է, դրան նպաստող բազմաթիվ գործոններ կան, եւ, միեւնույն ժամանակ, կա դրա պահանջարկը»,-ասաց Մենուա Բրուտյանը` նկատելով, որ նմանատիպ միջոցառումները, սոցցանցերի առկայությունը, եվրաինտեգրման գործընթացն արդեն իսկ նպաստավոր պայմաններ են քաղաքացիական հասարակության զարգացման հարցում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ


















































