
Լրագրողը ցավով նշում է, որ այսօր մամուլը իրադարձություն ստեղծելու փոխարեն, ինքն է գնում իրադարձության հետևից: «Կուզենայի, որ լրատվամիջոցները մի քիչ լրջությամբ մոտենային նյութերին, էդ ջրիկությունը, սենսացիաների հետևից գնալը չափազանց շատ է , լրատվամիջոցը ինքը պետք է իրադարձություն ստեղծի, որ հասարակությունը մեր հետևից գա: Միգուցե դրա ժամանակը չեն ունենում լրագրողները կամ դրա պահանջը չկա, բայց դա է լրագրության զարգացման հեռանկարը:
Ինձ զարմացնում է, անուններ չտամ, որոշ քաղաքական գործիչներ ասուլիս են հայտարարում, ես հաստատ չէի գնա նման մակարդակի իրադարձության, չգիտես ինչ են հայտարարում, ինչեր են ասում, ենթադրություններ են անում, վաղը հենց այդ նույն մամլո սրահում պարզվում է, որ նրա ասածները ոչ մի հիմք չունեն:Մի քիչ լրջությունն է պակասում, մեր մամուլին» ,- ասում է Համլետ Մոսինյանը:
Թեև ըստ լրագրողի, ամեն մի իրադարձության հետևից գնալն ու այսպես ասած ջրիկանալն էլ ունեն իրենց օբյեկտիվ պատճառները: Լրագրողի մեկնաբանմամբ, քանի որ նախորդ հասարակարգում եղել ենք խեղդված վիճակում, այժմ զսպանակը միանգամից բաց թողնվեց, ու ազատությունը ինչ-որ տեղ վերածվեց սանձարձակության: Սակայն, ըստ Համլետ Մոսինյանի, սա ինքնըստինքյան մաքրվող երևույթ է, ժամանակավոր բնույթ է կրում, և երբ Հայաստանում կայունանա քաղաքական ու տնտեսական վիճակը, կվերանա նաև մամուլում տիրող խառնաշփոթ վիճակը: Լրատվամիջոցները որոշ ժամանակ անց կհասկանան, որ շեշտը չպետք է դնել այս կամ կուսակցության կամ իշխանության PR-ին, այլ միայն հավասարակշռության վրա:
Կարդացեք նաև

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































