Լրահոս
Օրվա լրահոսը

Զորականը մեզնով էլ է զորավոր. արցախցի ընտանիքը Հայաստանի գյուղում

Ապրիլ 11,2024 14:00

Հայաստանի ծայրամասային՝ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զորական գյուղ կատարած իմ այցելության նպատակը բռնատեղահանված արցախցիների կյանքի պայմաններին, կարիքներին եւ ընդհանուր վիճակին ծանոթանալն ու այդ մասին պատմելն էր։

Իմ առաջին հանդիպումը համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանի հետ էր: Ճակատագրի բերումով գյուղի հիմնական բնակիչները եւս բռնատեղահանվածներ են: Նրանք մեր պատմական Չարդախլու գյուղի տասնյակ հայերն են՝ մարշալ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի համագյուղացիները: Ահա թե ինչու են համայնքապետարանի վարչական շենքի դիմաց կանգնեցված այդ նշանավոր հայ զորավարների կիսանդրիները: Ներկա պահին գյուղն ունի 1350 բնակիչ, որոնցից 100-ը (թվով՝ 34 ընտանիք) Արցախից 2023-ին տեղահանված ընտանիքներն են: Արցախցի 5 երեխա հաճախում է մանկապարտեզ, իսկ 32-ը՝ դպրոց:

 


Համայնքի ղեկավարն ասում է` տեղահանված արցախցիներից ոմանք արդեն զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ ցանկացողներին վարձակալությամբ վարելահող են հատկացրել, տարածքներ տրամադրել։ Մի խումբ անհատներ բարեգործական որոշակի ծրագրերից օգտվելու հայտ են ներկայացրել։ «Նշեմ, որ շատ կարճ ժամանակում նրանք ներառվեցին եւ միաձուլվեցին մեր գյուղի կյանքին: Նրանք բոլոր իրավունքներով հավասարեցված են համայնքի անդամի կարգավիճակին»,- ասում է համայնքի ղեկավարը:

Հաջորդ օրը հանդիպեցի Գրիգորի Բաղրյանի հետ, որն Արցախի Գիշի գյուղից է: Գրիգորին ասում է, որ իրեն որոշ չափով մխիթարված է զգում, որ Զորական գյուղի բնությունը զգալի չափով նման է իր ծննդավայրի բնությանը՝ աճում են նույն բույսերն ու ծառերը, մարդիկ նույնչափ բարի են, խելացի ու գործունյա, հյուրասեր եւ աշխատասեր, մեկը մյուսին աջակից…

«Ես այստեղ ինձ համայնքի լիարժեք անդամ եմ համարում: Եթե սկզբի օրերին ինձ անծանոթի կամ հյուրի կարգավիճակում էի զգում, ապա այժմ  լիովին ապրում եմ գյուղի կյանքով,-պատմում է Գրիգորին,- Արցախից տեղահանվել եմ սեպտեմբերի 30-ին: 2 օր ու գիշեր ընտանիքով մեքենայիս մեջ ենք եղել՝ սոված, ծարավ, հոգնած, մայրս՝ վատառողջ վիճակում, տագնապահար, սարսափահար… Մեր գյուղից մինչեւ Տավուշի մարզի Զորական գյուղն ընկած գաղթի ճամփան ինձ համար մի դառն երազ էր, որը իրականում տեւեց 2 օր, սակայն այն չի ավարտվել եւ ամենօրյա մղձավանջի պես այցի է գալիս ինձ՝ անքուն ու մռայլ գիշերվա տեսքով»:

Ապա շարունակում է. «Սկզբում մի քանի օր մնացի Գորիսում, հետո եկա այստեղ՝ իմ հին հարեւան Սամվել Գրիգորյանի հորդորով: Ուզում էի գյուղից գոնե մի հարեւան ունենայի նոր բնակավայրում: Այժմ այստեղ Սամվելենց բազմանդամ ընտանիքի հետ ապրում ենք կողք կողքի՝ հարեւանությամբ: Բացի Սամվելից, այստեղ շուրջբոլորս լավ հարեւաններ են՝ բարի ու սրտացավ մարդիկ: Մեր գալու առաջին իսկ օրվանից նրանք հոգատարությամբ են շրջապատել մեզ: Ով ինչով կարողացել, օգնել է: Ընդհանրապես, զորականցիների վերաբերմունքը մեր հանդեպ շատ ջերմ է եւ տրամադրող: Մարդիկ մեզ հրավիրում են իրենց օջախներում կատարվող ուրախ արարողություններին, իսկ տխուր առիթների դեպքում ինքներս ենք գնում՝ նրանց սփոփելու, վշտակցելու»:

Ինչ վերաբերում է ապրուստի միջոցներին՝ Գրիգորին նշում է. «Պետության կողմից տրամադրվող աջակցությունները ստանում ենք ժամանակին, բայց կցանկանայի, որ է՛լ ավելի ճիշտ գնահատեին կարիքները, որպեսզի միեւնույն ապրանքը միեւնույն ընտանիքին մի քանի անգամ չտրամադրեն, երբ կարիք կա այլ ապրանքի, գույքի: Այ, օրինակ, մի քանի անգամ վերմակ ու տեղաշոր են տրամադրել, մինչդեռ մենք կարիք ունենք սառնարանի (մանավանդ, որ եղանակները տաքանում են) եւ լվացքի մեքենայի: Ինչպես տեսնում եք, այս տան վիճակը, որի մեջ ապրում է իմ ընտանիքը, շատ հեռու է բարվոք լինելուց: Ապրում ենք մի սենյակի մեջ, որը միաժամանակ նաեւ որպես խոհանոց է ծառայում: Չունենք ննջասենյակ, բաղնիք, սանհանգույց եւ այլն: Այս տուն գալու պահին այստեղ անգամ այս վիճակը չկար: Ես ինքս՝ իմ խնայած սուղ ֆինանսական միջոցներով սենյակներից մեկը բարելավել եմ եւ մի կերպ նվազագույն պայման ստեղծել ընտանիքիս համար: Անչափ գոհ եմ այս տան տիրոջից՝ տունը ազատ տնօրինելու իրավունք տալու եւ իր հնարավորության սահմաններում աջակցելու  համար… »:

Զորական գալու առաջին իսկ օրվանից Գրիգորին սկսել է աշխատել: Արդեն մի քանի ամիս է՝ ամեն առավոտ գնում է գյուղի դաշտերը, այնտեղից տարբեր տեսակի կանաչեղեն քաղում, մի որոշ մասն էլ շուկայից գնում եւ տանը մոր հետ ժենգյալով հաց թխում: Սկզբնական շրջանում տեղի բնակչությունը չգիտեր՝ ինչ է դա, սակայն օրեցօր, համտեսելով տեղական բույսերով պատրաստված արցախյան ժենգյալով հացը, նրանց մոտ պահանջարկ առաջացավ: Հիմա նա ամեն օր մոտ 50 ժենգյալով հաց է պատրաստում ու առաքում Նոյեմբերյանի տարբեր խանութներ ու հաստատություններ, մի մասն էլ գյուղում է վաճառում: Համայնքի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել Գրիգորիին փոքր արտադրամաս-խանութ կառուցելու համար տարածք տրամադրել եւ օգնել գույք ու անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու հարցում։ Գրիգորին մտադիր է նաեւ տնամերձ տարածքում  զբաղվել հավաբուծությամբ եւ խոզաբուծությամբ:

Հնարավոր չէ մտնել Գրիգորիի տուն եւ այնտեղ չտեսնել իր արցախցի հարեւանցիներից որեւէ մեկին: Մայրը՝ տիկին Շուշանը, իր հյուրասեր էությանը հավատարիմ, սեղանը միշտ բաց է պահում բոլորի առաջ: Իմ այցելությունից մի ժամ անգամ չէր անցել, երբ ներս մտավ իր հին հարեւանը՝ Սամվելը: Սամվելի հրավերով հաջորդ օրն էլ այցելեցի իրենց տուն։

Սամվելի ընտանիքի ապրելու պայմանները համարյա նույնն էին, բայց  այստեղ կա բաղնիք, առանձին խոհանոց եւ  երկու ննջասենյակ: Հաշվի առնելով ընտանիքի մեծ լինելու  հանգամանքը, նրանց  տրամադրվել է լվացքի մեքենա եւ սառնարան, որը, ըստ ծայրահեղ անհրաժեշտության, օգտագործվում է երկու ընտանիքների կողմից: Հինգ անչափահաս երեխա կա այս ընտանիքում: Օջախի հարսը՝ Հեղինեն, ամեն օր աշխատանքի է լինում հացի արտադրամասում, բացի դրանից՝ գյուղում կատարում է ամենատարբեր աշխատանքներ, հասցնում է զբաղվել  նաեւ իր բոստանով։ Սամվելի մայրը՝ տիկին Ռոմելան, որը ողջ կյանքն  Արցախում նվիրել է գյուղատնտեսությանը, այստեղ ստիպված է զբաղվել տնային գործերով եւ երեխաների խնամքով, որովհետեւ Հեղինեն օրվա մեծ մասը տանը չի լինում: Երեխաների հայրը եւս հաճախ չի լինում տանը, տարբեր աշխատանքներով փորձում է թեթեւացնել ընտանիքի հոգսը:

Գրիգորյանների ընտանիքի զավակները մանկուց են զրկվել հորից: Սամվելի հայրը՝ Ռոմիկ Գրիգորյանն արցախյան պատերազմում է զոհվել՝ 1992-ին, Մարտունու պաշտպանության դիրքերում: Ողջ կյանքում  Սամվելը մոր եւ եղբոր հետ չարչարվել է՝ ապրուստի միջոց վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար: Նրանք Գիշի գյուղում թողել են տուն ու տեղ, այգի, վարելահող, թռչունների եւ տարբեր անասունների մեծ գլխաքանակ: Սակայն նրանց համար ամենասուրբ կորուստը հոր գերեզմանն է, որին այցելելու հնարավորություն ոչ ոք չգիտի՝ կլինի՞, թե՝ ոչ:

Արցախի Գիշի գյուղից տեղահանված այս երկու ընտանիքների տավուշյան կյանքի դժվարությունների մասին երկար զրուցելու կարիքը չկար. ամեն ինչ ակներեւ էր: Բոլորին ամենաշատը հուզում էր մի հարց՝ երբեւէ հնարավոր կլինի՞ վերադառնալ պապենական օջախները: Լինելով արցախցի եւ  նրանց համագյուղացին, մեր զրույցի ընթացքում ասում էի խոսքեր, որոնց ինքս էլ դժվար էի հավատում, բայց փորձում էի սփոփել նրանց: Նրանց նայելով՝ ես հեռվում մնացած իմ գյուղն ու գյուղացիներին եմ մտաբերում, որոնք հիմա սփռված են Հայաստանի տարբեր անկյուններում: Նրանց ոգու հարատեւման մասին է վկայում մեր զրույցի ընթացքում, կարծես թե նրանց անունից ասված, Գրիգորիի խոսքը. «Ես ստեղ ապրում ում ու, եթե պետք ինի, կքինամ սահմանը կպաշտպանիմ: Էս շենը, վեր անունը Զորական ա, ինձանավ էլ ա զորական, այսինքն՝ զորավոր…»:

Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930